ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ` ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շուրջ իրավիճակը գնալով հստականում է: Արդեն իսկ ակնհայտ է, որ առաջիկայում կառույցը նոր ղեկավար կունենա: Ընդ որում, Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը տեղավորվում է նոր Հայաստանի տրամաբանության մեջ:

Առաջին անգամ` դեռեւս ՀՖՖ տարեկան ժողովից օրեր առաջ, Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց, որ ամեն ինչ պետք է լինի ֆուտբոլասերների սրտով, նրանց ցանկությամբ: Իսկ դա ուղիղ ակնարկ էր հենց Ռուբեն Հայրապետյանին` եթե ֆուտբոլասերները չցանկանան, ապա հրաժարականն անխուսափելի է: Եվ մինչ բոլորն անհամբեր սպասում էին ՀՖՖ տարեկան ժողովին, պարզվեց, որ այդ օրն ամենեւին էլ ՀՖՖ նախագահի ընտրություններ չեն լինելու, եւ հնարավոր ժամկետները փետրվարին են:
Սակայն նոր Հայաստանում իրավիճակը փոխվում է օր օրի, եւ այսօր արդեն Ռուբեն Հայրապետյանի վաղաժամ հեռանալն անխուսափելի է: Օրեր առաջ` կրկին ուղիղ եթերի ժամանակ, Նիկոլ Փաշինյանն արդեն բաց տեքստով ասաց, որ այդ կառույցում փոփոխություններն անխուսափելի են: Եւ արդեն երեկ հայտնի դարձավ, որ Ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր մարմնի արտահերթ նիստ է անցկացվել, որին 15 անդամներից մասնակցել են 10-ը։ Նիստին ներկա չեն եղել Տարոն Մարգարյանը, Հրայր Թովմասյանը, Վիկտոր Դալլաքյանը, Բագրատ Նավոյանն ու Սամվել Ալեքսանյանը։ Եվ զարմանալի չէ, որ նիստի հիմնական թեման եղել է Ռուբեն Հայրապետյանի հարցը: Վերջինս իր գործընկերներին հայտարարել է, թե պատրաստ է հրաժարվել այդ պաշտոնից, եթե առաջիկա նիստում արժանավոր թեկնածուներ լինեն: Ընդ որում, այդ դեպքում նա պատրաստակամություն է հայտնել այդ դեպքում առհասարակ թեկնածություն չառաջադրել:
Այս պահի դրությամբ ամենահավանական թեկնածուն համարվում է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, եւ այդ մասին լրագրողների հետ զրույցում չի հերքել նաեւ Ռուբեն Հայրապետյանը` ասելով. «Եթե Արթուր Վանեցյանն իրականում ցանկանում է դառնալ ֆեդերացիայի նախագահ, ես գտնում եմ, որ դա լավագույն լուծումն է: Հավատացեք ինձ: ՀՖՖ-ի նախագահը պետք է լինի իշխանության հետ անմիջական կապ ունեցող մարդ, դա իմ անձնական կարծիքն է: Իմ աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ կան հարցեր, որոնք ունեն արագ լուծումների կարիք: Չունես իշխանությունների հետ անմիջական կապ, շատ հարցեր մնում են: Այժմ այդ խնդիրների առջեւ կանգնած ենք», – ասել է Ռուբեն Հայրապետյանը:
Եվ եթե հաշվի առնենք, որ Նիկոլ Փաշինյանի մոտ մինչեւ վերջերս ՀՖՖ նախագահի 3 թեկնածուի անուն էր շրջանառվում, ապա Արթուր Վանեցյանի վրա կանգ առնելու որոշումը պայմանավորված է եղել հենց իշխանությանը մոտ լինելով: Մինչ այդ հիմնական հավակնորդները երեքն էին` Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Ալեն Պողոսյանը, ՌԴ ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը եւ հայտնի ֆուտբոլիստ Սուրի Ջորկաեւը: Սակայն վերջնական արդյունքում ընտրությունը կանգ կառնի հենց Վանեցյանի վրա:
Մեր տեղեկություններով` երեկ գործկոմի անդամները մտահոգություն են հայտնել այն առումով, որ Արթուր Վանեցյանը ֆուտբոլային աշխարհից չէ, սակայն Ռուբեն Հայրապետյանը շտապել է հանգստացնել նրանց` ասելով, թե կարող է ֆուտբոլային աշխարհում երբեւէ եղած չլինի, բայց ցանկություն ունենա, որպեսզի հայկական ֆուտբոլը առաջ գնա: Վանեցյանն ինքը այնքան էլ դեմ չէ դա եւս համատեղելուն: Ամեն դեպքում, երեկ ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը լրատվամիջոցներին փոխանցել էր` Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում Արթուր Վանեցյանի առաջադրման հարցը գուցե քննարկվի, եթե գործող նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժարական ներկայացնի կամ տեղի ունենան ֆեդերացիայի ղեկավարի նոր ընտրություններ: Հավելենք նաեւ, որ Վանեցյանի թեկնածությունն այնքան էլ անսպասելի չէ, եւ պատահական չէր, որ Երեւանում հուլիսի 8-ին տեղի ունեցած Լեգենդների խաղի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցում էր հենց ԱԱԾ պետը, այլ ոչ թե, օրինակ, սպորտի եւ երիտասարդության նախարարը, որեւէ այլ պաշտոնյա կամ էլ անգամ Ռուբեն Հայրապետյանը:
Սակայն նոր ընտրություններն էլ սարերի հետեւում չեն: Նախ երեկվա նիստում քննարկել են հենց ՀՖՖ արտահերթ ժողով անցկացնելու հարցը, քանի որ անհրաժեշտություն է առաջացել օրենսդրական փոփոխությունների, համաձայն որի` ՀՖՖ-ն, որպես իրավաբանական անձանց միություն, պետք է մինչեւ 2019թ-ի փետրվար ամիսը վերակազմակերպվի Հասարակական կազմակերպության: Հենց այդ գործընթացն էլ ուղեկցվելու է ՀՖՖ նախագահի եւ գործադիր կոմիտեի ընտրությամբ: Եվ երեկ որոշում է կայացվել որպես արտահերթ ժողովի անցկացման նախնական ժամանակաշրջան սահմանել 2018թ-ի սեպտեմբերի 2-րդ տասնօրյակը: Այդ շրջանում կկայանան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի արտահերթ ընտրությունները, եւ իրադարձությունների այսպիսի պարագայում կնորացվի նաեւ գործկոմի կազմը, քանի որ փաստացի անդամները նախորդ իշխանության ներկայացուցիչներն են կամ այն ժամանակվանից մնացած անձինք, որոնց փոփոխումը նոր իրողություններում եւ նոր ՀՖՖ նախագահի օրոք անխուսափելի է:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈ՞ՒՆ
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չշտապեց գնահատական տալ Աժ պատգամավոր Աշոտ Արսենյանի շուրջ բացահայտումների մասով: Ինչպես հայտնի է` նախօրեին ՀՔԾ-ն տեղեկացրել էր, թե Մալիշկայի գյուղապետ Մհեր Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ ԱԺ ընտրություններում ընտրակաշառք բաժանելու համար. Մովսիսյանը պատգամավորի ՀՀԿ-ական թեկնածու Արսենյանից 13 մլն դրամ է ստացել՝ 1300 ձայն ապահովելու համար, որպեսզի յուրաքանչյուր ձայնի դիմաց 10 հազարական դրամ բաժանի: Առայժմ մեղադրանք է առաջադրվել միայն գյուղապետին, պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու մասին ՀՔԾ-ն որեւէ բան չի հայտնել: ԱԺ նախագահը նշեց, թե դա դեռ բացահայտում չէ, այլ հայտարարություն, ինչի իսկությունը պետք է դատարանում հաստատվի: Դիտարկմանը` արդյո՞ք չեք հավատում իրավապահներին, վերջինս պատասխանեց, թե դա առայժմ հայտարարություն է: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություններ ստանալ նաեւ պատգամավոր Արսենյանից, սակայն նրա հեռախոսն անհասանելի էր: Հիշեցնենք, որ Արսենյանը թավշյա հեղափոխությունից հետո հայտարարեց ՀՀԿ խմբակցությունն ու կուսակցությունը լքելու մասին:

