Հայաստանում բոլոր պատգամավորներին հրահանգված է եղել ստորագրել. ովքեր չեն միացել Ռոբերտ Քոչարյանի համար ստորագրահավաքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ ստացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց փոփոխելու հարցով պատգամավորների ստորագրահավաքը: Ինչպես հայտնի է, ստորագրահավաքին միացել են 46 պատգամավոր. ԱԺ չորս խմբակցություններից երեքից միացել են ստորագրահավաքին: Բացակայում են միայն «Ելք» խմբակցության պատգամավորների ստորագրությունները:

Ըստ այդմ` 46 պատգամավորներից 42-ը ՀՀԿ խմբակցության անդամներն են, 3-ը` ՀՅԴ-ից, 1-ն էլ` «Ծառուկյան» խմբակցությունից: Երեկ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտնել է, որ «Ծառուկյան» խմբակցությունից ստորագրահավաքին միացել է Իշխան Զաքարյանը: Մամուլի հրապարակումների համաձայն` ՀՅԴ-ական պատգամավորներն են` Ռոմիկ Մանուկյանը, Արմենուհի Կյուրեղյանը եւ Ռուզան Առաքելյանը։

Հետաքրքիր է, որ ՀՀԿ-ական պատգամավորները պատրաստակամ ստորագրել են, սակայն համառորեն գաղտնի են պահում իրենց անունները: Այդ անունները չհրապարակեց անգամ Վիկտոր Սողոմոնյանը: «Ժողովուրդ» օրաթերթին այնուամենայնիվ հաջողվեց պարզել թե՛ ստորագրած, թե՛ չստորագրած պատգամավորների անուններ:

Մասնավորապես, մեր տեղեկություններով` Հայաստանում գտնվող բոլոր պատգամավորներին հրահանգված է եղել գալ, ստորագրել, այնուհետեւ միայն երկրից դուրս գալ հնարավոր խնդիրներից խուսափելու համար: Ընդ որում` նախնական նախատեսված է եղել, որ դատարան պետք է վճարվի 200 մլն գրավ, այսինքն 40 ստորագրություն եւ յուրաքանչյուրը 500 հազարական դրամ` որպես անձնական երաշխավորություն: Սակայն վերջնական արդյունքում հավաքվել է 46 ստորագրություն, եւ որպես գրավ կվճարվի 230 մլն դրամ:

Ինչպես եւ սպասելի էր, ստորագրահավաքին առաջին հերթին միացել են կարկառուն ՀՀԿ-ականները` Արա Բաբլոյան, Արփինե Հովհաննիսյան, Էդուարդ Շարմազանով, Գալուստ Սահակյան, Արմեն Աշոտյան, Գագիկ Մինասյան, Վահան Հարությունյան, Միհրան Պողոսյան եւ այլք: Ստորագրահավաքին նաեւ անկուսակցականներ են միացել, օրինակ` Արտաշես Գեղամյանը, Կարեն Բեքարյանը: Մեզ հաջողվեց ճշտել նաեւ չմիացածների մի քանի անուններ:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանն այս օրերին բուժման նպատակով գտնվում է արտերկրում եւ չի միացել ստորագրահավաքին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանն էլ նշեց, թե առհասարակ տեղյակ չի եղել ստորագրահավաքի մասին, իրեն ոչինչ չեն ասել, ինքն էլ չի միացել: Ամեն դեպքում նա խուսափեց նշել` իմանալու պարագայում կմիանար, թե ոչ: Ստորագրահավաքին չի միացել եւ այս օրերին Դիլիջանում է գտնվում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Կնյազ Հասանովը եւ մեզ հետ զրույցում նշեց, թե ինքն էլ չի միացել ստորագրահավաքին: Հայտնի է, որ ստորագրահավաքին չեն միացել նաեւ Ալիկ Սարգսյանն ու Հակոբ Հակոբյանը` Կիլիկիայի Հակոբ: Ստորագրահավաքին չեն միացել նաեւ ՀՀԿ խմբակցությունից հեռացած պատգամավորներից մի քանիսը եւս:

Իսկ մինչ այդ, նկատենք` Քոչարյանի ազատ արձակման համար երաշխավորագրի տակ ստորագրած ՀՀԿ-ականները խուսափում են բարձրաձայնել իրենց մասնակցության մասին` հասարակության վատ արձագանքից վախենալով: Չնայած իրենց քայլով դրանից առաջ էլ՝ ոճրագործությանը հաջորդած տասը տարիներին, լինելով իշխանության ղեկին` ՀՀԿ-ականները շարունակում են մնալ որպես մարտի 1-ի հիմնական պատասխանատու: ՈՒ Քոչարյանին պաշտպանելով` նրանք իրականում պաշտպանում են իրենց առաջնորդ Սերժ Սարգսյանին, ով մարտի 1-ից հետո դարձավ նախագահ, եւ ուզած-չուզած ինքն էլ պետք է որեւէ կարգավիճակով անցնի մարտի 1-ի գործի շրջանակներում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս