Մինչ հասարակության ուշադրությունը սեւեռված է ներքաղաքական խնդիրներին, բավական մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել արտաքին ճակատում եւ սահմանին: Խոսքը ոչ միայն ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտու, այլեւ հայ-ադրբեջանական սահմանի մասին է, որտեղ հարեւան երկիրը մեծ քանակությամբ զորք եւ զինատեսակներ է կուտակել: Պատահական չէ, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «ռազմաքաղաքական վիճակը բավական լարված է»: Միաժամանակ նա հայտարարել էր, թե պետք է պարզապես արձանագրել այդ իրավիճակն ու ցանկացած պահի պատրաստ լինել հակահարված տալու: Նկատենք, որ սահմանին տիրող իրավիճակի լրջության մասին եւս մեկ վկայություն է Արցախի պաշտոնյաների վարքագիծը: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է Արցախի պաշտպանության նախարարություն եւ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ: Եվ չնայած պաշտոնական հաղորդագրության համաձայն քննարկումը կապված է եղել բանակաշինության հետ, եւ ամփոփվել են աշխատանքների արդյունքները, սակայն ակնհայտ է, որ այս այցելությունը եւս կապ ունի վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների հետ, եւ կրկին զգոնություն է հաղորդվել համապատասխան գերատեսչությանը:
Ակնհայտ է` այս իրավիճակում պետք է պահպանել սառնասրտություն, միաժամանակ, պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի: Ու վատթարագույն սցենարները բացառելու համար ճիշտ կլիներ, եթե գործի դրվեին բոլոր հնարավոր միջոցները, նաեւ արտաքին դիվանագիտությունն էլ ավելի ակտիվացնել` ի վերջո ջանքեր գործադրելով նաեւ լուծելու ԼՂ խնդիրը:
Հյուսիս-հարավ ավտոմայրուղու հետագա շինարարությունը հարցականի տակ է. պատճառը ծրագրի ծախսատարությունն է, քանի որ նախկինում այս նպատակով տրամադրված գումարների մեծ մասն էլ գրպանվել են: Հիմա իրավապահները զբաղվում են այդ ծրագրում եղած կոռուպցիոն դրսեւորումներով, արդեն հարուցվել է քրեական գործ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է. «Հյուսիս-հարավի հարցը հիմա քննարկվում է: Հանձնարարվել է ուսումնասիրել նախկինում կատարված աշխատանքների թերությունների պատճառները, հասկանալ բոլոր խնդիրները` կապված շինարարների, ծախսված գումարների արդյունավետության հետ, եւ միայն դրանից հետո որոշել` ինչպես շարունակել այդ ծրագիրը: Գիտեք, որ ծրագիրն այնքան էլ հաջող չի իրականացվել նախկինում: Պետք է նախ հասկանալ` ինչ ունենք, հետո միայն շարժվել առաջ: Հիմա վարչապետի հանձնարարությամբ այդ հարցն ուսումնասիրվում է»:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` դեռ ՀՀԿ իշխանության ժամանակ «Վանաձոր» ՔԿՀ պետ Գեւորգ Մկրտչյանի դեմ հարուցված քրեական գործը քաղաքական ենթատեքստ է ունեցել: ՔԿՀ պետը մեղադրվել է մի բանում, որն առկա է հայաստանյան բոլոր ՔԿՀ-ներում անխտիր՝ գումարի դիմաց թույլ են տալիս կալանավայր մտցնել արգելված իրեր, այդ թվում՝ թմրանյութ, թույլ են տալիս զբաղվել թղթախաղով: ՈՒ միայն մեկ ՔԿՀ ղեկավարի այդ արարքի համար կալանավորելը, մեղմ ասած հասկանալի չէ: Բայց, ըստ մեր աղբյուրների, «Վանաձոր» ՔԿՀ պետը հրաժարվել է ԱԺ ընտրություններում աշխատել ՀՀԿ-ի օգտին, կալանավորներին ու դատապարտյալներին չի ստիպել ՀՀԿ-ին քվեարկել, այլ նա ակտիվ լոբբինգ է արել նախկին «Հայկական վերածնունդ», այժմ ՕԵԿ-ը: Դե այս ամենն էլ դուր չի եղել այն ժամանակվա իշխանություններին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` որոշ ժամանակով առկախված է գազալցակայաններ կառուցելու եւ շահագործելու թույլտվություն տալու գործընթացը: Բանն այն է, որ այս արգելքը գործում էր նաեւ Կարեն Կարապետյանի վարչապետության ժամանակ, սակայն փաստորեն նոր իրողությունները ոչինչ չեն փոխել, եւ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն էլ դեռ որոշ ժամանակ գազալցակայաններ շահագործելու թույլտվություն չի տա: Մեր տեղեկություններով` պատճառը «Գազպրոմ Արմենիա»-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունն է, ըստ որի` նոր քարտեզներ եւ նոր կանոնակարգեր են մշակվում: Իսկ այդ ընթացքում Քաղաքաշինության պետական կոմիտեն մերժում է անխտիր բոլորի` գազալցակայաններ կառուցելու թույլտվությունների մասին դիմումները: Հատկանշական է փաստը, որ այս գործելաոճը կարող է խանգարել տնտեսապես՝ հաշվի առնելով, որ նոր գազալցակայանները նոր աշխատատեղեր են, բյուջե՝ հարկային մեծ եկամուտներ, եւ այսպես շարունակ:
ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՏՐԱՍՏ
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարել է, թե չի պատրաստվում հրաժարական ներկայացնել: Միաժամանակ նա հավելել է, որ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման պահանջ դնի, ինքը հրաժարական կտա: «Եթե իշխանությունը չուզեց, ես չեմ աշխատի»,- եզրափակել է Գյումրու քաղաքապետը:
Տպավորություն է, որ Բալասանյանը որոշել էր ամառային այս օրերի տապը ցրել նման հումորային ելույթներով. այլ կերպ, թերեւս, դժվար է ընդունել նրա երեկվա հայտարարությունները:
Բանն այն է, որ վարչապետի պահանջով հրաժարականի պատրաստակամության մասին խոսել է մի պաշտոնյա, որը, ընդամենը վերջերս օգտվելով օրենսդրական սողանցքներից, փորձեց ամրապնդել իր դիրքերը, որպեսզի ավագանին գոնե մեկ տարի հնարավորություն չունենա բարձրաձայնել իրեն անվստահություն հայտնելու հարցը: Հիշում եք` Բալասանյան դաշինքի ավագանու անդամները Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ էին հանդես եկել` միաժամանակ փորձելով իբր քաղաքապետի մեկ այլ թեկնածու առաջադրել: Բայց ավագանու արտահերթ նիստում այս հարցը քննարկման առարկա դարձնելուց հետո նրանք ետ կանգնեցին նախաձեռնությունից ու թողեցին, որ Բալասանյանը հանգիստ շարունակի պաշտոնավարումը: Այս խորամանկ խաղի ողջ իմաստն էլ այն էր, որպեսզի Գյումրու ավագանու մյուս ուժերը, որոնք ընդդիմադիր են Բալասանյանին, հանկարծ չկարողանան իրենք պաշտոնանկության գործընթացը կազմակերպել. ՏԻՄ մասին օրենքով քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցն ավագանու նիստում կարող է քննարկվել տարեկան առնվազն մեկ անգամ:
Իհարկե, դրանից բավական հետո եղավ ՊԵԿ հաղորդագրությունն այն մասին, որ Բալասանյանի ընտանիքին պատկանող Գյումրու գարեջրի գործարանը խուսափել է հարկային պարտավորությունները կատարելուց` ՀՀ պետական բյուջե չվճարելով մոտ 360 միլիոն դրամ: Հավանաբար, հենց այս հայտարարությունն է դեր խաղացել, որ Բալասանյանը վերանայի իր մոտեցումներն ու համակերպվի իշխանության պահանջով հրաժարական տալու մտքին, դեռ ավելին՝ բարձրաձայնի այդ մասին:
Իմիջիայլոց, մեկ հիշեցում. Բալասանյանի լեգիտիմությունն, այնուամենայնիվ, կասկածի տակ է, քանի որ նրա ղեկավարած «Բալասանյան» դաշինքն ավագանիում մանդատների մեծամասնությունը ստացավ վիճահարույց որոշման արդյունքում` ընտրություններին հավաքելով ընդամենը 35 տոկոս: Բայց դե ՀՀԿ իշխանության աճպարարները կարողացան նրա համար ապահովել 33 մանդատից 17-ը: Այնպես որ, ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել: