ՔՐԳՈՐԾԸ՝ ՀՀԿ ՕԳՏԻՆ ՉԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԵՏԵՎԱ՞ՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ ՀՀԿ իշխանության օրոք «Վանաձոր» ՔԿՀ պետ Գեւորգ Մկրտչյանը հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվեց: Պարզվում է` այս գործը քաղաքական ենթատեքստ ունի, եւ տեսակետ կա, որ նախկին իշխանությունները նրան փորձել են պատժել ընտրություններին ՀՀԿ օգտին չաշխատելու, ՀՀԿ օգտին աշխատանքները սաբոտաժի ենթարկելու համար:

Գաղտնիք չէ ոչ ոքի, որ գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկներում կան արտոնյալ դատապարտյալներ, որոնք թղթախաղով են զբաղվում կամ ստիպում են մյուս դատապարտյալներին մասնակից դառնալ այդ գործընթացին, թմրանյութ են օգտագործում, քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր են մտցնում եւ այլ անօրինական գործողություններ կատարում:
Թերեւս դրա վառ ապացույցը վերջին մեկ տարվա ընթացքում բացահայտված դեպքերն են: Մասնավորապես 2017 թվականին բացահայտվել էր, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի կալանավորներին մարմնավաճառներ են այցելել, իսկ այդ գործում դերակատարություն են ունեցել ՔԿՀ պաշտոնատար անձինք: Արդյունքում մեղադրյալի աթոռին հայտնվեցին մանր ձկները` ՔԿՀ պետի տեղակալ Կարապետ Մկրտչյանը եւ հերթապահ խմբի պատասխանատու հերթապահ Խաչիկ Խաչատրյանը: Ասել է թե` ՔԿՀ պետ Արսեն Աֆրիկյանը ջրից չոր դուրս եկավ, քանի որ իշխանության հետ սերտ կապերի մեջ էր: 2016 թվականին պաշտոնից ազատվեց «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Ռուբեն Ստեփանյանը, որից հետո պաշտոնական դիրքի չարաշահման մասով ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել էր քրեական գործ, սակայն այս գործն էլ փակուղի մտավ: 2017 թվականին ԱԱԾ-ն մտել էր «Գորիս» ՔԿՀ եւ ՔԿՀ թմրանյութ մատակարարելու մի մեծ բանդա էր բացահայտել, սակայն ավելի ուշ մեղադրյալի աթոռին հայտնվեցին մանր ձկները, իսկ ՔԿՀ պետին էլ իբր թոշակի անցնելու պատճառով հեռացրին պաշտոնից:
Այսպես կարելի է շարունակել ՔԿՀ-ներում տարիներ շարունակ բուն դրած բանդաների մասին, սակայն ուշագրավն այն է, որ վերոնշյալ բացահայտումների արդյունքում եղան մարդիկ, որոնց բախտը այդքան էլ չբերեց:
2017 թվականի հոկտեմբերի 17-ին կալանավորվեց «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գեւորգ Մկրտչյանը: Ըստ ՀՔԾ-ի` պաշտոնական դիրքի չարաշահման, կաշառք տալու, ստանալու հատկանիշներով հարուցված քրեական գործով ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գեւորգ Մկրտչյանը, պետի տեղակալ Անդրանիկ Թումանյանը, օպերատիվ բաժնի պետ Ռուբեն Կիրակոսյանը, պատասխանատու հերթապահներ Արտակ Պարսամյանն ու Էդվարդ Քառյանը, ինչպես նաեւ պետական հատուկ ծառայություն իրականացնող այլ պաշտոնատար անձինք 2017 թվականի ընթացքում, նախնական համաձայնությամբ, ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալներից պարբերաբար պահանջել եւ որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ: Դրա դիմաց դատապարտյալներին տրվել են տարբեր խցեր անարգել ելումուտ կատարելու, թղթախաղով զբաղվելու, թմրանյութ օգտագործելու, քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր մտցնելու եւ այլ անօրինական գործողություններ կատարելու արտոնություններ:
Այսպիսով, ըստ օդում կախված լուրերի` «Վանաձոր» ՔԿՀ պետի կալանավորումը բավականին խորը արմատներ ունի: Մասնավորապես, ինչպես հայտնի է, անազատության մեջ գտնվողները եւս «մասնակցում են» ընտրություններին եւ քվեարկում են այն կուսակցության կամ թեկնածուի օգտին, որին հրահանգել է ՔԿՀ պետը: Այսպիսով, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին «Վանաձոր» ՔԿՀ պետին հրահանգվել Է կուսակցության օգտին ձայներ հավաքել, սակայն պահանջը ՔԿՀ պետի կողմից մերժվել է: Ըստ օդում կախված լուրերի` «Վանաձոր» ՔԿՀ պետ Գեւորգ Մկրտչյանը ՕԵԿ-ի գաղտնի աջակիցներից է եղել եւ ՀՀԿ-ին մերժել է` ասելով, թե ով ում ձայն կտա, ինքը չի խառնվի:
Եվ ահա այս արտահայտությունն էլ պատուհաս է դարձել նրա համար: Ավելի ուշ իրավապահները նրան պաշտոնական դիրքը չարաշահելու, կաշառք վերցնելու համար կալանավորել են, եւ նա մինչ օրս կալանավորված է: Որեւէ մեկը չի ժխտում, որ ՔԿՀ-ում նման դրսեւորումներ են եղել, սակայն ստացվում է այնպես, որ ով իշխանության հետ չէ եւ նրա օգտին չի աշխատում, հիշեցնում են անցյալն ու կատարած գործերը եւ կալանավորել տալիս:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԾՌԵՐՆ ԻՐԱՐ ԴԵՄ ԵՆ ԵԼԵԼ
«Սասնա ծռերի» գործով ամբաստանյալների մեջ ներքին տարաձայնություն է հասունանում: Բանն այն է, որ թավշյա հեղափոխությունից հետո այս գործով կալանավորված մի շարք անձանց նկատմամբ խափանման միջոցը` կալանավորումը, փոխվեց ստորագրությամբ` երկրից չհեռանալու մասին: Սակայն կատարվածը միանշանակ չի ընդունվել գործով դեռեւս կալանքի տակ գտնվող մյուս մեղադրյալների, մասնավորապես, զինված խմբավորման պարագլուխներից Պավլիկ Մանուկյանի կողմից:
Ու երեկ «Սասնա ծռերի» գործով հերթական դատական նիստում մեղադրյալ Պավել Մանուկյանը աղմկալի հայտարարություն արեց Սմբատ Բարսեղյանի եւ Արմեն Բիլյանի մասին, որոնք մեղադրվում են ոստիկանների սպանության համար. «Բիլյանը եւ Բարսեղյանը մեղադրվում են այնպիսի հանցանքների մեջ, որոնց հետ նրանք ոչ մի կապ չունեն: Այս դահլիճում են գտնվում պատահական կրակոց արձակած անձինք, որոնց կալանքը դուք փոխել եք: Պատահական կրակոցից ձեռքից վիրավորված անձը հետագայում մահացավ արյան վարակից (նկատի ունի վիրավորված ոստիկաններից մեկին): Պատահական կրակոցի հեղինակը Էդվարդ Գրիգորյանն է, որի համար հիմա պատժվում է Արմեն Բիլյանը: Մեկ էլ բանկոմատ բացելու խնդիր են ասում: Դրա հեղինակն էլ մեր սիրելի ընկեր Մխիթար Ավետիսյանն է»:
Հիշեցնենք, որ Մխիթար Ավետիսյանն ու Էդվարդ Գրիգորյանն ազատ են արձակվել, եւ նրանց դեմ սպանության եւ բանկոմատը թալանելու մեղադրանքներ առաջադրված չէ: Մխիթար Ավետիսյանը եւ Էդվարդ Գրիգորյանը հայտարարել են, թե Պավլիկ Մանուկյանի ասածներն իրականությանը չեն համապատասխանում:
Կրակի վրա յուղ լցրեց Վարուժան Ավետիսյանի հայտարարությունը, թե. «Պավլիկ Մանուկյանի հայտարարությունը մեր բոլորի տեսակետը չէ, ընդհանուր խմբի հետ հայտարարությունը համաձայնեցված չէ եւ ընդհանուր տեսակետ չի արտահայտում»:
Ինչը ստիպեց Պավլիկ Մանուկյանին նման հայտարարություն անել այս փուլում: Վերջինիս փաստաբան Հարություն Բաղդասարյանը դժվարացավ ասել` նշելով, թե ինչ նպատակ է դա հետապնդել. «Չգիտեմ` ինչ ասեմ, լավ կլինի այս ամենին այդքան լուրջ չվերաբերվել, ժամանակը այդ հարցերի պատասխանը հուսանք կտա»: Ակնհայտ է մեկ բան, որ «Սասնա Ծռերի» գործով մեղադրյալների միջեւ տարաձայնություններ են սկսվել, եւ պարագլուխներից մեկը հիմա փորձում է «փուռը տալ» մյուսներին` վերագրելով մեղադրանքներ, որոնք նախաքննական մարմնի կողմից կոնկրետ այդ անձանց չի առաջադրվել: Ու այս ամենը սկսվեց դատարանի կողմից այդ մարդկանց խափանման միջոց կալանավորումը ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին փոխարինելուց հետո: Սխալված չենք լինի, եթե նշենք, որ Պավլիկ Մանուկյանն իր այս հայտարարությամբ ցանկանում է ազատության մեջ գտնվող կոնկրետ անձանց կրկին կալանավորել տալ, իսկ թե ինչու, մնում է ենթադրել:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԻՆՉՈՒ ԵՆ ԼՌՈՒՄ
