Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը կքննվի օգոստոսի 9-ին: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:
Դատական նիստը նշանակված է ժամը 12:00-ին:
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրահավաք են իրականացրել նաև Ազգային ժողովի պատգամավորները: Ստորագրահավաքին միացել է 46 պատգամավոր: Ստորագրահավաքին միացել է ՀՀԿ խմբակցության 42, ՀՅԴ խմբակցության 3 և «Ծառուկյան» խմբակցության 1 պատգամավոր:
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: