Արդեն տեղեկացրել ենք, որ «Միսս աշխարհ 2018» մրցույթում Հայաստանը կներկայացնի Արենա Զեյնալյանը, իսկ «Միսս տիեզերքի» այս տարվա հայ մասնակիցը Էլիզա Մուրադյանն է: «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի խորհրդի նախագահ եւ հիմնադիր, «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009» մրցույթների հաղթող, գեղեցկուհի Գոհար Հարությունյանը դիմել էր գեղեցկության միջազգային մրցույթներ եւ ստացել դրանք Հայաստանում անցկացնելու լիցենզիա: Իսկ ի՞նչ են տալիս գեղեցկության մրցույթները մեր երկրին, որքանո՞վ են դրանք կարեւոր, եւ որքանո՞վ ենք մենք պատրաստ դրանցում հաջողություն գրանցել. այս եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Գոհար Հարությունյանի հետ:
-Գոհա՛ր, ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք ստանձնել այդ գործունեությունը: Հայաստանի համար մասնակցությունը գեղեցկության միջազգային մրցույթներին անհրաժեշտությո՞ւն է:
-Այո՛, հենց այդ անհրաժեշտությունը գիտակցելով էլ մեկնարկեցի նախագծերի վրա աշխատանքը: Նախ շեշտեմ, որ գեղեցկությունն ամբողջ աշխարհում արդեն ընկալվում է 90-60-90 չափանիշից դուրս: Ինտելեկտը եւս բավարար չէ գեղեցկուհուն: Ազգային մրցույթի յուրաքանչյուր հաղթող պետք է իր երկրում եւ աշխարհում լինի բարի կամքի դեսպան եւ կարողանա գեղեցկուհու տիտղոսն օգտագործել բարի գործերի համար: Օրինակ՝ «Միսս աշխարհ»-ի մասնակիցներն իրենց ընձեռված ժամանակահատվածում բարձրաձայնում են իրենց երկրում առկա խնդիրների մասին, փորձում են դրանց տալ լուծումներ, խոսում են նաեւ խնդիրների մասին, որոնք առկա են ամբողջ աշխարհում: Բարեգործական առաքելությունը եւս շատ կարեւորվում է: Իսկ «Միսս տիեզերք»-ի դեպքում շեշտը դրվում է կնոջ համարձակության եւ նրա իրավունքների պաշտպանության վրա: Այս դեպքում գեղեցկուհու քարոզչությունը պետք է վերաբերի նաեւ առողջ եւ գեղեցիկ կառուցվածք ունենալուն, կնոջը տարբեր ոլորտներում որպես շարժիչ ուժ դիտարկելուն եւ այլն: Միջազգային փորձագետներն ասում են, որ «Միսս տիեզերքի» մեր մասնակցի՝ Էլիզայի առումով ճիշտ ընտրություն ենք կատարել: Արենան էլ իր հերթին շատ լավ գիտակցում է, թե որոնք են իր առջեւ դրված հանձնարարականները: Նա, ի դեպ, ընտրվել է նաեւ որպես «Միսս համերաշխություն»:
-Ըստ Ձեզ՝ հայ գեղեցկուհիներն ինչո՞վ են առանձնանում աշխարհի մյուս գեղեցկուհիներից:
-Առհասարակ, հայ կանայք առանձնանում են ընտանիքին անմնացորդ նվիրվելով: Արդյունքում նրանք մոռանում են իրենք իրենց մասին: Բայց չէ՞ որ յուրաքանչյուր կին, որը հոգ է տանում իր արտաքինի, առողջության եւ գեղեցկության մասին, ավելի է երջանկացնում շրջապատին: Հայ կանայք հաճախ ասում են. «Ես հեչ, կարեւորը երեխաներս լավ լինեն»: Այս մտածելակերպը շատ խնդիրներ է հարուցում: Գեղեցկուհիները մեր կանանց պետք է սովորեցնեն հետամուտ լինել իրենց նպատակներին, պետք է սովորեցնեն թույլ չտալ իրենց կանգնեցնել չպատճառաբանված արգելքների առջեւ: Դա բռնության դրսեւորում է կնոջ նկատմամբ: Եթե կինը բռնի ինքնակերտման եւ կայացման ճանապարհը, մենք կունենանք նաեւ առողջ հասարակություն: Շատ է խոսվում այն մասին, որ կանայք այս կամ այն բանից իրենց զրկում են սոցիալական ծանր կացության պատճառով, բայց, հավատացեք, ես կարող եմ բերել տասնյակ օրինակներ, որոնց դեպքում շատ ապահով կյանքով ապրող կանայք պարզապես հոգ չեն տանում իրենց մասին:
-Մշակույթի նախարարությունը մրցույթների կարեւորման հարցում անելիք ունի՞:
-Իրականում մենք մեր գործունեությունը սկսել ենք մշակույթի եւ սփյուռքի նախարարությունների աջակցությամբ, բայց հիմա մենակ ենք մնացել: Փորձում ենք հասկանալ՝ նախարարությունները մե՞զ հետ են, թե՞ ոչ: Կցանկանայի, որ նման մրցույթները պետական մակարդակով խրախուսվեին, հենց թեկուզ այն բանի համար, որ դրանք մեծապես նպաստում են նաեւ տուրիզմի զարգացմանը:
Աննա Բաբաջանյան