Թավշյա հեղափոխությունից հետո Մարտի 1-ի գործի քննությունը նոր թափ ստացավ, սակայն մի շարք հակասական փաստարկներ են առաջ քաշվում: Մասնավորապես, 10 տարի շարունակ հայաստանյան հասարակությունը միալար պնդումներ էր լսում այն մասին, որ մարտի 1-ի արտակարգ դրության իրավական ռեժիմը ապահովելու համար բանակի ներգրավումը եղել է օրենքի խախտումով։ Բայց օրերս GPartners իրավաբանական ընկերությունը հետազոտության եզրակացություն ներկայացրեց հասարակությանն այն մասին, որ 2008 թվականի մարտի 1-ին Հանրապետության նախագահի կողմից ընդունված թիվ ՆՀ-35-Ն հրամանագիրը` արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ, լիովին համապատասխանում է 2005 թվականի Սահմանադրությանը (հոդված 55-րդ, 14-րդ կետ), իսկ Հրամանագրով կիրառված միջոցառումները, ինչպես նաեւ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման ինստիտուցիոնալ լուծումները ամբողջությամբ համապատասխանել են ներպետական օրենսդրությանը եւ ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին:
23. Հանրապետության նախագահի 2008 թվականի մարտի 1-ի թիվ ՆՀ-35-Ն հրամանագիրը, ինչպես այլ, այդպես էլ ԶՈՒ ներգրավելու եւ բանակը արտակարգ դրության ռեժիմն իրականացնելուն մասնակից դարձնելու մասով լիովին համապատասխանում է Սահմանադրության Հոդված 8.2-ին, որտեղ ամրագրված է, որ ՀՀ զինված ուժերն ապահովում են ՀՀ անվտանգությունը (ընդգծում ենք, որ անվտանգության եզրույթի կիրառումը համապատասխանում է միջազգային իրավակիրառ պրակտիկային եւ ներառում է պետության անվտանգության ապահովումը ինչպես արտաքին, այնպես էլ ներքին վտանգներից, որոնցից առաջնահերթերից է համարվում սահմանադրական կարգին սպառնացող վտանգը)։ Այստեղ կարեւոր է ընդգծել նաեւ այն հանգամանքը, որ 2008թ մարտի 1-ին բանակը հրազեն չի օգտագործել, եւ այդ օրը չի արձանագրվել որեւէ բախում բանակայինների եւ ցուցարարների միջեւ:
Իրավաբանների կողմից արված հայտարարությունը նախաքննություն իրականացնող մարմինն ու 10 տարի շարունակ այդ տեսակետը պնդողները անարձագանք են թողել։ Միգուցե հնարավոր է, որ հետագա քննության ընթացքում պարզվի՝ հայ հասարակությունը 10 տարի շարունակ իրավաբանական կեղծիքով է սնվել։

 

 

ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԳՈՐԾ
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրգործ` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության եւ շորթման դեպքերի առթիվ: 2018թ. հուլիսի 10-ին ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ստացվել եւ վարույթ է ընդունվել ՀՀ ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանի` ՀՔԾ ներկայացրած հաղորդումն առ այն, որ ՀՀ Արարատի մարզի նախկին մարզպետը 2012 թվականից սկսած արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերի` շուրջ 60.000 ԱՄՆ դոլար գումար: ՀՀ Արարատի մարզի նախկին մարզպետը բացատրություն, ապա նաեւ հաղորդում է ներկայացրել առ այն, որ դեռեւս 2008թ. գումար է փոխանցել այն ժամանակ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին իր նախկին աշխատակցի որդուն ոստիկանության համակարգում աշխատանքի ընդունելու համար: Սակայն վերջինս աշխատանքի չի ընդունվել, եւ ոչ էլ գումարն է վերադարձվել: ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ եւ որոշում կայացվել այն ուղարկել ըստ քննչական ենթակայության ՀՔԾ:

 

 

ԱԶԱՏՎԵԼ ԵՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից: Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանը Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարն էր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ` Միքայել Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն:




Լրահոս