«Փաստ» օրաթերթը գրում է.Հանրապետության հրապարակում օգոստոսի 17–ին հանրահավաք է սպասվում, որի առանցքում է լինելու Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրը: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը հանրահավաքի կազմակերպման առումով այլ պատճառներ էլ է տեսնում:
«Նախ` վերջին շրջանում բավականին սրվեցին հայ–ռուսական հարաբերությունները: Այսօր էլ Կրեմլին մոտ գտնվող ինֆորմացիոն ռեսուրսները Հայաստանի իշխանությունների վերաբերյալ բավականին քննադատական հոդվածներով են հանդես գալիս: Իմ կարծիքով` արտաքին քաղաքականության տեսանկյունից այս հանրահավաքը Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է հետևյալով. նա ցանկանում է Եվրոպային ու հատկապես Ռուսաստանին ցույց տալ, որ ժողովուրդը կանգնած է իր թիկունքին, և ի տարբերություն նախորդ իշխանությունների` ինքն ունի ժողովրդի վստահությունը: Իսկ հանրահավաքի ներքաղաքական բաղադրիչը մի քանի նպատակներ է ենթադրում: Առաջին` այդ հանրահավաքով ազդարարվում է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը: ՔՊ–ն արդեն ունի իր թեկնածուն և նրանք արդեն սկսել են ակտիվորեն PR անել նրան: Երկրորդ` Նիկոլ Փաշինյանն այս հանրահավաքի միջոցով ուզում է տեսնել, հասկանալ, թե 100 օր անց արդյոք վայելո՞ւմ է ժողովրդի համակրանքը, թե` ոչ: Սա շատ մեծ փորձաքար կլինի նրա համար: Եթե ժողովրդի քանակը քիչ լինի, ինքն արդեն խնդիրներ կունենա: Երրորդ` Նիկոլ Փաշինյանը կցանկանա այդ հանրահավաքով կրկին ստանալ ժողովրդի վստահությունը: Վերջին շրջանում ԱԱԾ–ի և ոստիկանության գործողությունները համընդհանուր նույն արձագանքները չստացան: Եղան և՛ հրճվանքով արձագանքողներ, և՛ քննադատողներ: Հիմա Նիկոլ Փաշինյանին պետք է, որ նույն գործելաոճը շարունակելու համար ժողովուրդն իր «դաբրոն» տա: Չորրորդ պատճառն այն է, որ այս 100 օրերի ընթացքում, պայմանավորված հիմնականում օբյեկտիվ և շատ քիչ սուբյեկտիվ պատճառներով, իշխանությունները չկարողացան շատ մեծ ձեռքբերումներ ունենալ սոցիալ–տնտեսական ոլորտներում»,–«Փաստ»–ի հետ զրույցում նշեց քաղաքագետը` հավելելով, որ թավշյա հեղափոխությունից շատ կարճ ժամանակ է անցել, և իշխանություններն այլ բան չունեն ասելու, քան այժմ իրականացվող գործողություններն են:
«Խոսքը կոռումպացված, օրինախախտ անձանց ձերբակալումներն են, կալանավորումները, և այդ ամենը հասարակությանը ներկայացնելը: Հիմա Նիկոլ Փաշինյանն այդ առումով ուզում է, այսպես ասած, բանակցել ժողովրդի հետ և ընտրել է վերոնշյալ ֆորմատը: Ըստ իս, սակայն, հանրահավաքային ֆորմատները, որոնք ավելի ընդունելի էին հեղափոխությունից առաջ և դրանից շատ կարճ ժամանակ հետո, հիմա այդքան էլ արդիական և կարևոր չեն: Բացի այդ` հեղափոխությունից հետո եկած իշխանությունը պետք է հաշվետու լինի ամբողջ հասարակությանը, նաև` մայրաքաղաքից դուրս: Ինձ համար այսպիսի հանրահավաքային ֆորմատով, միայն մայրաքաղաքում ժողովրդի հետ շփվելն ընդունելի չէ: Հաշվետվությունը ոչ թե հանրահավաքային, այլ մի փոքր այլ ֆորմատով պետք է լիներ»,–ընդգծեց նա: