Տեսել եմ` ինչպես են բերման ենթարկում ծեծված մարդկանց, այդ թվում` 10 տարեկան երեխայի. Զարուհի Փոստանջյանի ելույթը 2008-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել 2008 թվականի մարտի 21-ի ԱԺ հատուկ նիստի ժամանակ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի հետ պատգամավորների հարցուպատասխանները:

Հաջորդ ելույթը` պատգամավոր Արտակ Դավթյան:

Ա.ԴԱՎԹՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, կարծում եմ, որ այսօր ամենեւին էլ ժամանկը չէր, որպեսզի մենք այսօրվա իրավիճակի պատճառների մեջ փորձենք խորանալ եւ փորձենք գտնել մեղավորներ, սակայն արդարադատության նախարարը, երբ  ներկայացնում էր հրամանագիրը, սահմանափակումների վերաբերյալ տրվեցին բավականին շատ հարցեր, բայց չորրորդի մեկ կետը, որը նախատեսում է ժողովներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր եւ այլ զանգվածային միջոցառումների անցկացման արգելում, կարծես թե որեւիցե մեկը այդ հարցով որեւիցե խնդիր չուներ: Բայց այս իրավիճակը, իհարկե, չէր լինի, եթե ժամանակին եւ՛ Հանրապետության Նախագահի կողմից հնչեցված խոսքը, եւ՛ ոստիկանության կողմից բազմիցս զգուշացումները, հանրահավաքի կազմակերպիչները լսեին եւ իրավիճակը անկառավարելի չդառնար:

Ի՞նչ էր մնում անելու: ՀՀ Նախագահը Սահմանադրության 49-րդ հոդվածի համաձայն մեր երկրի` ՀՀ անվտանգության երաշխավորն է, որից էլ բխում է այսօրվա այս հրամանագիրը:

Ես համամիտ չեմ իմ գործընկերոջ այն մտքի հետ, որ այստեղ մենք «Ժառանգությանը» նայում ենք որպես թշնամի: Ինձ համար «Ժառանգության» պատգամավորները նույնչափ հարգելի են, ինչպես մնացած բոլորս եւ, կարծում եմ, որ մենք, մեր ելույթներում, հենց մենք պետք է լինենք առավելապես զուսպ եւ այդ զուսպ լինելու եւ զսպվածության կոչ եմ ես անում նաեւ, որ եւ՛ այսօր, եւ՛ հետագա օրերին առավելագույնս  ուշադիր լինենք մեր խոսքերի մեջ, չասենք որեւիցե ավելորդ բառ, որը կարող է վնասել ու մտածենք, որ յուրաքանչյուրս անենք մեզանից կախված ամեն ինչ, որ իրավիճակը իրականում, այս իրավիճակից դուրս գանք առավելագույնս փոքր կորուստների գնով: Շնորհակալություն:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հաջորդ ելույթը` պատգամավոր Մհեր Շահգելդյան: Համեցեք:

Մ.ՇԱՀԳԵԼԴՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, ներկայիս իրավիճակը, որ տիրում է Երեւանում, գնալով ավելի ու ավելի է լարվում: Մարդիկ կան հիվանդանոցներում, վերակենդանացման բաժիններում: Բախումներ, եւ կան նաեւ երեւույթներ, որոնք ոչ մի կապ չունեն քաղաքական գործընթացների հետ: Ավերվում, թալանվում են խանութներ, այրվում են մեքենաներ: Այս իրավիճակը այսօր լուծում է պահանջում: Մենք այստեղ խոսեցինք այն մասին, թե արդյո՞ք եղել է մեր մոտ այսպիսի իրավիճակ` խանութների թալան, ավտոմեքենաները այրել… Այսպիսի իրավիճակ, համենայն դեպս ես ՀՀ-ում չեմ հիշում` գոնե անկախության տարիներից ի վեր: Նորից եմ ուզում ասել` գործողություններ, որոնք քաղաքական գործընթացների հետ կապ չունեն: Նշվածը բերում է բռնության էսկալացիայի, եւ մենք բոլորս` քաղաքական գործիչներս, հստակ պետք է տեսնենք եւ պատկերացնենք դա: Իհարկե, հասկանալով եւ ընդունելով սեփական քաղաքական դիրքորոշումները, մոտեցումները արտահայտելու մեր բոլոր քաղաքացիների իրավունքները, միաժամանակ անհրաժեշտ է, որպեսզի ձեռնարկվեն միջոցառումներ, եւ այդ միջոցառումներից է նաեւ արտակարգ իրավիճակը, որի վերաբերյալ հրամանագիրը մեզ ներկայացվեց, որը ստեղծում է իրավական հիմք` հանգուցալուծում տալու համար:

Մենք գտնում ենք, որ այս իրավիճակի` արտակարգ իրավիճակի կիրառումը այսօր պետք է հանգուցալուծման համար: Այսքանը:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հաջորդ ելույթը` պատգամավոր Զարուհի Փոստանջյան:

Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, այսօր առավոտյան, երբ ինձ զանգահարեցին` 8-ի 9-ի սահմաններում էր, ես գնացի Երեւանի կենտրոնի ոստիկանության բաժանմունք եւ ականատես եղա, ինչպե՞ս էին ծեծված մարդիկ բերման ենթարկվում ոստիկանություն, եւ ցավալի էր, որ այնտեղ էր նաեւ… 10 տարեկան երեխայի եմ ականատես եղել, թե ինչպես էր ծեծված: Կարծում եմ, որ եթե առավոտյան այդ միջոցառումները անցկացնելու ժամանակ նախապես թատերական հրապարակում գտնվող ժողովրդին իրազեկեին, որ նման ձեւի պետք է գային եւ այդ ժողովրդին այնտեղից հանեին, միգուցե այդ երեխաների եւ կանանց նկատմամբ նման բռնություններ տեղի չէին ունենա եւ հետագայում այդ բռնությունների ալիքը բերեց նրան, որ ժողովուրդը, որ ինչ-որ մեկը ասել էր, որ մի մարդու ծեծելով սպանել են ֆրանսիական դեսպանատան մոտ, այդ ժողովուրդը տեղափոխվել էր ֆրանսիական դեսպանատան մոտ եւ այնտեղ կուտակվել: Կանայք եւ երիտասարդները այդ ամենը տեսնելով, գիտակցելով, բավականին գրգռված եւ ագրեսիվ վիճակում էին գտնվում եւ այդ պահին, երբ չկար որեւիցե մեկը, որ նրանց ղեկավարեր, համենայն դեպս, 7 օր շարունակ ինչ-որ կազմակերպիչներ եղել էին, ղեկավարել էին եւ որեւիցե այդպիսի գործողություններ կամ բռնություններ տեղի չէին ունեցել, եւ այդ ամբողջ ժողովուրդը, չգիտեմ` հոծ բազմություն էր, չեմ կարող ասել թե ինչքան, եթե մենք կարողանայինք մենակ չլինել, ԱԺ պատգամավորներ էլ այնտեղ լինեին, թեկուզ վարչապետը այնտեղ լիներ, կարելի էր կանխել այս իրավիճակը:

Հիմա պատկերացրեք, այս արտակարգ դրությունը հայտարարելով, եւ ես տեղյակ եմ նաեւ, որ զորքերը Երեւան քաղաքի տարբեր մուտքերում կանգնած են, այդ զորքերը պետք է հավաքվեն այնտեղ գտնվող մարդկանց վրա: Կան բազմաթիվ երիտասարդներ այնտեղ: Իհարկե, այդ սադրիչների եւ նաեւ կրիմինալ էլեմենտների հետ կան 100 հազարավոր երիտասարդներ, ուսանողներ: Մենք ինչպե՞ս ենք հետո ապրելու, այսինքն` պատկերացրեք, այդ գործողությունը արեցինք եւ եւս մեկ անգամ մենք մեր ժողովրդին տանելու ենք նրան, որ թշնամանալու է այս մեր որոշման դեմ: Թշնամանալու է վարչապետի, ՀՀ Նախագահի, ընդհանրապես, այդ ինստիտուտների դեմ է թշնամանալու: Մենք չենք կարողանալու կանգնեցնենք:

Այս քանի օրը ես եղել եմ Վանաձորում, Գյումրիում: Սա մենակ Երեւանի այս ոտքի կանգնած ժողովրդի խնդիրը չէ: Ամբողջ բնակչության խնդիրն է ՀՀ-ի, թե` մարզերում: Մենք կարողանալու՞ ենք հետագայում հաղթահարել այն խնդիրները, որը բերելու են այս որոշումից հետո:

Եկեք հրավիրենք վարչապետին, ՀՀ Նախագահին, եւս մեկ անգամ այս մեր ԱԺ-ում քննարկենք, գնանք բանակցությունների, էլի ուշ չէ, թեպետ գործընթացներ են տեղի ունեցել, այո, խանութներ են, ավտոմեքենաներ են… եւ այլն, բայց միգուցե հրավիրենք, միգուցե բոլորս միասին գնանք ժողովրդի մոտ: Ամեն դեպքում, եկեք այս քայլը մեկ անգամ էլ փորձենք, որովհետեւ սրանից հետո մենք էլի պետք է ապրենք, եւ այդ թշնամացած ժողովուրդը գալու է, յուրաքանչյուրիս դուռը թակելու է: Հենց այնպես նա չի կարող հանգստանալ: Այնտեղ կան կանայք, երեխաներ, երիտասարդներ, եւ ամեն մի ծնող, որի ուսանող երեխան գտնվում է այնտեղ, մեզ մեղադրելու է:

Եկեք փորձենք: Եկեք հրավիրենք, իրապես հրավիրենք եւ քննարկենք: Ուշ ժամ եւ… Սա շատ կարեւոր է: Ես հենց այնպես չհարցրեցի, նման երեւույթ եղել է մեր այս նորանկախ պատմության մեջ: Կարծում եմ, որ այսօր շատ վճռորոշ ժամանակահատված է: Եկեք նորից, բոլոր այն քաղաքական ուժերը, որ ներկայացված են, թեկուզ դրսում, եկեք հավաքվենք եւ մեկ անգամ էլ քննարկենք, արդյո՞ք պետք է այս որոշումը իրագործել, թե` ոչ: Այսքանը:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Ընդմիջմանը մնացել է 2 րոպե:

(Առանց խոսափողի)

-Շարունակենք:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Որոշում պետք է ընդունենք: Հիմա ամեն ինչ պետք է արվի ճշգրիտ` առանց մի մազի շեղմամբ: Խնդրեմ, ես կարող եմ սպասել կես րոպե, այո, մեր գործընկերները, ովքեր այստեղ չեն, թող գան, եթե 66 հոգի կլինի դահլիճում, կքվեարկենք եւ կշարունակենք: Ես որեւէ առարկություն չունեմ:

Եթե կան պատգամավորներ դահլիճից դուրս, խնդրում եմ վերադառնալ դահլիճ: Առաջարկ է եղել քվեարկել ԱԺ նիստը առանց ընդմիջման շարունակելու հարցը: Դահլիճում չկա 66 մարդ: Ընդմիջում: Կես ժամից հետո կշարունակենք աշխատանքը:

Մաս 1.

Մաս 2. 

Մաս 3,

Մաս 4. 

Մաս 5,




Լրահոս