Օգոստոսի 3-ին ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը մարզային հանդիպումների ծրագրով այցելել է Տավուշի մարզ, աշխատանքային հանդիպում ունեցավ ոստիկանության մարզային վարչության անձնակազմի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմի հետ անցկացրած խորհրդակցության ընթացքում Վալերի Օսիպյանը անդրադարձել է 2018 թվականի առաջին կիսամյակում արձանագրված ցուցանիշներին։ Առանձնացնելով որոշ հանցատեսակների բացահայտումների նվազումը՝ ոստիկանության պետը բավարար գնահատեց մարզի ոստիկանության աշխատանքը՝ հաշվի առնելով, որ կիսամյակի զգալի մասում ոստիկանությունն ներգրավված է եղել քաղաքական միջոցառումներում և հասարակական կարգի ապահովման գործառույթների կատարմանը, բայց միևնույն ժամանակ ընդգծեց, որ նման ցուցանիշները տարվա 3-րդ եռամսյակում անընդունելի են։
Ոստիկանության պետը խորհրդակցության մասնակիցներին կոնկրետ հանձնարարականներ տվեց հատկապես ուշադրությունը կենտրոնացնել ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտմանը, ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերմանը, թմրամիջոցների անօրինական շրջանառության և բնակարանային գողությունների արագ բացահայտմանը։
Ոստիկանության պետը անդրադառնալով առաջիկայում սպասվող համապետական ընտրությունների կազմակերպման գործում ոստիկանության անմիջական մասնակցությանը, հստակ և վճռական դիրքորոշում հայտնեց, որ չի հանդուրժելու ընտրական կեղծարարության որևէ դրսևորում։ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության ծառայողներից պահանջեց զգոնություն նմանօրինակ դրսևորումների չեզոքացման նպատակով և ընդգծեց, որ այս հարցում անգործություն ցուցաբերած ոստիկանության ծառայողները պատժվելու են խստագույնս։ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության մի խումբ ծառայողներ խրախուսվեցին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով։