Ես ոչ մի վրեժ կամ վենդետա չեմ տեսնում. Սամվել Սարգսյանը՝ Քոչարյանի կալանավորման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առայժմ լավ տպավորություն ունեմ Նիկոլ Փաշինյանից եւ կառավարությունից: Վարչապետը կարծես թե ուզում է լավ բաներ անել: Հին հանցագործներ են բռնվում, ինչ-որ մարդկանց են «մեյդան» հանում. նախկինում սա կանխատեսելի չէր: Կարծում եմ՝ տղերքը փորձում են ազնվորեն մի բանի հասնել»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դերասան Սամվել Սարգսյանը:

Նրա համար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն անակնկալ է եղել. «Բայց ինձ դուր է գալիս, որ առանց վախենալու մեղադրվում եւ պատասխանատվության են ենթարկվում մարդիկ, որոնց նախկինում չէին «մոտեցել»»,- ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ իր շրջապատի մարդիկ հուսով են, որ Հայաստանը խոստումնալից ուղով է գնում: Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, թե Քոչարյանի նկատմամբ վենդետա է իրականացվում, դերասանը պատասխանեց. «Այս իշխանությունը չի ասում. «Հիմա «վլաստը» իմ ձեռքում ա, ինչ կուզեմ, կանեմ»: Եթե այդպես լիներ, ներկա իշխանությունը նախորդից ոչնչով չէր տարբերվի: Ես ոչ մի վրեժ կամ վենդետա չեմ տեսնում: Պարզապես մարդիկ օրենք են կիրառում, եւ այդ ամենը գրասենյակներում չի կատարվում, այլ բացահայտ: Նշանակություն չունի՝ ով ես, ինչ ես, արածներիդ համար պետք է պատասխան տաս»:

Դերասանն անդրադարձավ նաեւ մշակույթի ոլորտին: Այս պարագայում, սակայն, պարոն Սարգսյանն այնքան էլ գոհ չէ տիրող իրավիճակից. «Կուզեի, որ մշակույթի նախարարը հասկանար ոչ միայն քաղաքականությունից, այլեւ արվեստից: Նախարար լինելը պարտականություն է, ծառայություն: Բայց առայժմ այս բնագավառում ոչ մի հետաքրքիր բան տեղի չի ունենում: Մշակույթի նախարարը կարծես թե այնքան էլ լավ չի պատկերացնում իր անելիքները: Նախարար փաստաթղթերով չեն դառնում, այլ արած գործերով: Այս ոլորտում եւս արածների եւ հատկապես չարածների համար պետք է մարդիկ պատասխանատվություն կրեն»,- եզրափակեց դերասանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս