Կնախընտրեի լինել սիրելի տղամարդու սրտի տանը և իմ տան սրտում. Իրինա Դանիելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի բլից հարցերին պատասխանել է դերասանուհի Իրինա Դանիելյանը: Նա անդրադարձել է անձնական եւ մասնագիտական թեմաների, պատասխանել է հարցին, թե ինչ կաներ, եթե պարզեր, որ հավիտենական կյանք կա: Դերասանուհին անկեղծացել է՝ խոսելով իր ժառանգած եւ ձեռքբերովի հատկությունների մասին, որոնցով հպարտանում է: Մեր զրուցակիցը նշել է, որ նախընտրում է ապրել նախօրոք գծագրված գրաֆիկով, բայց միայն իր հարազատ քաղաքում:

-Շաբաթվա սիրելի օրը:

-Բոլոր օրերն էլ սիրում եմ:

-Ձեզ սովորաբար ոգեշնչում են..

-Հումորով, խելացի եւ ուժեղ մարդիկ:

-Ձեր կյանքը չեք պատկերացնում՝ առանց…

-Երաժշտության:

-Ապրել՝ նախօրոք գծագրված գրաֆիկո՞վ, թե՞ չպլանավորված կյանքով:

-Ես պլանավորված եմ ապրում, իհարկե, ամեն ժամը չէ, բայց ինչ-որ չափով դասավորում եմ օրս:

-Անտարբեր եք այն մարդկանց հանդեպ, որոնք…

-Իմ պատկերացմամբ անհետաքրքիր են:

-Սոցցանցերում ընկերների ցանկից միանգամից հեռացնում եք այն անձանց, որոնք…

-Ես ոչ ոքի չեմ հեռացնում: Ով ինձ դուր չի գալիս, հեռու եմ պահում ինձնից եւ համապատասխան եզրակացություններ անում:

-Շարունակեք միտքը. «Կյանքում ամեն բան հարաբերական է, բայց…»

-Երեւի, ամեն դեպքում, կան հարյուր տոկոսանոց հասկացություններ:

-Սիրով կապրեիք…

-Միայն իմ երկրում եւ ընդմիշտ:

-Հարուստ թոռնե՞ր, թե՞ բարձր թոշակ:

-Հարուստ թոռներ, որ ե՛ւ իրենց համար լավ լինի, ե՛ւ իմ (ծիծաղում է):

-Մարդուն առաջնային դատում եք այն բանով, թե…

-Ինչպես է նա արտահայտվում ուրիշների մասին, ոչ թե իր:

-Ձեր կյանքի դժվարին պահերին Ձեր կողքին միշտ եղել են…

-Աշխատում եմ միայնակ հաղթահարել այդ պահերը, բայց մտերիմներս, ընկերներս միշտ էլ եղել են եւ լինում են կողքիս:

-Կնոջ ամենագլխավոր հատկությունը:

-Իմաստությունը:

-Ձեզ հիացմունք է պատճառել քաղաքական ո՞ր գործիչը:

-Չեմ կարողանա անուն տալ, որովհետեւ երբեք չեմ հետաքրքրվել քաղաքականությամբ: Վերջին շրջանում նոր սկսել եմ հետաքրքրություն ցուցաբերել: Իսկ, առհասարակ, չեմ կարծում, թե որեւէ մեկով առանձնակի կհիանամ, քանի որ այդ ոլորտը շատ մաքուր լինել չի կարող:

-Գրողներից ո՞ւմ հետ կցանկանայիք սրճել:

-Նրա հետ, ում այդ պահին ընթերցում եմ:

-Եթե պարզվի, որ կա հավիտենական կյանք…

-Կհրաժարվեմ մահից հետո իմ օրգանները որպես դոնոր որեւէ մեկին հանձնելու մտքից:

-Հպարտության առարկա, որը տրվել է ի վերուստ, եւ որը ձեռք եք բերել:

-Չգիտեմ` ի վերուստ, թե գենետիկորեն, օժտված եմ բարի կամքով, դրա արդյունքում էլ ձեռք եմ բերել իմ հանդեպ սեր:

-Ռեժիսոր, որի ֆիլմերը տպավորել են:

-Դժվար է ասել: Դրանք հիմնականում արտերկրացի ռեժիսորներ են, բայց, սովորաբար, անուններ չեմ հիշում:

-Երեւանի ամենասիրուն անկյունը:

-Իմ տունն ու պատշգամբը: Ապրում եմ Կենտրոն համայնքում, եւ մեր բակը տարիներ շարունակ ճանաչվել է լավագույնը մեր համայնքում: Այն կանաչապատ է ու սիրուն: Իսկ, առհասարակ, սիրում եմ քաղաքիս ամեն անկյունը:

-Եթե ընտրության առաջ կանգնած լինեիք՝ կնախընտրեք լինել Ձեր տղամարդու սրտի տա՞նը, թե՞ տան սրտում:

-Երեւի սրտի տանը լինելը ավելի կարեւոր է, ես կնախընտրեի լինել նրա սրտի տանը եւ իմ տան սրտում:

Աննա Բաբաջանյան




Լրահոս