«Նուբարաշենի» բանտում բունտ է հասունանում. կալանավորները դժգոհ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում լուրջ դժգոհությունները հնարավոր է վերածվեն բունտի: Բանն այն է, որ արդեն մեկ ամսից ավել է, ինչ դատապարտյալները հացադուլ են հայտարարել իրենց դեմ հարուցված քրեական գործերի եւ անարդարացիորեն անազատության մեջ պահելու համար: Մասնավորապես արդեն մոտ 34 օր է, ինչ «Նուբարաշեն» քկհ-ում հացադուլի մեջ է գտնվում դատապարտյալ Ռոբերտ Վելիցյանը, 25 օր է, ինչ հացադուլի մեջ է գտնվում Վաչագան Ավդալյանը եւ եւս մի շարք այլ դատապարտյալներ: Ասել է թե` ստեղծվել է մի իրավիճակ, որ թավշյա հեղափոխությունից հետո ՔԿՀ-ներում խնդիրները լուծելու առումով որեւէ քայլ չի իրականացվում, անձերն են փոխվել, սակայն դատապարտյալների կյանքում որեւէ բան չի փոխվել: Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթն այս թեմայով զրուցել է «Նուբարաշեն» ՔԿՀ նորաշանակ պետ Էդուարդ Գրիգորյանի հետ:

-Պարո՛ն Գրիգորյան, տեղյա՞կ եք` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալների շրջանում բունտ է հասունանում:

-Ինչի՞ համար:

-Մեկ ամսից ավել է` մի խումբ դատապարտյալներ հացադուլ են հայտարարել, պահանջում են իրենց առողջական խնդրին ուշադրություն դարձնել, համապատասխան քայլեր իրականացնել, մի մասը պահանջում է համաներում իրականացնել եւ նման այլ խնդիրներ : Նորանշանակ պետ եք, ի՞նչ եք պատրաստվում կոնկերտ անել:

-Նման բան չկա, չգիտեմ` ինչ բունտի մասին է խոսքը, ոչ մի բունտ չի հասունանում, ու Ձեր ասածները բացարձակ չեմ հասկանում, ինչի՞ մասին է խոսքը:

-Տարիներ շարունակ բոլորը բարձրաձայնում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վիճակի մասին, Դուք տեղյակ չե՞ք, թե ՔԿՀ-ում ինչ իրավիճակ է տիրում:

-Հիմա ես շատ զբաղված եմ:

-Ինչ եք անելու «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բանդաների գործունեությունը կասեցնելու համար, դատապարտյալները բանդա են ստեղծել ու, անազատության մեջ գտնվելով, ապոհովված են համապատասխան տեխնիկայով, արդյունքում քաղաքացիներից հափշտակություններ են իրականացնում: Դուք կոնկրետ ի՞նչ եք անում այս ուղղությամբ:

-Չգիտեմ` տարիներ շարունակ ինչ է եղել, մենք աշխատում ենք:

– Կոնկրետ ո՞նց եք աշխատում, մանրամասնե՞ք:

-Մենք պարբերաբար մեր աշխատանքն ենք անում, խցերն ենք խուզարկում, մեր աշխատանքն ենք անում, որը մեր առօրյա աշխատանքն է:

-Բոլոր ՔԿՀ պետերն էլ Ձեր պես են ասել, բայց դա իրավիճակը չի փրկում. բանդան շարունակում է գործել:

-Դուք լուծումը կտեսնեք, որ…. լուծումը կտեսնեք:

-Ինչպե՞ս եք պայքարելու «զոն նայողների» դեմ, ի՞նչ եք արել նրանց դեմ, կասե՞ք:

-Ամեն ինչ անում ենք, տենց բան չկա:

-Կարո՞ղ է վախենում եք նրանցից, դրա համար եք ասում, որ նման բան չկա:

-Ոչ մի ՔԿՀ պետ էլ չի վախենում, ու նման բան չկա:

-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբ քաղբանտարկյալ էր, կալանավայրերում տիրող կոռուպցիոն երեւույթների մասին բազմաթիվ հրապարակումներով էր հանդես գալիս:

-Տենց բան չի արվում, եթե եղել է, ապա հիմա դրանց դեմ էլ պայքարում ենք:

-Ինչպե՞ս եք պայքարում, ասեք, մենք էլ իմանանք:

-Դուք կտեսնեք արդյունքը:

-Ըստ մեզ հասած խոսակցությունների` ՔԿ ծառայության աշխատակիցները նշել են, որ Դուք այնքան աչքի չընկնող անձնավորություն եք եղել, որ որեւէ մեկը Ձեզ ծառայությունում աշխատելու տարիներին չի ճանաչել, եւ Ձեզ հետ չեն էլ շփվել. ինչպե՞ս պետք է կարողանաք ղեկավարել առավել բարդ ՔԿՀ–ներից մեկը, որը հանդիսանում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ն: Ի դեպ, Քրեակատարողական ծառայությունում տարածված մեկ այլ խոսակցությունների համաձայն` միգուցե Ձեզ նշանակել են մեկ բանի համար, որ որեւէ կլանի չեք պատկանում: Հիմա կասե՞ք` Ձեր ո՞ր արժանիքի համար Ձեզ «Նուբարաշեն» ՔԿՀ պետ նշանակեցին:

-Նշանակվեց իր անկեղծ ու մաքուր աշխատանքի շնորհիվ: Ուրեմն ոչ մի կլանի չեմ պատկանում, ով ինձ ճանաչում է, ճանաչում է որպես ազնիվ, մաքուր մարդ, դրա համար էլ նշանակեցին:

-Այսինքն` մյուսները այդքան էլ ազնիվ, մաքուր չէին, դրա համար հանեցին:

-Լավ էլի:

Քնար Մանուկյան




Լրահոս