ՀՀ արդարադատության նախարարությունը շուտով կառավարությանը կներկայացնի «Դատավորներին հաշվեցուցակային զենք եւ պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախագծի ընդունման դեպքում կկարգավորվեն դատավորներին հաշվեցուցակային զենք եւ պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու հետ կապված հարաբերությունները: Բանն այն է, որ «ՀՀ դատական օրենսգրքի» սահմանադրական օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորն ունի հաշվեցուցակային զենք եւ պաշտպանության հատուկ միջոցներ պահելու եւ կրելու իրավունք: Ի դեպ, դատավորներին հաշվեցուցակային զենք եւ պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը սահմանում է կառավարությունը:
ArmLur.am-ը պարզեց, որ դատավորին պահելու եւ կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք եւ պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրվելու են ՀՀ ոստիկանության կողմից: Անգամ զենքի տեսակները, ձեւը, մոդելը, փամփուշտների քանակը եւս սահմանելու է ոստիկանությունը: Նաեւ` ոստիկանությունը դատավորներին սովորեցնելու է դրանց կիրառման ձեւերը:
Ի դեպ, դատավորներին զենք եւ պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրվելու է Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումի հիման վրա: Իսկ ահա դատավորի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու կամ նրա լիազորությունները մահվան, նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու հիմքով դադարած լինելու դեպքերում տրամադրված զենքը եւ պաշտպանության հատուկ միջոցները դատավորի ընտանիքի անդամը մեկշաբաթյա ժամկետում պետք է հանձնի ոստիկանություն:
Ս. Հ.