«ԴԵՌ ՈՐԵՎԷ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԱՆՄՆԱՑՈՐԴ ՉԵՄ ՆՎԻՐՎԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի բլից հարցերին պատասխանել է երգչուհի, դերասանուհի Ռիփփին: Մենք անդրադարձել ենք Ռիփփիի մարդ, կին տեսակին, նրա էությանը բնորոշ գծերին, ընդհանուր հետաքրքրություններին: Ռիփփին խոսել է իր կատարված երազանքի եւ ապագայի վերաբերյալ տեսլականների մասին:

-Ռիփփի՛, հիմնականում մարդիկ Ձեզ ինչպե՞ս են բնութագրում:
-Քանի որ ես փոփոխվող տեսակ եմ, իմ մասին կոնկրետ կարծիքներ չկան:
-Վերջին մեկ տարում ապրած մի պահ, որն իմաստավորել է Ձեր կյանքը:
-Շատ եմ սիրում կենդանիներ, նաեւ նրանք են իմաստավորում իմ կյանքը: Զբաղվում եմ փողոցի կենդանիների խնամքով, ի դեպ, իմ շներին էլ փողոցից եմ տուն բերել:
-Քչերը գիտեն, որ…
-Ես զբաղվում եմ պրոֆեսիոնալ ձիասպորտով: Թեեւ վերջերս ավելի շատ մարդ իմացավ այդ մասին:
-Արվեստը մարդուն հնարավորություն է տալիս…
-Անընդհատ աճելու, իր վրա աշխատելու, ինքն իրեն եւ աշխարհը ճանաչելու:
-Ո՞վ կարող է դառնալ Ձեր ընկերը:
-Հոգով եւ սրտով մաքուր, դաստիարակված եւ ինտելեկտուալ մարդ: Կարծում եմ՝ եթե մարդ ինտելեկտ չունենա, մյուս հատկանիշներով էլ չի կարող օժտված լինել: Իմ բախտը բերել է, որ շատ լավ, տարիներով փորձված ընկերներ ունեմ: Դժվարին պահերին նրանք միշտ իմ կողքին են եղել:
-Կարիերայի հետ կապված մի առաջարկ եղե՞լ է, որը մերժել եք, բայց զղջում եք դրա համար:
-Շատ բաներ եմ մերժել, բայց չեմ զղջում, որովհետեւ մերժելուց առաջ բավական երկար եմ մտածել, խորհրդակցել բանիմաց մարդկանց հետ: Իհարկե, եթե այդ առաջարկներից որոշ մասը, օրինակ` ինչ-ինչ սերիալներում նկարահանվելը, ընդունեի, կարող էի դառնալ ավելի պոպուլյար եւ հնարավորություն կունենայի շատ գումար վաստակել: Բայց ես չեմ ցանկացել, որ աշխատանքս որակական առումով տուժի:
-Կինը խոցելի է, երբ…
-Այս դարում կինն արդեն խոցելի չէ, շատ ավելի ուժեղ է, ինքնուրույն, չնայած որ մեծամասնության կարծիքով աշխարհը կառավարում են տղամարդիկ: Համենայն դեպս, մեկն առանց մյուսի ապրել չեն կարող:
-Սովորաբար Ձեզ ո՞ւմ են նմանեցնում:
-Միմյանցից շատ տարբեր մարդկանց, անգամ՝ տղամարդկանց (ծիծաղում է): Դա ինձ շատ է զարմացնում: Առավել հաճախ ինձ նմանեցնում են Իրինա Շեյքին եւ Ջեսիկա Ալբային:
-Գիրք, որը փոխել է Ձեր կյանքը:
-Ստեֆան Ցվեյգի «Մարի Ստյուարտ» գործը: Եթե Մարի Ստյուարտի տեսակն ինձ դուր չէր եկել, ապա Էլիզաբեթի տեսակն ուղղակի հիացրել էր: Այդ գիրքն ընթերցելուց հետո ավելի հետաքրքրված էի նրանով: Ինձ վրա մեծ տպավորություն են գործել նաեւ Արթուր Հեյլիի բեսթսելլերները: Դրանցից մեկն, օրինակ, քաղաքականությանն է առնչվում: Երբեք չէի պատկերացնի, որ քաղաքականությունն ինձ կարող էր հետաքրքրել: Ապրելով Հայաստանում, որտեղ վերջին տարիներին քաղաքականության մեջ ինտելեկտ չկար, ես անտարբեր էի դրա նկատմամբ: Բայց հետո կարծիքս փոխեցի:
-Պատրաստ եք անմնացորդ նվիրվել այն տղամարդուն, որը…
-Ես դեռ որեւէ տղամարդու անմնացորդ չեմ նվիրվել, ինձ համար դա մի քիչ դժվար է անել: Միգուցե գա այդ ժամանակը, միգուցե ոչ:
-Շարունակե՛ք միտքը՝ «Նա, ով հավատում է իր ուժերին…»
-Կյանքում շատ առաջ կգնա:
-Եթե փախչել բոլորից, ապա դեպի…
-Բնության գիրկ:
-Մանկությունից մի հուշ, որը մոռանալ չի լինի:
-Դրանք բոլորը կապված են լուսահոգի հայրիկիս հետ: Կդժվարանամ մեկն առանձնացնել:
-21-րդ դարի մեծագույն չարիքը:
-Տգիտությունը: Շատ մեծ խնդիրներ եւ այլ չարիքներ առաջ են գալիս հենց դրանից:
-Մարդ, որից չեք դադարում սովորել:
-Հայրս: Նրանից մինչեւ օրս էլ սովորում եմ: Նրա պատգամներից շատերը հիմա նոր եմ հասկանում:
-Ձեզ համարում եք հայաստանցի, թե՞ աշխարհի քաղաքացի:
-Ես կոսմոպոլիտ եմ, նացիոնալիզմից շատ հեռու եմ, չնայած անչափ սիրում եմ իմ հողն ու ջուրը, մարդկանց:
-Այն ուղին, որն այսօր բռնել է Հայաստանը…
-Ազնիվ է ու մաքուր: Չգիտեմ՝ հետագայում ինչ կլինի, բայց կարծում եմ՝ դեպի լավն ենք գնում:
-Միշտ երազել եք…
-Բեմի վրա լինել, եւ այդ երազանքս իրականացել է:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ՀՈՒՍԱՆՔ, ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՈՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՉԻ ՓՈԽԻ»

«Իհարկե, թավշյա հեղափոխությունից ես ունեմ շատ մեծ սպասումներ, բայց, չկորցնելով սառը դատելու ունակությունը` պետք է հասկանալ, որ այդ սպասումների իրականացման համար ժամանակ է հարկավոր: Պետք է համբերատար լինել: Կարծում եմ՝ մեր երկիրը ճիշտ ուղով է շարժվում, եւ մենք դեպի լավն ենք գնում»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դերասանուհի Էվա Խաչատրյանը:

Նա անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խարիզին եւ որպես դերասանուհի՝ վերլուծեց վերջինիս կերպարը. «Ինչ խոսք, նա խարիզմատիկ է եւ տպավորիչ, իսկ որ ամենաշատն է ինձ հետաքրքրում եւ զարմացնում՝ պարոն Փաշինյանն ունի փոփոխվելու հատկություն: Նա կարող է լինել եւ համբերատար ու հավասարակշիռ, եւ բռնկուն ու էմոցիոնալ: Անկեղծ ասած՝ մեր վարչապետի կերպարը ոգեշնչում է ինձ, հուսանք, որ իշխանությունը պարոն Փաշինյանին չի փոխի»,-ասաց Էվան:
Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի մշակույթի նախարարությունից, դերասանուհին պատասխանեց, որ խնդիրները բազմաթիվ են, իսկ դրանց լուծման համար տեղին կլինի, եթե նախարարությունը հանրային քննարկումներ անցկացնի. «Արվեստը հասարակության կյանքում պետք է առաջնային դիրք գրավի, որովհետեւ արվեստից է բխում ամեն գեղեցիկ երեւույթ, արվեստն է մարդուն բարձրացնողը: Եթե մենք կարողանանք այդ գիտակցությանը գալ, կհասկանանք, որ արվեստագետին չի կարելի թողնել ծայրաստիճան աղքատ վիճակում, եւ որ, օրինակ, թատրոնում աշխատող դերասանին տարրական պայմաններից զրկելու իրավունք ոչ ոք չունի: Այնինչ` այսօր արվեստը ինչպես հարկն է, չի գնահատվում: Արժեքներ են խեղաթյուրվել»,-մեկնաբանեց նա:
Մենք Էվայի հետ մի փոքր էլ զրուցեցինք գործնական պլաններից: Նա տեղեկացրեց, որ պատրաստվում է նկարահանվել 25 մասանոց սերիալում, որը եթեր է հեռարձակվելու «Արմենիա Պրեմիում»-ով:

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

ՎԵՆԳԵՐԻ ՍԽԱԼԸ
Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է կարիերայի ընթացքում թույլ տված գլխավոր սխալի մասին. «Գլխավոր սխա՞լս, երեւի թե այն է, որ 22 տարի մնացի «Արսենալ»-ում: Ես պատկանում եմ այն մարդկանց շարքին, ովքեր չեն կարողանում նույն տեղում մնալ երկար ժամանակ, սակայն սիրում են մարտահրավերներ: Այդպես ստացվեց, որ այսքան ժամանակ ես սեփական մարտահրավերներիս զոհն էի դարձել»,-ասել է Վենգերը:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի մասնագետը լոնդոնյան ակումբը գլխավորել է 1996-2018 թվականներին:

 

 

7.5 ՄԼՆ ԵՎՐՈ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
Իտալական «Միլան»-ը շարունակում է տրանսֆերային ակտիվ քաղաքականությունը, չնայած UEFA-ի կողմից կիրառված պատժամիջոցների: Միլանյան ակումբի գլխավոր տնօրեն Մարկո Ֆասոնեն եւ սպորտային տնօրեն Մասիմիլիանո Միրաբելին գտնվում են Անգլիայում, որտեղ բանակցություններ են վարում Մորատայի ու նրա գործակալի հետ: «Ռոսոներիներ»-ի ղեկավարները դիտարկում են նաեւ Գոնսալո Իգուայինի տարբերակը: Արգենտինացու տրանսֆերն ավելի հավանական է թվում: Կողմերն արդեն հանդիպում են ունեցել: Տեղափոխության արժեքը կարող է կազմել 60 մլն եվրո, իսկ աշխատավարձը` 7.5 մլն եվրո:

 

 

ՀԵՌԱՑԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
Ֆուտբոլի Իսլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հեյմիր Հադլսգրիմսոնը հեռացել է պաշտոնից: «Ես որոշել եմ 7 տարի հավաքականի հետ աշխատելուց հետո հեռանալ: Ուրախ եմ եւ շնորհակալ եմ տղաներին, որ կարողացանք ստեղծել իսկական թիմային ոգի»,-ասել է Հադլգրիմսոնը: Մարզիչը Իսլանդիայի հավաքականի մարզչական շտաբում էր 2011թ., իսկ 2014-ից գլխավոր մարզիչն էր: Նրա ղեկավարությամբ թիմը հասավ Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչ, Ռուսաստանում ավարտված աշխարհի առաջնությունում իսլանդացիները խմբում գրավեցին վերջին տեղը եւ դուրս չեկան 1/8 եզրափակիչ:

 

 

«ԽԻՄԿԻ»-ՈՒՄ Է
Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի հարձակվող Արշակ Կորյանը կարիերան կշարունակի մերձմոսկովյան «Խիմկի»-ում: Կողմերը կնքել են վարձակալության պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ այս տարվա ավարտը: 23-ամյա Արշակ Կորյանն անցած մրցաշրջանն անցկացրեց «Լոկոմոտիվ»-ում: Ռուսաստանի Պրեմյեր լիգայում նա մասնակցել է 3 հանդիպման:




Լրահոս