Իրավապահ համակարգի կողմից շարունակվում են պարտադիր զինվորական ժամկետային ծառայությունից զինակոչիկների ազատելու կամ տարկետում տրամադրելու գործընթացում տեղ գտած ապօրինությունների վերաբերյալ բացահայտումները: Մեզ հասած տեղեկություններով` իրավապահ համակարգի կողմից իրականացվող քննության արդյունքում բացահայտվել է, որ ինչ-ինչ հանգամանքներում պարտադիր զինվորական ծառայությունից ազատվածներին ավելի ուշ տվել են զինվորական գրքույկներ` վկայելով, թե իբր նրանք ծառայել են բանակում:
Եւ այսպես` հուլիսի 16-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ բացահայտվել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են մի խումբ քաղաքացիներ, պաշտոնատար անձինք, այդ թվում` բժիշկներ, զինկոմիսարիատի աշխատակիցներ: Վերջիններս կաշառքի դիմաց կազմակերպել եւ իրականացրել են 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում բժշկական կեղծ ախտորոշումների հիմքով պարտադիր զինվորական ժամկետային ծառայությունից ՀՀ շուրջ չորս տասնյակից ավելի զինակոչիկների ազատելու կամ տարկետում տրամադրելու գործընթացը: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, հարցաքննվել են տասնյակ անձինք, կատարվել է շուրջ 20 խուզարկություն, որոնց արդյունքում հայտնաբերվել են զինակոչիկների վերաբերյալ կազմված բժշկական ակտեր, գումար, գործի համար էական նշանակություն ունեցող այլ փաստաթղթեր: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել 3 անձի` Կոլյա Քոսակյանին խոշոր չափերով կաշառք տալու, Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Գարիկ Առաքելյանին եւ Արամայիս Սանոսյանին կաշառք ստանալու հատկանիշներով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Վաչոյի միջնորդությա՞մբ
Մինչ ԱԱԾ-ն բացահայտում է նոր կատարված դեպքերը, իրավապահ համակարգը նոր թափ է հաղորդում նախկինում հարուցված քրեական գործերին. որոնք մինչ այժմ փակուղի էին մտել:
Մասնավորապես մեզ հայտնի է դարձել, որ 2017 թվականին Երեւան քաղաքի բնակիչ Սարգիս Գաբրիելյանը հաղորդում է տվել հանցագործության մասին` հայտնելով, որ ծանոթներից Գեղամ Պետրոսյանն իր երկու որդիներին` Արթուր Պետրոսյանին եւ Պետրոս Պետրոսյանին, քառօրյա պատերազմից առաջ ազատել է ծառայությունից: Վերջինիս հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` կաշառք ստանալ, եւ 312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` կաշառք տալ:
Այս քրեական գործը ի սկզբանե քննվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժնում, սակայն ավելի ուշ գործը տեղափոխվել է ՀՔԾ, քանի որ գործով անցնող անձինք պաշտոնյաների անուններ են տվել:
Իսկ ի՞նչ պաշտոնատար անձանց մասին է խոսքը: Մասնավորապես իրավապահներին հանցագործության մասին հաղորդում տված Գաբրիելյանն իր ցուցմունքում նշել է, որ Գեղամ Պետրոսյանն իր որդիներին ծառայությունից ազատել է հայտնի բժիշկներից մեկի օգնությամբ. կլորիկ գումարի` 5000 ԱՄՆ դոլարի դիմաց այդ գործը գլուխ են բերել:
Սակայն նկատենք, որ 2017 թվականին այս քրեական գործը կասեցվել է: Օդում կախված լուրերի համաձայն` դեռեւս 2017 թվականին գործին խառնվել են նախագահականից: Օդում կախված նույն լուրերի համաձայն` այս քրեական գործի մասին տեղյակ են պահել Սերժ Սարգսյանին: Ու քանի որ հայտնի բժշիկը մտերիմ կապերի մեջ է եղել Սերժ Սարգսյանի թիկնազորի ղեկավար Վաչագան Ղազարյանի հետ, գործը տարել են դեպի սառեցման եւ որեւէ մեկին պատասխանատվության չեն կանչել: Իսկ որպես գործը կասեցնելու հիմք իրավապահ համակարգն ընդունել է այն, որ կաշառք տվող Գեղամ Պետրոսյանը Հայաստանում չէ: Ի դեպ, ըստ մեզ հասած լուրերի` վերջինս ամեն ինչ արել է` իր որդիներին երկրից դուրս հանելու համար, սակայն փորձերն անցել են ապարդյուն, եւ հիմա տղաները չեն կարողանում հատել սահմանը:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանման համար դիմեց ՀՔԾ-ին, ինչին ի պատասխան` հայտնեցին. «Մայիսի 22-ին գործը կասեցվել է ՀՀ քր. դատ. օր. 31 հոդվածի առաջին մասի 1-ին կետով»: Ասել է, թե ՀՔԾ-ն չի կարողանում պարզել, թե ով է անձը, որը կարող է ներգրավվել մեղադրյալ:
Խառնվել են իրար
Ավելին` ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` իրավապահ համակարգը սկսել է «անհանգստացնել» զորակոչիկների բուժզննմամբ զբաղվող բժշկական հանձնաժողովի բժիշկներին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով այս թեմայով սկսվել են լուրջ ստուգումներ, խնդիր է դրված պարզելու` իշխանության ներկայացուցիչների զավակներն այս տարիներին ազատվել են ծառայությունից օրինակա՞ն, թե՞ ապօրինի հիմքերով, եթե անգամ գործընթացն օրինական է եղել, ապա կոնկրետ ինչ պատճառներով: Այս հանգամանքը խուճապ է առաջացրել բժշկական հանձնաժողովի անդամների մոտ, քանի որ փորձը ցույց է տվել` հենց նրանց թեթեւ ձեռքով են շատերն ազատվել պարտադիր ժամկետային ծառայությունից կամ տարկետում ստացել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` այս գործընթացը տարել է այն հետքի վրա, որ եղել են դեպքեր, որ անձը ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից, սակայն ավելի ուշ նրան տրվել է զինվորական գրքույկ, թե նա ծառայել է: Արդյո՞ք իրավապահ մարմիններին կհաջողվի այս բացահայտումը հիմնավորել, սպասենք զարգացումներին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՔԿՀ ՊԵՏԵՐԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆ ՈՒ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Ինչպես հայտնի է` ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ նշանակվեց արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը: Դրանից հետո քրեակատարողական հիմնարկների որոշ պետեր հրաժարականի դիմում ներկայացրին. իրավիճակ, որը բավականին խորն արմատներ ունի: Մասնավորապես հրաժարականի դիմումներ ներկայացրին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Սերոբ Հարությունյանը եւ «Արմավիր» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանը: Առաջին հայացքից վերջինների հրաժարականը խիստ կասկածների տեղիք տվեց:
Պարզվում է, որ ծառայության նոր պետ Արտյոմ Մխոյանը չէր աշխատի Սերոբ Հարությունյանի հետ` հաշվի առնելով, թե նա ինչ հանգամանքներում է նշանակվել «Նուբարաշեն» ՔԿՀ պետ: Մասնավորապես 2016 թվականին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պաշտոնազրկվել էին միանգամից չորս ոստիկանապետ` Շիրակի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը, որը Շիրակում հասցրեց պաշտոնավարել ընդամենը մեկ տարի, Կոտայքի ոստիկանապետ Սերոբ Հարությունյանը, Արագածոտնի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանը եւ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանության բաժնի պետ Ավետիք Աբրահամյանը: Ըստ տեղեկությունների` այս ոստիկանապետերը միասին մասնակցել էին խնջույքի, որտեղ ներկա էր եղել քրեական հեղինակություն Թեւոս Սաֆարյանը` Թեւոսիկը: Ասել է, թե այս հանգամանքը եւ այլ շատ գործոններ պատճառ են դարձել, որ Սերոբ Հարությունյանին հասկացնեն, որ նա չի կարող շարունակել աշխատել:
Իսկ ինչու է հրաժարական տվել «Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանը: Տեղեկություններ կան, որ նա ամեն ինչ անում էր ծառայության պետ նշանակվելու համար, սակայն փորձերն անցել են ապարդյուն, իսկ Մխոյանի նշանակումով նա նախընտրել է զրկվել պաշտոնից, քան աշխատել նրա հետ եւ անձամբ է դիմում գրել: Այս իրավիճակին զուգահեռ` քրեակատարողական հիմնարկների որոշ պետերի, որոնց անունները կապվում են աղմկահարույց գործերի հետ, տեղափոխում են այլ ՔԿՀ-ներ: Մասնավորապես Հրազդանի ՔԿՀ պետ Վահան Մարգարյանը, որ նախկին վարչության պետ Արթուր Օսիկյանի հետ պատերազմի մեջ էր, ազատվել է «Հրազդան» ՔԿՀ պետի պաշտոնից եւ նշանակվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` առաջիկայում «Սեւան» ՔԿՀ պետը եւս կազատվի պաշտոնից:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐԻ ՈՐԴԻՆ
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին` Էդգար Տոնոյանը, իր ծառայությունը կանցկացնի Արցախի Հանրապետությունում: Էդգար Տոնոյանը Կենտրոնական զինվորական հավաքակայանում, օրենքով սահմանված կարգով, մասնակցել է վիճակահանությանը, որի արդյունքում հայրենիքի առջեւ պարտքը տալու է Արցախում: Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ բանակ զորակոչվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին:
ԽԱԺԱԿՅԱՆԻ ԲԱՑԹՈՂՈՒՄԸ
Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը Azatutyun.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք «Ելք» խմբակցությունը Երեւանի քաղաքապետի միասնական թեկնածու է առաջադրելու, ասաց, որ եթե միասին` դաշինքով գնան ընտրության, ավելի լավ կինի: «Եթե ոչ, կարծում եմ, որ առանձին-առանձին եւս ձեւավորելու ենք քաղաքային իշխանություն: Միասին կամ առանձին գնալու դեպքում լինելու է հարաբերակցություն ավագանիում, որը լինելու է հօգուտ «Ելք» դաշինքի»,-ասել է նա: Դավիթ Խաժակյանն ասել է, որ Երեւանի ՏԻՄ օրենքը հստակ չէ, ունի հակասություններ Ընտրական օրենսգրքի հետ: «Օրենք գրողները երբեւէ չէին մտածի, որ ստիպված կլինեին իրենց քաղաքապետի հրաժարականը տեսնել եւ օրենքն այնպես են գրել, որ որեւէ ընթացակարգ նախատեսված չէ, վիճելի հարցեր կան»,-ասել է նա եւ նշել, որ ընտրությունները կլինեն սեպտեմբերին: Ըստ նրա` Երեւանում կառավարումը պետք է իրականացվի ապակենտրոնացած եւ համաչափ զարգացման տեսանկյունից: Ինչ վերաբերում է «Իմ քայլ»-ը շարժմանը չմիանալուն, Դավիթ Խաժակյանը նշել է, որ դա բացթողում էր հաշվարկի առումով:
ԿԱՐԳԱԼՈՒՅԾ Է ԱՐՎԵԼ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Կորյուն աբեղա Առաքելյանը` «եկեղեցականին անհարիր վարքագծի ու հակականոնական ընթացքի համար»: Մայր Աթոռում նշել են, որ տնօրինության համար հիմք է ծառայել Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը, ինչպես նաեւ սահմանված մեկշաբաթյա շրջանում զղջմամբ ու ապաշխարությամբ դարձի գալու հորդորի անտեսումը: Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին` Արմեն Առաքելյան ավազանի անունով:
ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է վարչապետի խորհրդական հասարակական հիմունքներով: Վարչապետի մեկ այլ որոշմամբ` Հակոբ Ավագյանը նշանակվել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ:
ՆՅՈՒԹԵՐ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ
Օրերս կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք, որտեղ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամներն արգելափակել էին նրա տեղաշարժը: Կաթողիկոսի մեքենան շրջափակված է մնացել վերադարձի ճանապարհին: Նախաձեռնության անդամները մեքենաներով եւ քարերով սպառնալիքներ են հնչեցրել: ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային վարչությունում նախապատրաստվում են նյութեր, որի շրջանակում քննության առարկա են դարձվել դեպքի վերաբերյալ համացանցում առկա տեսանյութերը: Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան աշխատակիցներին միջոցներ ձեռնարկել` դեպքի բոլոր մասնակիցների ինքնությունը պարզելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, գործի համար կարեւոր նշանակություն ունեցող մի շարք այլ հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆԵՐ
Մրգաշենի ղեկավար Արամայիս Արամյանը եւ Արզնիի ղեկավար Վենիամին Վենիամինովը համայնքի ավագանիներին հրաժարականի դիմումներ են ներկայացրել: