ԵԿՄ-ում լարվածությունը չի թուլանում. պատմությունը խորը արմատներ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո Երկրապահ կամավորական միությունում կրրքերը չեն հանդարտվում: Այժմ էլ չնայած պասիվ շրջան է, սակայն ԵԿՄ-ում արշալույսները կրկին խաղաղ չեն լինում։ Պատճառը կառույցի նոր նախագահի ընտրության հարցն է, որն էլ ազատամարտիկներին մի քանի թեեւերի է բաժանել:

Մասնավորապես, ԵԿՄ ակտիվն արդեն ունի իր որոշումը եւ հայտարարել է, որ սեպտեմբերին կայանալիք արտահերթ համագումարին առաջարկելու են Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանի թեկնածությունը: Սակայն ԵԿՄ-ից անջատված ազատամարտիկների 18 հասարակական կազմակերպություն ԵԿՄ նախագահի պաշտոնում ցանկանում է տեսնել «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանին: Իրականում, սակայն, այս պատմությունը խորը արմատներ ունի:

ԵԿՄ-ից նեղացածները

«Երկրապահ կամավորական միությունում» խնդիրները սկսվեցին հենց Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո: Այս փաստից ոգեւորված ազատամարտիկները, ովքեր հենց Մանվել Գրիգորյանի հետ անձնական խնդիրների պատճառով սառեցրել էին համագործակցությունն այս կառույցի հետ, որոշեցին ակտիվանալ, վերադառնալ ու «գրավել» ԵԿՄ-ն: Խոսքը մասնավորապես «Ազատամարտիկների դաշինք»-ի եւ «Սեւ Հովազ» ջոկատների մասին է` Գագիկ Մելքոնյանի եւ Ռուստամ Գասպարյանի գլխավորությամբ: Նրանք մտել էին ԵԿՄ վարչության շենք, հանել Մանվել Գրիգորյանի նկարը եւ այնտեղ իրենց տեր զգացել: Վերջիններս ցանկանում էին իրենք դառնալ ԵԿՄ-ի ղեկավար եւ գործող վարչության կազմին առաջարկել էին փոխել կառույցի կառուցվածքը, նախագահ չառաջադրել եւ կառավարել միայն վարչությամբ, որտեղ բնականաբար պետք է իրենք մեծ ներգրավածություն ունենային: Սակայն ինչպես ասում են, նրանց ուրախությունը երկար չտեւեց:

Եվ չնայած ԵԿՄ գործող վարչության անդամներն ու փոխնախագահներն ակտիվ հանդիպումներ էին ունենում նշված կառույցների անդամների հետ, սակայն ինչպես հետագայում պարզվեց, վերջիններս այլ ծրագրեր ունեին: Եվ հերթական հավաքի ժամանակ նրանք հայտարարեցին, որ ԵԿՄ նախագահի թեկնածուն ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանն է` Վազգեն Սարգսյանի եղբայրը: Արամ Սարգսյան էլ իր պատրաստակամություն էր հայտնել ստանձնել այդ պաշտոնը` ասելով, որ ինքն իրավունք չունի չհամաձայնելու: Հենց այստեղից էլ սկսվեցին խնդիրները, քանի որ մի խումբ ազատամարտիկներ ու ԵԿՄ-ից հեռացած հրամատարներ միանշանակ չեն ընդունել Արամ Սարգսյանի թեկնածությունը: Եվ դա հանգեցրեց մի իրավիճակի, որ ԵԿՄ վերադարձածները նորից որոշեցին հեռանալ կառույցից:

Բայց հիմա ԵԿՄ-ից հեռացածները փորձում են վերարտադրվել Արա Խուդավերդյանի դեմքով: Մասնավորապես նրա թիմակիցները, ում «տակից» սատարում եւ ուղղորդում է «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության անդամ Գագիկ Մելքոնյանը, այս օրերին շարունակում են ակտիվ հանդիպումներ ունենալ ԵԿՄ գործող անդամների հետ, ովքեր դեռ ունեն այդ կառույցի մանդատը եւ, ըստ այդմ էլ, արտահերթ ընտրությունների ժամանակ կարող են իրենք անհրաժեշտ լինել: Եվ այդ հանդիպումների ժամանակ նրանք փորձում են ամեն կերպ համոզել, որ պետք է ընտրել Խուդավերդյանին եւ, որ Արամ Սարգսյանի պարագայում պատկերը նույնն է լինելու: Մասնավորապես նրանք իրենց ընկերներին ասում են, որ եթե Արամ Սարգսյանը դառնա ԵԿՄ նախագահ, ապա կառույցն օգտագործվելու է քաղաքական նպատակներով ինչպես նախկինում, պարզապես եթե ժամանակին ԵԿՄ-ն ՀՀԿ-ի օգտին էր գործում, հիմա էլ նոր իշխանությունների օգտին կգործի:

Միայն թե, նկատենք, որ Արայիկ Խուդավերդյանը եւ իր թիմակիցների մեծ մասը չեն հանդիսանում ԵԿՄ անդամներ եւ չունեն քվեարկության մանդատ, չեն կարող առաջադրել Խուդավերդյանի թեկնածությունը: Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին ԵԿՄ գործող անդամներին հանդիպելու հեռահար նպատակը հենց դա է: Բանն այն է, որ մինչ համագումարը պետք է ընտրվեն պատվիրակներ, որոնց աշխատանքները կմեկնարկեն մոտ տասը օրից: Եվ հենց այդ պատվիրակներն էլ կկարողանան համագումարի օրը թեկնածու առաջադրելու իրավունք ունենալ: Եվ հիմա Խուդավերդյանի թիմի անդամները ԵԿՄ-ի ներսում փորձում են իրենց համար մարդիկ գտնել, ովքեր կկարողանան պատվիրակ դառնալ, իսկ հենց իրենց միջից նոր պատվիրակ ընտրելու տարբերակն այնքան էլ հեռանկարային չէ: Եվ այս նպատակով հանդիպումներն օր օրի թեժանում են: Այնպես որ մինչ համագումարը հետաքրքիր զարգացումներ են սպասվում:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց ԵԿՄ փոխնախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ղուկաս Ուլիխանյանին, ով նշեց, թե իրենք այժմ նախապատրաստվում են արտահերթ համագումարին և չեն միջամտում մյուս թևի գործողություններին: Նա հայտնեց, թե արտահերթ համագումարը տեղի կունենա սեպտեմբերին, իսկ նախապատրաստական աշխատանքները մոտ տասն օրից ավելի կակտիվանան:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս