«Առավոտ» օրաթերթը գրում է. «Սարի թաղի գործով» ամբաստանյալ էդուարդ Զեյթունյանը կրկին կալանավորված է: Նա կալանքից ազատ էր արձակվել հունիսի 8-ին: Էդուարդ Զեյթունյանն այս անգամ կալանավորվել է ոչ թե «Սարի թաղի» գործով, այլ «ինչ-որ թմրանյութերի»: Այս մասին Aгavot.am- ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:
Էդուարդ Զեյթունյանի՝ դատարան չներկայանալու պատճառով «Սարի թաղի» գործով նիստը հետաձգվեց: Դատարանը տեղյակ չէր, թե ո՞ր մեկուսարանում է կրկին կալանքի տակ հայտնված Էդուարդ Զեյթունյանը, ուստի չէր կարողացել ապահովել նրա ներկայությունը նիստին:
Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 4-ին, ժամը 12.30-ին: Այս գործով անցնում են նաև Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանը: Սարիթաղցիները, հիշեցնենք, մեղադրվում են 2016 թվականին՝ «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավումից հետո, մասնավորապես՝ հուլիսի 19-ին Սարի թաղում միջադեպի ժամանակ ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելու մեջ:
Այդ օրերին, մի քանի օր շարունակ, Սարի թաղում ջուր և գազ չի եղել, դեպի Խորենացի փողոց՝ ՊՊԾ գնդի կողմ տանող ճանապարհն էլ փակ է եղել (տարածքը գրավված էր «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից), ինչի պատճառով բնակիչները դուրս էին եկել փողոց՝ բողոքելու, նրանց և ոստիկանների միջև բախում էր տեղի ունեցել, ձերբակալված էին մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք օրաթերթի այսօրվա համարում: