«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն իր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աշխատակիցներին խոստացել է սեպտեմբերից բարձրացնել աշխատավարձերը: Ըստ շրջանառվող լուրերի` նա այդ խոստումը տվել է այն բանից հետո, երբ մի խումբ անձիք սկսեցին նրա հրաժարականը պահանջել:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանից ճշտել` Վեհափառի կողմից տրված այդ խոստումը կատարվելու է, թե ոչ: Տեր Վահրամը մեզ հետ զրույցում վստահեցրեց, թե այդ հարցը բացարձակ կապ չունի վերջին իրադարձությունների հետ: «Այդ հարցի հետ առնչված գործընթաց ձեռնարկվել է դեռ ամիսներ առաջ։ Հարցը քննարկման մեջ է եւ բացարձակ կապ չունի ձեր նշած տխրահռչակ գործողությունների հետ։ Դա մի քայլ է, որ պարբերաբար իրականացվում է, ինչպես ցանկացած այլ կազմակերպության մեջ։ Մայր Աթոռի պատկան կառույցները պետք է ներկայացնեն համապատասխան առաջարկներ Ամենայն Հայոց Կաթողիկոսի վավերացմանը»: