Պատգամավորն այգի է մտել` պարսպի վրայից ցատկելով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն օրերս Երեւանի բուսաբանական այգուց ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել էր այնտեղ տիրող իրավիճակին: Ըստ Սիմոնյանի, Բուսաբանական այգում ահռելի տարածքներ անպատի են վերածվել, առանց ջրի, աղտոտված վիճակում են:
Քիչ առաջ ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի գիտական կոլեկտիվն արձագանքել է Սիմոնյանի հրապարակած տեսանյութին` նշելով. «ԱԺ պատգամավոր Ա. Սիմոնյանի գործողությունները գնահատում ենք ոչ հարիր իր ներկայիս կարգավիճակին: ՀՀ Կառավարությունը ներկայացնող քաղաքական ուժի անդամ պաշտոնատար անձին վայել կլիներ մուտք գործել այգի կենտրոնական մուտքից, խորապես ծանոթանալ առկա հիմնախնդիրներին և իր աջակցությունը ցուցաբերել դրանց լուծման գործում: Դրա փոխարեն վերջինս ցատկելով այգու ցանկապատի վրայով մուտք է գործել ներս, ընտրել այգու առավել խոցելի հատվածը և անհիմն մեկնաբանություններ պարունակող տեսանյութ տեղադրել ֆեյսբուք սոցիալական ցանցում: Հավելենք, որ ոչ վաղ անցյալում, լինելով Երևանի ավագանու անդամ, նա երբևէ պաշտոնապես չի ցուցաբերել հետաքրքրություն Բուսաբանական այգու խնդիրների վերաբերյալ: Անգամ տեղյակ չէր, որ այն Երևանի քաղաքապետարանին ենթակա հաստատություն չէ: Երևանի Բուսաբանական այգին (1935 թ., 80 հա) հանդիսանում է ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի կառուցվածքային գիտափորձարարական ստորաբաժանումը»:

Միաժամանակ, այգու կոլեկտիվը նշել է, թե այգում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք հիմնականում պայմանավորված են թերի ֆինանսավորմամբ: Մասնավորապես Երևանի, Վանաձորի և Սևանի բուսաբանական այգիների (մոտ 100 հա ընդհանուր տարածքով) խնամքի և պահպանության մասնաբաժինը պետբյուջեյից ստացվող հատկացումներում կազմում է տարեկան մոտ 30 մլն. դրամ, ինչը 10 անգամ նվազ է անհրաժեշտ գումարից: Չնայած դրան միայն այս տարի Երևանի բուսաբանական այգում տնկվել է շուրջ 700 ծառ, տեղադրվել են նստարաններ և աղբամաններ»:

Հ.Գ. Ի դեպ, տեղեկացնենք, որ բուսաբանական այգու տոմսի արժեքն ընդամենը 300 դրամ է:




Լրահոս