 

 

ԳՈՂՈՆԸ ՉԿԱ ՈՒ ՉԿԱ
Հուլիսի 12-ին Վրաստանից Հայաստան էքստրադիցիայի ենթարկվեց հետախուզման մեջ գտնվող Պյոտր Ցիգանկովը: Հիշեցնենք, որ Ցիգանկովը մի խումբ անձանց հետ կազմակերպել էր ավազակային հարձակում: Նա գործարք կատարելու պատրվակով մտել էր Սայաթ-Նովայի փողոցում գործող «Կոնվերսբանկի» մասնաճյուղ ու սպառնացել կառավարչին` պահանջելով գումար: Ստանալով 200 հազար դոլարին համարժեք դրամ` հեռացել էր: Ավելի ուշ Ցիգանկովը հայտնաբերվել ու ձերբակալվել էր Վրաստանում: Եւ ահա, 7 ամիս անց նրան բերեցին ՀՀ: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` գողոնը` 200 հազար դոլարը, նրա հետ չի եղել:

 

 

ԲԵՌՆԱՏԱՐՈՎ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ
ՀՀ Լոռու մարզի Տաշիրի քաղաքապետ Էդգար Արշակյանի դրամական միջոցները կազմում են 31 մլն դրամ, 18 հազար դոլար եւ 1200 եվրո: Որպես եկամուտ հայտարարագրել է քաղաքապետարանից ստացած աշխատավարձը, որն ամսական կազմում է 201 հազար դրամ, եւ մոտ 6.4 մլն դրամ վարձակալության դիմաց ստացված վճարը: Թե կոնկրետ ինչ է տվել վարձակալության, քաղաքապետը հավանաբար «մոռացել է» հայտարարագրում այդ մասին նշել: Իսկ ահա պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշված է, որ Արշակյանն ունի հասարակական նշանակության երկու շինություն, անհատական բնակելի մեկ տուն եւ հողին ամրակցված մեկ հատ անշարժ գույք: Բացի այս` քաղաքապետը հայտարարագրել է, որ ունի մեկ հատ «Zaz» մակնիշի բեռնատար ավտոմեքենա:

 

 

ԿԱՐԵՎՈՐ ԿԱՐԾԻՔ
Երեկ կառավարական առանձնատանը տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը` վերջինիս նախաձեռնությամբ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ առաջին նախագահն իր տեսակետներն է հայտնել Հայաստանի առջեւ ծառացած մի շարք մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ, նրանք քննարկել են արտաքին քաղաքականությանը եւ արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր: Հատկանշական է, որ Փաշինյանը մայիսի 17-ին նշել էր, թե Սերժ Սարգսյանի հետ իր հանդիպումը տեսականորեն կարող է լինել միայն Ղարաբաղի հարցի հետ կապված որոշակի ինֆորմացիայի ստացման անհրաժեշտությունից ելնելով: Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մինչեւ այժմ Փաշինյան-Սարգսյան հանդիպում չի եղել, թեեւ նրանք շարունակում են հարեւաններ լինել՝ բնակվելով կառավարական ամառանոցում: Փոխարենը վարչապետը հանդիպել է Տեր-Պետրոսյանին, ում հետ հարաբերությունները 2013-2014թվականից դադարել էին:
Ա. Գ.

 

 

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը: «Էներգետիկ համակարգը եւ նրա նշանակությունը դժվար է գերագնահատել: Ըստ էության, ժամանակակից աշխարհում էներգետիկան մեծ վերափոխումներ է ապրում, եւ մենք պետք է կարողանանք հստակ հասկանալ ու գնահատել մեր անելիքներն այդ վերափոխումների մեջ եւ դրանց համատեքստում, որպեսզի մեր էներգետիկ համակարգը բալանսավորման եւ ռազմավարական հեռանկարի առումով համապատասխանեցնենք ժամանակակից չափանիշներին»,- ասել է Փաշինյանը: Նա նաեւ ողջունել է վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման ուղղությամբ հետեւողական քայլերի իրականացումը, միաժամանակ, անդրադարձել հիդրոէներգետիկայի բնագավառին եւ հավելել, թե պետք է բացառել մի իրավիճակ, երբ ազդակիր համայնքների կարծիքը շրջանցելով որեւէ գործողություն է արվում:

 

 

ԿՄՆԱ ՀԱՊԿ-ՈՒՄ
Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պատասխանելով ռուսական «ԽՏՎՎպՐրՈվՑ» լրատվամիջոցի լրագրողի` ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններին վերաբերող հարցին, ասել է, որ Երեւանը մտադիր է շարունակել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն Աֆղանստանում եւ Կոսովոյում համապատասխան խաղաղապահ առաքելությունների շրջանակում: Նա այդ համագործակցության շահը ՀՀ-ի համար բացատրել է այդ թվում նաեւ այն հանգամանքով, որ հայ զինվորականները հնարավորություն ունեն ստանալու նույն փորձը, ինչ ադրբեջանցիները, որոնք նույնպես ակտիվ կապ են պահում դաշինքի հետ: Իսկ դա իր հերթին օգտակար է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Ադրբեջանին արդյունավետ դիմակայելու համար: Ա. Գրիգորյանը բացառել է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորությունը: Նա նշել է, որ Արցախի հարցում Երեւանի քաղաքականությունն այժմ բնութագրվում է որպես «ակտիվ պաշտպանական», այլ ոչ պարզապես «պաշտպանական». «Դա նշանակում է, որ մենք կարող ենք անել որոշակի կանխարգելիչ քայլեր»:




Լրահոս