ԵԹԵ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵՄ, ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի հետ հարցազրույցը:

-Պարո՛ն Անանյան, գազալցակայաններում ստուգումների արդյունքում հարկային պարտավորություններից խուսափելու դեպքեր բացահայտվեցին: Ինչո՞ւ նախկինում հաճախ չեն կատարվել:
-Նախկինում էլ են կատարվել, ուղղակի մենք հիմա թիրախավորել ենք, մեր կարծիքով, ռիսկային ոլորտները: Դրանք երկուսն են. ավտոգազալցակայանները եւ հանրային սննդի ոլորտը: Դրանցում, թերեւս, ստվերի լինելիությունը շատ ավելի հավանական է, որովհետեւ հսկողության առումով համակարգերը շատ ավելի բարդ են: Հարկման տեսանկյունից նրանք գտնվում են այնպիսի դաշտում, որ օրինակ, հանրային սննդի ոլորտը նախկինում եկամուտները եւ ծախսերը հայտարարագրելու որեւէ իրավական պարտականություն, մոտիվացիա չի ունեցել: Հետեւաբար, այսօր նոր իրավակարգավորումների շրջանակներում նրանց մոտ հսկողական գործառույթներ իրականացնելը շատ ավելի հասցեական կլիներ, եւ շատ հարցերի պատասխաններ մենք կունենայինք: Գազալցակայանների վերաբերյալ հսկողական գործառույթներ նախկինում էլ են եղել: Թերեւս մեր վերջին երկու ամսվա գործունեությունը շատ ավելի խորն է եւ հասցեական:
-Առաջիկայում պաշտոնատար անձանցից ովքե՞ր են հարցաքննության կանչվելու:
-Հարցաքննության կանչելը չպետք է ինքնանպատակ լինի: Դա քննչական գործողությունների շրջանակում մեկ դրվագ է: Այդ դրվագը չի կարող դոմինանտ լինել մնացած ամբողջի նկատմամբ: Մեր կարծիքով` որեւէ կապ չունի` որ անձն է պաշտոնավարում, եւ ով է այդ անձը: Մեկ օրինակ բերեմ` ՊԵԿ օպերատիվ վարչության պետի օրինակը: Կարեն Կարապետյանին ես հրավիրել եմ աշխատանքի, ես եմ ընդունել նրան օպերատիվ վարչության պետի պաշտոնում: Նա իմ կադրն է, իմ հրավիրած կադրն է, բայց որոշակի վարքագծի վերաբերյալ հերքելու կամ հաստատելու համար այն նախնական փաստերը, որ մենք ստացել ենք, բացվել է ծառայողական քննություն: Եվ այդ ծառայողական քննության արդյունքներով որոշակի որոշումներ կկայացվեն: Այս անձին հարցաքննել, այն անձին հարցաքննել, նա լավ աշխատեց, այն մյուսը վատ աշխատեց, նրան տանենք, դատենք, նստացնենք` մենք այդպիսի կատեգորիաներով չենք ապրում եւ չենք առաջնորդվելու: Մենք կատարելու ենք մեր սուրբ պարտականությունը` հարկային եւ մաքսային վարչարարություն, ու մեր իրավապահ գործառույթներն ենք իրականացնում: Ցանկացած փուլում, եթե խնդիրները ես չեմ կատարում, բնականաբար, պետք է հրաժարական տամ: Իմ հրաժարականը կարող է լինի վաղը, կարող է լինի մեկ տարի հետո կամ երկու ամիս հետո: Նայած, թե որ փուլում ենք վարչապետի հետ միասին որակելու իմ պաշտոնական պարտականությունների չկատարման վերաբերյալ:
-Ընդհանուր առմամբ, Ձեր առջեւ դրված առաջնային խնդիրը ո՞րն է:
-Ընդհանուր առմամբ, հարկային եւ մաքսային համակարգերի բնականոն աշխատանքը եւ նախկին գործելաոճից տարբերվող գործելաոճ ցուցադրելը, բյուջետային եկամուտները ծրագրավորված եւ նաեւ ծրագրավորվածից ավելի հավաքագրումը, օրենսդրության հստակ պահպանումը, հարկային վարչարարության իրագործումը, ստվերային տնտեսության դեմ պայքարը: Ես կարող եմ այսպես թվարկելով գնալ: Մեր հիմնական նպատակը հարկային եւ մաքսային մարմինների առջեւ դրված, բյուջետային եկամուտների ծրագրավորած ցուցանիշների գերակատարումն է:
-Թավշյա հեղափոխությունից հետո սուպերմարկետներին առնչվող խնդիրներ բացահայտվեցին: Այժմ դրանք ի՞նչ կերպ են աշխատում եւ ինչպե՞ս է վերահսկվում, որպեսզի աշխատանքն այլեւս ԱՁ-ների միջոցով չկատարվի:
-Սուպերմարկետներն այժմ իրականացնում են իրենց գործառույթներն այնպես, ինչպես որ մենք պայմանավորվել էինք հանրության հետ: Իսկ պայմանավորվածությունը հետեւյալն էր. մենք` որպես հարկային ծառայություն իրականացնող մարմին, պետք է վերահսկողության տակ առնենք սուպերմարկետների գործունեությունը: Եվ մենք հայտարարեցինք, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները չեն գործում այլեւս: Դա նշանակում է, որ ամեն ինչ պետք է լինի օրենսդրության շրջանակներում: Հետեւաբար, այսօր գյուղմթերքի եւ մսամթերքի վաճառքը չի իրականացվում առանձնացված անհատ ձեռնարկատերերի միջոցով, այլ իրականացվում է տվյալ տնտեսվարող սուբյեկտի կողմից: Սա նաեւ հնարավորություն է ընձեռում իրենց շրջապատում գործող մանր ու միջին կազմակերպություններին, որոնք ունեն բանջարեղենի կամ մրգի փոքրիկ խանութներ, նրանց համար ավելի լավ պայմաններ են ստեղծվել: Բայց ամեն դեպքում դա չէ կարեւորը: Կարեւորն այն է, որ մենք պետք է ուղղակի օրենսդրության միատեսակ կիրառումը, միատեսակ վարչարարության մթնոլորտ ապահովենք, իսկ շուկայական ազատ մրցակցությունը պետք է թողնենք տնտեսվարողներին:

 

 

 

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Պետական եկամուտների կոմիտեում քրեական գործ է հարուցվել Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման ընթացքում հնարավոր չարաշահումների առնչությամբ: Երեկ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այցելել էր Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 65-րդ կմ-ն ընդգրկող հատված: Տեղում նախարարը ծանոթացավ շինարարական աշխատանքներին, սակայն դժվարացավ հստակ նշել, թե քանի տարում է ծրագիրն ամբողջությամբ իրականացվելու:

Հուլիսի 10-ին էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս խնդրով խորհրդակցություն էր անցկացրել: Կառավարության ղեկավարը շեշտել էր. «Մեր կառավարության օրոք կասկածելի որակով ճանապարհ չպետք է կառուցվի»: Նշենք նաեւ, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մի քանի ներդրողներ վերջերս հանդիպել են վարչապետի հետ եւ պատրաստակամություն հայտնել վարկ տրամադրելու: Միակ նախապայմանն այն է եղել, որպեսզի պետությունը երաշխիքներ տրամադրի: Վարչապետը, սակայն, հրաժարվել է առաջարկից այն պատճառով, որպեսզի պետական պարտքը չավելանա: Թեմայի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է վարչապետի խոսնակ Արման Եղոյանի հետ:
-Պարո՛ն Եղոյան, մենք տեղեկություններ ունենք, որ վերջին շրջանում վարչապետին տարբեր ընկերությունների կողմից առաջարկվել է կառուցապատել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շատ հատվածներ պայմանով, որ կառավարությունը պետական երաշխիքներ կտրամադրի: Սակայն Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է` պատճառաբանելով, որ չի ցանկանում Հայաստանի արտաքին պարտքն այդպիսով ավելացնել:
-Ես նման առաջարկի մասին տեղյակ չեմ: Իսկ ընդհանուր առմամբ, Հյուսիս-հարավի խնդրից դուրս, վարկերի հետ կապված կարող եմ ասել` այո՛, կառավարությունը հակված չէ ծանրաբեռնել Հայաստանի արտաքին պարտքը: Հյուսիս-հարավի հարցը հիմա քննարկվում է: Հանձնարարվել է ուսումնասիրել նախկինում կատարված աշխատանքների թերությունների պատճառները, հասկանալ բոլոր խնդիրները` կապված շինարարների, ծախսված գումարների արդյունավետության հետ, եւ միայն դրանից հետո որոշել` ինչպես շարունակել այդ ծրագիրը: Գիտեք, որ ծրագիրն այնքան էլ հաջող չի իրականացվել նախկինում: Պետք է նախ հասկանալ` ինչ ունենք, հետո միայն շարժվել առաջ: Հիմա վարչապետի հանձնարարությամբ այդ հարցն ուսումնասիրվում է:
-Այսինքն` այն բոլոր մարդիկ, ովքեր խնդիրներ են ստեղծել ծրագրի համար, հնարավոր չարաշահումների հեղինակ են, պատասխանատվություն են կրելու:
-Դա տրամաբանորեն բխում է վարչապետի հայտարարած քաղաքականությունից: Բնականաբար, եթե եղել են չարաշահումներ, մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն: Արդեն համապատասխան ընթացակարգով համապատասխան մարմինների կողմից դա պետք է արվի:
-Քանի որ մինչեւ օրս Հյուսիս-հարավ ծրագրի տնտեսական արդյունավետության հիմնավորումը չի ներկայացվել, հնարավո՞ր է` ծրագիրն ընդհանրապես փակվի:
-Ծրագիրը փակելու խնդիր դրված չէ: Դա չի կարող լինել ինքնանպատակ: Խնդիր է դրված ուսումնասիրել ծրագրի արդյունավետությունը եւ արդեն իսկ կատարված աշխատանքի արդյունավետությունը: Արդյունքների հիման վրա որոշում կկայացվի, այդ թվում` ծրագրի դետալների հետ կապված:

Նյութերը` ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

 

 

 

ԿՈՏՐՎԱԾ ՆՍՏԱՏԵՂԵՐՈՎ
Պարզվում է` հաշմանդամության կարգի համար պայքարող քաղաքացիները սոցիալական ապահովության ծառայությունների տարածքային բաժիններում անգամ նստելու տեղ չունեն: «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը երեկ ականատես է եղել, թե ինչպես մի շարք քաղաքացիներ հերթ են կանգնել Աջափնյակի սոցիալական ապահովության տարածքային բաժնում իրենց խնդիրների հետ կապված: ՈՒ ողջ ընթացքում մարդկանց մեծ մասը ստիպված է եղել ոտքի վրա մնալ: Մոտ 20 հոգուց նստելու տեղ ունեցել է ընդամնեը 9 քաղաքացի: Ի դեպ, բաժնում դրված են եղել նստատեղեր, բայց արի ու տես, որ դրանք շարքից դուրս եկած էին: Անգամ դրանց վրա եղել է նախազգուշացում, որ կոտրված է, պետք չի նստել: Իսկապես ցավալի պատկեր է, հուսանք՝ նոր Հայաստանի իշխանությունները ձեռնամուխ կլինեն նաեւ նման խնդիրների լուծմանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հայտարարել, թե իրենց համար կարեւոր է քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը:

 

 

ԱՎԵԼԻ ՔԱՆ 1.8 ՄԼՐԴ ԴՐԱՄ` ՊԵԿ-ԻՆ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեին առաջիկայում կառավարությունը կհատկացնի 1 մլրդ 873 մլն 200 հազար դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նշված գումարով կբավարարվի արտադրող եւ ներմուծող տնտեսվարող սուբյեկտների կողմից ակցիզային դրոշմանիշների եւ դրոշմապիտակների աճող պահանջարկը: Այսպես, կառավարությունը ինն ամսում կհատկացնի 1 մլրդ 873 մլն 200 հազար դրամ: Ընդ որում` ակցիզային դրոշմանիշների ձեռքբերման համար կծախսվի 360 մլն դրամ, իսկ դրոշմապիտակների ձեռքբերման համար` 1 մլրդ 513 մլն 200 հազար դրամ:

 

 

ԷԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի` հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում ընդունված նախագծերի մեծ մասի հեղինակը կառավարությունն է: Սա վաղուց արմատացած սովորություն է: Parliamentmonitoring.am կայքի ուսումնասիրությունից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդունված օրենքների 80.3 տոկոսը (122 նախագիծ) հեղինակել է կառավարությունը, 19.7 տոկոսը (30)` խորհրդարանը: Ընդ որում` ոլորտների առումով բազմազանություն նկատվում է: Օրինակ, 41 նախագիծ վերբերում է պետաիրավական հարցերի, 12 նախագիծ` հանրային հարցերի, 8-ը հարկային հարցերի, 7-ն էլ տնտեսական: Ամենաքիչ քանակությամբ նախագծեր վերաբերել են կրթության եւ արտաքին հարաբերությունների ոլորտներին:




Լրահոս