
Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակներից մեկի` հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա վեց ամիսների ընթացքում արտադրվել է 133 հազար 700 տոննա հաց, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում`137 հազար տոննա: Պաշտոնապես, Հայաստանում հացի արտադրության ծավալները այս տարվա առաջին կիսամյակում 2.4 տոկոսով նվազել են:
Ըստ որոշ մասնագետների` հացի արտադրամաս բացելու համար մեծ ներդրումներ պետք չեն, ինչի արդյունքում գրեթե ամեն շենքի բակում հաց թխող եւ վաճառող կա: Իսկ հացի արտադրությամբ զբաղվող խոշոր տնտեսվարողները համոզված են, որ մանրերը ստվերում են գործը: Տեսակետ է շրջանառվում, որ այս պատճառով է պաշտոնական վիճակագրությունը ծավալների անկում արձանագրում: Կա նաեւ տեսակետ, որ հացի արտադրության ծավալների անկումը պայմանավորված է մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ: