Նոր մանրամասներ Աղվան Հովսեփյանի որդուն պատկանող ընկերության գողությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ենթադրյալ հանցագործները արշավ են սկսել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի ընտանիքի անդամներին պատկանող սեփականությունների դեմ: Այս անգամ գողություն են կատարել Աղվան Հովսեփյանի որդուն` Միսակ Հովսեփյանին պատկանող ընկերությունից:

Այն, որ Աղվան Հովսեփյանի ընտանիքին պատկանող բիզնեսը կամ գույքը իրար հետեւից հայտնվում է ենթադրյալ հանցագործների ուշադրության կենտրոնում, մի շարք հարցեր է առաջ քաշում:
Սկսենք ամենասկզբից: Թավշյա հեղափոխությունից շուրջ մեկ ամիս անց հրաժարական տվեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ Քննչական կոմիտեի արդեն նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանը: Վերջինիս հրաժարականից երկու շաբաթ անց ենթադրյալ հանցագործները գողություն էին իրականացրել ՀՀ քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանի ընտանիքի պատկանող ամառանոցից: Մասնավորապես, Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ էր ստացվել, որ հունիսի 27-ի կեսգիշերից մինչեւ հունիսի 28-ի առավոտյան 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ներս են մտել Բյուրական գյուղի տներից մեկը եւ այնտեղից կատարել գողություն: Ըստ մամուլի հրապարակումների` գողը կամ գողերը այնտեղից տարել են սիգարներ ու մեկ հատ հուշանվեր-թուր: Ըստ նախնական վարկածի` գողը կամ գողերը տուն են մտել առաջին հարկի ճաղավանդակը կոտրելու եւ պատուհանը բացելու միջոցով: Վերոնշյալ տունը պատկանում է Հայաստանի քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին, սակայն սեփականության վկայականով այն գրանցված է նրա որդու` Նարեկ Հովսեփյանի անվամբ:

Արդյունքում, Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով` գողություն: Նախնական հաշվարկներով` պատճառված վնասը գնահատվում է 200.000 ՀՀ դրամ։

Ու մինչ իրավապահները քննում են այս գործը , պարզվում է` սա միակ հարձակումը չի եղել Հովսեփյանների ընտանիքի վրա: Տեղեկացանք, որ Աղվան Հովսեփյանի որդուն պատկանող ընկերությունը 2018 թվականի փետրվար-մարտ ամիսներին եւս եղել է ենթադրյալ հանցագործների ուշադրության կենտրոնում: Այսպիսով, մեզ հայտնի դարձավ, որ Էդգար Բալասանյանը, ըստ էության, իրեն ծանոթ Բորիկ Հայրապետյանի, Ալեն Ավագյանի եւ Արա Ազարյանի հետ համաձայնության է գալիս, որպեսզի վերջիններս համատեղ մտնեն «ՏԵԼԻԱ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ եւ այնտեղից գողություն իրականացնեն: Արդյունքում վերջիններիս համաձայնությունը հաջողությամբ է պսակվում, եւ տղաները գործի են անցնում:

Ըստ նախաքննությունը իրականացնող մարմնի` 2018 թվականի փետրվար-մարտ ամիսներին համաձայնության խումբ ստեղծած Էդգար Բալասանյանը, Բորիկ Հայրապետյանը, Ալեն Ավագյանը եւ Արա Ազարյանը 3 տարբեր օրերի ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ մտնում են «ՏԵԼԻԱ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության տարածք եւ գաղտնի հափշտակում են ընկերությանը պատկանող զգալի չափերի` 142 հազար 500 ՀՀ դրամ արժողության ընդհանուր 50 պարկ ցեմենտ:

Արդյունքում, վերոնշյալ անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի առաջին կետի հատկանիշներով` գողություն, որը կատարվել է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով: Ի դեպ, տղաների ստեղծած խմբի անդամների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին, ավելին` այս գործով նախաքննությունը ավարտվել է, եւ գործը ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իավասության դատարան: Գործը կքննի դատավոր Նապոլեոն Օհանյանը:
Նշենք, որ դեռեւս 2016 թվականին «Հետք» լրատվականը հրապարակել էր, որ «Տելիա Մայնինգ» ՍՊԸ-ն պատկանում է նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանի որդուն` Միսակ Հովսեփյանն: Նա նաեւ եղել է ընկերության տնօրեն:

Ըստ հրապարակման` 2015 թվականին Միսակ Հովսեփյանը դուրս է եկել ընկերությունից: Այժմ «Տելիա Մայնինգ» ՍՊԸ-ի 100 % բաժնետերը Հակոբ Գրիգորի Թադեւոսյանն է: Նա Միսակ Հովսեփյանի տարեկիցն է: Բացի բաժնետիրոջ փոփոխությունից ոչ մի այլ փոփոխություն տեղի չի ունեցել: Ընկերության ե՛ւ իրավաբանական, ե՛ւ գործունեության հասցեն նույնն է մնացել, ինչը նշանակում է, որ մասնակցի փոփոխությունը ձեւական բնույթ է կրում:

Քնար Մանուկյան




Լրահոս