ՍԱՀՄԱՆՆԵՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՄՏԱՀՈԳԻՉ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ներքաղաքական զարգացումների ֆոնին մտահոգիչ է սահմանի տիրող իրավիճակը: Եթե նախկինում խոսքը միայն ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող լարվածության մասին էր, հազվադեպ` նաեւ Տավուշի հատվածում, ապա վերջին շրջանում եւ հատկապես թավշյա հեղափոխությունից հետո իրավիճակը վտանգավոր է նաեւ Նախիջեւանի հատվածում կամ, օրինակ, Ճամբարակի շրջանում:

Խոսքը ոչ միայն լարածության, կրակոցների, այլ նաեւ սպառազինության ցուցադրման մասին է, եւ եթե, օրինակ, Նախիջեւանի հետ սահմանին ադրբեջանական միայն մեկ փոքրիկ զորամաս էր գործում, ապա այժմ նրանց թիվն էլ է մեծանում, սպառազինությունների կուտակումը սահմանին` եւս:
Եվ որքան էլ Հայաստանում այժմ ներքաղաքական իրավիճակը հանգիստ է եւ հայ հասարակությունը զբաղված է ներհայաստանյան իրողություններով, այս ու այն բացահայտումներով, սակայն սահմանների վիճակը եւ պատերազմի հնարավոր վերսկսման մասին խոսակցությունները չեն դադարում:
Այս ամենը շատ լավ հասկանում են նաեւ գործող իշխանությունները` ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Պատահական չէ, որ նա փորձում է տարբեր առիթներով հիշատակել Արցախի կողմից տարվող ագրեսիվ քաղաքականության մասին: Նիկոլ Փաշինյանն այդ առիթն անգամ օգտագործեց ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ ելույթ ունենալիս եւ միջազգային հանրության ուշադրությունն այդ կերպ հրավիրեց սահմանային լարվածության վրա: «Վերջերս Հայաստանի հետ սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից հրահրված հրադադարի խախտման եւ սադրանքների դեպքերը լուրջ կասկածի տակ են դնում Բաքվի հանձնառությունը խաղաղության գործընթացին: Մենք վերահաստատում ենք ձեռք բերված նախորդ պայմանավորվածությունների իրականացման կարեւորությունը, մասնավորապես Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում եւ Ժնեւում կայացած հանդիպումների ժամանակ ձեռք բերվածները, որոնք ի թիվս այլոց, ուղղված են խաղաղության համար նպաստավոր պայմանների ստեղծմանը եւ վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմանը» – նշել էր նա:
Արդեն ավելի ուշ նա նաեւ կարեւոր ուղերձ էր հղել լրագրողների հետ զրույցում: Նա մասնավորապես նշել էր, թե Ադրբեջանի կողմից որեւէ գրոհ կամ հարձակում կլինի ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլ նաեւ մարդու իրավունքների ու ժողովրդավարության դեմ: Սա իհարկե հստակ մեսսիջ է եւ այն էլ Ադրբեջանում տիրող ոչ ժողովրդավար գործընթացների ֆոնին: Փաշինյանը ռազմաքաղաքական լարված վիճակի մասին խոսել էր նաեւ ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին պատասխանելիս` միաժամանակ նշելով, որ իրողությունները պետք է ո՛չ գերագնահատել, ո՛չ էլ անտեսել,այլ այդ ամենն ընդունել ի գիտություն:
Ստեղծված վտանգավոր իրավիճակի մասին է վկայում նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Օրակարգում, ինչպես հայտնի է, ԼՂ հիմնախնդիրն ու արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցերն են եղել: Ի վերջո նման հանդիպումներ միշտ չէ, որ տեղի են ունենում, հատկապես, Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ: ՈՒ եթե առաջին նախագահը դիմել է այդ քայլին, ուրեմն ունի որոշակի մտահոգություններ, անհանգստություններ:
Միաժամանակ նկատենք, որ սահմանին տիրող իրավիճակի լրջության մասին եւս մեկ վկայություն է Արցախի պաշտոնյաների վարքագիծը: Մասնավորապես, երեկ Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է Արցախի պաշտպանության նախարարություն եւ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ: Եվ չնայած պաշտոնական հաղորդագրության համաձայն քննարկումը կապված է եղել բանակաշինության հետ, եւ ամփոփվել են աշխատանքների արդյունքները, սակայն ակնհայտ է, որ այս այցելությունը եւս կապ ունի վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների հետ, եւ կրկին զգոնություն է հաղորդվել համապատասխան գերատեսչությանը:
Ավելին` մեր տեղեկություններով` այս օրերին հայաստանյան շատ գործիչներ են Արցախ այցելում, հանդիպում ղեկավարությանը, փորձում հասկանալ իրավիճակի լրջությունը: Եվ նրանց հատկապես անհանգստացնում է Արցախի անկանխատեսելի լինելը, երբ վերջինս մե՛կ Արցախի ուղղությամբ, մե՛կ Տավուշի, մե՛կ էլ Ճամբարակի ուղղությամբ է կրակում` այդպիսով հնարավորություն չտալով հասկանալ, թե հնարավոր լայնամասշտաբ գործողությունների դեպքում որտեղից, ինչպես է գործելու Ադրբեջանը: Մեր տեղեկություններով` այս օրերին Արցախի ղեկավարության հետ մշտապես կապի մեջ է անգամ Սերժ Սարգսյանը: Հետաքրքիրն այն է, որ պատերազմի վերսկսման մասին խոսակցությունները չեն դադարում նաեւ Սփյուռքում եւ հատկապես այն տեսակետն է իշխում, թե Ադրբեջանը սպասում էր Ռուսաստանում տեղի ունեցած ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին, որպեսզի վճռական գործողությունների դիմեր: Այդպիսի տեսակետ է հնչել անգամ քաղաքագիտական շրջանակներում, եւ այս ամենը եւս մեկ անգամ զգաստանալու եւ ամեն ինչին պատրաստ լինելու հանգամանք պետք է լինի:
Հուսանք` հոռետեսական կանխատեսումները չեն իրականանա, բայց եւ երկիրը պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ
Ինչպես հայտնի է, գեներալ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը, ում մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու, ինչպես նաեւ խոշոր չափով գույք հափշտակելու համար, շարունակում է մնալ կալանքի տակ: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրված նաեւ Գրիգորյանի կնոջը` Նազիկ Ամիրյանին, որն ի տարբերություն ամուսնու` ձերբակալվեց, բայց հետո ստորագրությամբ ազատ արձակվեց: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ այս քրեական գործի վերաբերյալ փորձել է մեկնաբանություններ ստանալ Նազիկ Ամիրյանից, սակայն նա հրաժարվել է խոսելուց: «Քննության պրոցեսը գնում է, կավարտվի, ամբողջ ինֆորմացիան կստանաք»,-ասաց Նազիկ Ամիրյանը: Որեւէ այլ հարցի գեներալի կինը չցանկացավ պատասխանել: Հիշեցնենք, որ Ամիրյանն իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ ամուսնու վերաբերյալ ԱԱԾ-ի հայտնի տեսագրության հրապարակման հաջորդ օրը հրահանգել էր ԵԿՄ շենքից «տուշոնկաներ»-ի արկղերը դուրս բերել: Սակայն բեռնված ավտոմեքենաները հայտնաբերվել էին ոստիկանության կողմից, ինչի արդյունքում կանխվել էր արկղերի տեղափոխումն այլ վայր: Եւ, ընդհանրապես, տեսակետ կա, որ գեներալի ամառանոցում հայտնաբերված «տուշոնկաներն» ու խտացրած կաթը այդտեղ հասել է Ն.Ամիրյանի միջոցով, ու որ նա է կազմակերպել այդ ամենը:

 

 

ՀԵՐԹԱԿԱՆ ՎԱՐԿԸ
Այսօր ՀՀ կառավարությունը կհաստատի մարտի 30-ին ՀՀ-ի կառավարության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ կնքված ֆինանսական համաձայնագիրը հաստատելու մասին նախագահի հրամանագրի նախագիծը, որն էլ կներկայացվի նախագահի հաստատմանը: Տեղեկացնենք, որ այս համաձայնագրով նախատեսվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին տրամադրել 500 հազար եվրոն չգերազանցող գումարի չափով դրամաշնորհ: «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նշված գումարը անհրաժեշտ է, Միասնական հարկային օրենսգրքի ամբողջական կիրարկումը նախապատրաստելու, ֆիսկալ բարեփոխումներին հետամուտ լինելու եւ հարկաբյուջետային վարչարարությունն ամրապնդելու ծրագիրը ֆինանսավորելու նպատակով: Հատկանշական է փաստը, որ նոր կառավարությունը տեւական ժամանակ խուսափում էր վարկային միջոցներ ներգրավելուց, որպեսզի չավելացնի առանց այն էլ նախկին իշխանությունից ժառանգույթուն մնացած ահռելի չափերի պետական պարտքը: Բայց նման գործելաոճով երկար շարունակել կարծես թե չեն կարող, եւ հիմա գնում են այդ քայլին: Վերջին ամիսների հակակոռուպցիոն պայքարից հետո միակ մխիթարանքն այն է, որ վարկային միջոցները կօգտագործվեն ըստ անհրաժեշտության, այլ ոչ թե կգրպանվեն, ինչպես եղել է նախկինում:

 

 

ԴԵՌ ՎԱՂ Է
ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ասել է, որ կոռուպցիան եւ բոլոր տնտեսվարողների համար հավասար հնարավորություններ չապահովելը Հայաստանում ամերիկյան ներդրումների ճանապարհին խոչընդոտ էր: Հարցին, թե այսօր, երբ ՀՀ կառավարությունը լուրջ պայքար է սկսել կոռուպցիայի դեմ, հնարավո՞ր է ամերիկյան խոշոր ներդրումներ գան Հայաստան, դեսպանը պատասխանել է. «Կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված աշխատանքները, խաղի հավասար պայմանների ապահովումը շատ ողջունելի են ամերիկացի ներդրողների համայնքի կողմից: Բայց կարծում եմ` դեռ վաղ է նոր խոշոր ներդրումների մասին հայտարարելը կամ դրանք սկսելը Հայաստանում: ԱՄՆ գործարար համայնքի կողմից մենք շատ հարցումներ ենք ստանում Հայաստանում առկա հնարավորությունների մասին, հետաքրքրություն կա, բայց ներդրողները ցանկանում են տեսնել, թե արդյոք կառավարությունը հետամուտ է լինում կոռուպցիայի դեմ ուղղված քայլերին, քննությունները, որոնք սկսվել են կոռուպցիոն գործերով, ինչպես է դրանց ընթացքը ապահովվելու, դրանց համապատասխանությունը օրենքի եւ իրավունքի պահանջներին»:

 

 

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտոր Սվիտալսկին հայտարարել է, որ «Մարտահրավերների հանդեպ Սիրիայի հայերի եւ տեղի բնակիչների դիմադրողականության բարձրացումը» ծրագրի իրականացման համար կարեւոր է գիտակցել, որ այդ հարցում փողը հիմնական գործոնը չէ: Նա շեշտել է, որ այս ծրագիրը կտեւի երեք տարի: Սվիտալսկին նաեւ նշել է, որ ԵՄ-ն այս ծրագրի իրականացման համար մոտ 3 մլն եվրո է տրամադրել. «Եվրամիության համար շատ կարեւոր է աջակցել Սիրիայից փախստականներին Հայաստանում նոր իրողություններին նրանց լիարժեք ինտեգրման համար»: Դիվանագետն ընդգծել է, որ Հայաստանը Սիրիայից ամենաշատ փախստականներ ընդունած երկրներից մեկն է, եւ այդ կապակցությամբ Եվրամիությունը որոշել է աջակցել հանրապետությանը սիրիացի փախստականների ինտեգրման հարցում: ԵՄ պատվիրակության ղեկավարը գտնում է, որ սիրիահայերի գիտելիքներն ու հմտությունները կարող են նպաստել ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացմանը:

 

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան երեկ հայտարարել է, որ Իտալիան ԵԱՀԿ-ն նախագահելու շրջանակներում աջակցություն կցուցաբերի Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը: «Մենք ցանկանում ենք, որ բանակցային ձեւաչափը փոփոխելու փոխարեն, ընդհակառակը, բանակցություններում գտնվեն նոր ուղիներ տարածաշրջանում անվտանգություն ապահովելու համար: Մեր կարծիքով` այդ հակամարտությունը պետք է լուծվի ոչ թե ռազմական, այլ քաղաքական ճանապարհով»,-ասել է Իտալիայի նախագահը: Վերջինս նաեւ նշել է, որ ԵԱՀԿ-ն ներկայումս նախագահում է Իտալիան: «Մենք հուսով ենք, որ Իտալիան` որպես ԵԱՀԿ-ն նախագահող երկիր, ակտիվ դեր կխաղա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,-ասել է նա: Նա կրկնել է Բաքվի կողմից բազմիցս հնչեցված մոտեցումները, թե հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:




Լրահոս