Հայաստանի քաղաքական դաշտում եւ հասարակության մեջ տիրող ակտիվությունը քիչ-քիչ մարում է: Առաջիկա մեկ ամիսն, ըստ էության, անցնելու է ավելի հանգիստ պայմաններում, եւ թերեւս միակ շարժիչ ուժը կմնան իրավապահների կողմից արվող եւ ներկայացվող բացահայտումները: Իսկ քաղաքական առումով ակտիվ կյանքը թերեւս մի փոքր կանգ կառնի. այնուամենայնիվ, ամառային հանգստի ժամանակն է: Իսկ ահա ամբողջ սեպտեմբերն իսկապես թեժ է լինելու:
Բանն այն է, որ բազմաթիվ իրադարձություններ նախատեսված են հենց այդ ամսին: Նախ սեպտեմբերին կսկսվի Ազգային ժողովի նոր նստաշրջան, իսկ դա նշանակում է, որ խորհրդարանում քննարկման առարկա կհանդիսանան շատ կարեւոր նախագծեր, այդ թվում` Ընտրական օրենսգիրքը: Ինչպես հայտնի է, ԸՕ նախագծի շուրջ քննարկումների համար ստեղծված երկու պլատֆորմներն այդպես էլ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ: Սակայն, ամեն դեպքում, սպասվում է, որ սեպտեմբերին պետք է արդեն ամբողջական տեսքի բերված լինի նախագիծը, որպեսզի այն հնարավոր լինի քննարկել նաեւ ԱԺ լիագումար նիստում: Եվ չի բացառվում, որ այդ հանգամանքից ելնելով` մինչ սեպտեմբեր խորհրդարանական ձեւաչափն ու վարչապետի որոշմամբ ստեղծված խմբի անդամները կրկին հանդիպեն:
Սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում միանգամից երկու ընտրություն է նախատեսված: Նախ այդ ժամանակահատվածում նախատեսված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը, որն էլ ուղեկցվելու է ՀՖՖ նախագահի եւ նոր գործադիր կոմիտեի ընտրությամբ: Ինչպես հայտնի է, այժմ հիմնական թեկնածուն հանդիսանում է Ազգային անտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, եւ ԱԱԾ-ն էլ չի հերքել, որ այդպիսի հարց կարող է քննարկել, իսկ ահա կառույցի ներկայիս նախագահ Ռուբեն Հայրապետյանն էլ անձամբ է ասել, որ հենց Վանեցյանն է լավագույն տարբերակը եւ եթե նա առաջադրվի, ապա Հայրապետյանը չի առաջադրվի: Դե իհարկե կնորացվի նաեւ գործկոմի կազմը, քանի որ ներկայիս անդամները փաստացի նախորդ իշխանության ներկայացուցիչներն են, որոնց փոփոխումը նոր իրողություններում եւ նոր ՀՖՖ նախագահի օրոք անխուսափելի է:
Կրկին սեպտեմբերին նախատեսված է նաեւ Երկրապահ կամավորական միության արտահերթ համագումարը, որը կընտրի նոր վարչություն եւ վարչության նախագահ: Այստեղ չնայած ամեն ինչ պարզ է, սակայն փաստն ինքնին հետաքրքիր է: Ինչպես հայտնի է, միակ թեկնածուն «Հանրապետություն» կուսակցության վարչության նախագահ Արամ Սարգսյանն է, ով համաձայնել է, ինչը դարձել է ԵԿՄ-ից հեռացած եւ այս ընթացքում կրկին միավորված ազատամարտիկների նեղացվածության պատճառ: Նրանք, ըստ էության, դեմ են, որ ԵԿՄ-ն նախագահ ունենա: Ամեն դեպքում, այս կառույցի շուրջ ծավալվող իրադարձությունները եւս մեծ հետաքրքրություն են ներկայացնում:
Բնականաբար մեծ հետաքրքրություն է առկա` Երեւանի 2800-ամյակի եւ ավագանու ընտրության թնջուկի հետ կապված: Երեւանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներն այս տարի կկազմակերպվեն սեպտեմբերի 29-ին եւ 30-ին: Ու ստացվում է` այդ միջոցառումները 2800-ամյա Երեւանը կտոնի առանց քաղաքապետի. Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո նոր քաղաքապետ չի ընտրվել, ու հավանաբար, մինչ այդ որեւէ մեկը չի ընտրվի: Գաղտնիք չէ, որ այդ օրը բազմաթիվ հյուրեր եւ միջոցառումներ են լինելու, եւ թերեւս զարմանալի կլինի առանց քաղաքապետ ներկայանալը, իսկ եթե ընտրությունները տեղի չունենան, ապա այդ օրերին որպես քաղաքապետի պաշտոնակատար ներկայանալու է Կամո Արեյանը: Միակ մխիթարանքն այն է, որ Արեյանը փոխքաղաքապետն է անհիշելի ժամանակներից եւ իսկապես Երեւանի 2800-ամյակի տոնակատարություններին կարող է քայլող սիմվոլ լինել: Այլ հարց, թե նա որքանով է տեղավորվում Նիկոլ Փաշինյանի ձեւակերպած Նոր Հայաստանի պաշտոնյաներին բնորոշ չափանիշների մեջ: Սա կարող եք դատել ինքներդ:
Հետաքրքիր է, որ շատ են այնպիսինները, ովքեր կարծում են, որ Երեւանի ավագանու ընտրությունները կարելի է կազմակերպել հենց սեպտեմբերի 29-ին կամ 30-ին, եւ այդ առումով եւս հետաքրքիր կլինի, երբ ավագանու ընտրություններն անցկացվեն հենց քաղաքի օրը: Իսկ եթե վարչապետն իսկապես ցանկանում է այդ օրը նոր քաղաքապետ ունենալ, ապա պետք է ընտրությունը տեղի ունենա գոնե երկու շաբաթ առաջ, քանի որ, ըստ օրենքի, արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը, եւ հենց այդ օրն էլ ավագանին իր միջից քաղաքապետ կընտրի:
Այնպես որ առաջիկայում հետաքրքիր գործընթացներ են սպասվում:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԲԱԳՐԱՏԱՇԵՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՌԱՆՁՆԱՆԱԼ
Նոյեմբերյանի տարածաշրջանի` Վրաստանին սահմանակից Բագարատաշենի վարչական ղեկավար Արկադի Մակյանը 2018թ. մայիսի 23-ին դիմում-նամակ է ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Շնորհավորելուց բացի նա նորընտիր վարչապետին հայտնել է, որ բագրատաշենցիները ակտիվ մասնակցություն են ունեցել ժողովրդական շարժմանը եւ Փաշինյանի կոչին անսալով` փակել են Հայաստանի հյուսիսային դարպաս հանդիսացող Բագրատաշենի սահմանային անցակետը: Մակյանը վարչապետին հայտնել է, որ Բագրատաշեն բնակավայրը խոշորացված Այրում համայնքի 8 բնակավայրերից բնակչության թվով եւ զբաղեցրած վարչական տարածքով ամենամեծն է: Բագրատաշենը դեմ է արտահայտվել համայնքների խոշորացմանը, որը դրսեւորվել է Բագրատաշենի ավագանու 2016թ. հունիսի 20-ի թիվ 15 որոշումով: Սակայն Բագրատաշեն համայնքի կարծիքը հաշվի չի առնվել, եւ բնակավայրն ընդգրկվել է Այրում համայնքի կազմում:
Բագրատաշենի վարչական ղեկավարը հայտնել է, որ մինչեւ խոշորացումը Բագրատաշենի համայնքապետարանը հնարավորություն է ունեցել պահելու մանկապարտեզ, որին ապահովել է սննդով, գույքով, կատարել մանկապարտեզի շենքի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ: Համայնքապետարանը պահել է նաեւ երաժշտական դպրոց, մարզական 2 խմբակ: Բագրատաշենում գործում են միջնակարգ եւ հիմնական դպրոցներ: Բագրատաշեն համայնքի բյուջեով կատարվել է գյուղի փողոցների խճապատում, գիշերային լուսավորության ցանցի անցկացում, գյուղի կանաչապատում: Բագրատաշեն համայնքի բյուջեի հաշվին գյուղում յուրաքանչյուր ծնունդի դեպքում այդ ընտանիքին հատկացվել է 20 հազար դրամ, առաջին դասարան հաճախող երեխայի ընտանիքին` 30 հազար դրամ, հարազատին կորցրած սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվել է դրամական օգնություն: Բագրատաշենի ավագանու որոշմամբ բագրատաշենցիներից աղբահանության վճար չի գանձվել, աղբահանությունը գյուղացիների համար անվճար է եղել: Բագրատաշենը Հայաստանի այն եզակի բնակավայրերից է, որի բնակչության թիվը վերջին տարիներին չի նվազել, այլ ավելացել է:
Ա. Մակյանը վարչապետ Ն. Փաշինյանին ուղղված իր դիմում-նամակը եզրափակել է հետեւյալ խոսքերով. «Խնդրում ենք լսել մեր ձայնը եւ հնարավորություն տալ Բագրատաշենին գործելու որպես առանձին միավոր»: «Ժողովուրդ» օրաթերթը Ա. Մակյանից տեղեկացավ, որ իր դիմում-նամակին դեռ պատասխան չի ստացել:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԵՐԿՈՒ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ
Այսօր ՀՀ կառավարության որոշմամբ երկու գյուղերում կնշանակվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արտահերթ ընտրություն կնշանակվի Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշենում եւ Արարատի մարզի Զանգակատուն համայնքում:
Նշենք, որ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշենի գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանը այս պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի հոկտեմբերի 2-ին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Ռուբիկ Ղուկասյանը այս մայիսի 29-ին հրաժարական է ներկայացրել` առողջական վիճակի վատթարացման հիմնավորմամբ:
Եթե Վերին Գետաշենի գյուղապետը առողջական խնդիրներով է հրաժարական տվել, ապա Արարատի մարզի Զանգակատուն համայնքի ղեկավար Էմին Սահակյանի դեպքում պատճառն այլ է: Ի դեպ, տեղեկացնենք, որ Էմին Սահակյանը երկար տարիներ է, ինչ Զանգակատուն համայնքի ղեկավարն է. նա այս պաշտոնում վերընտրվել է 2016 թվականի դեկտեմբերի 18-ին: Իսկ ահա հունիսի 11-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Զանգակատան գյուղապետ Էմին Սահակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել գյուղացիների պահանջով: Պատճառն այն է, որ նրանք դժգոհ են Սահակյանի աշխատանքից: Նրանց պատմելով` իրենք են ստիպել, որպեսզի գյուղապետն ինքնակամ վայր դնի լիազորությունները: Ու որպեսզի իր անվան շուրջ բողոքի ալիք չբարձրանա, Էմին Սահակյանը որոշել է գյուղացիների կամքը կատարել` ներկայացնելով հրաժարականի դիմումը: Նշենք, որ այժմ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է Հովիկ Կարապետյանը, ով իր լիազորությունները ստանձնել է հունիսի 18-ին: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ առաջիկա օրերին պատրաստվում է գյուղապետարանում ներքին աուդիտ անցկացնել:
Ի դեպ, տեղեկացնենք, որ ե՛ւ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշենում, ե՛ւ Արարատի մարզի Զանգակատուն համայնքում գյուղապետի արտահերթ ընտրության անցկացման համար առաջարկվել է հոկտեմբերի 21-ը: Հավանաբար հենց այդ օրն էլ երկու համայնքերում էլ տեղի կունենա գյուղապետի արտահերթ ընտրությունը, որի անցկացման համար, ի դեպ, կառավարությունը գումար է հատկացնելու: Սակայն Հովիկ Կարապետյանը մեզ հետ զրույցում դժվարացավ նշել` կառաջադրի իր թեկնածությունը հոկտեմբերի 21-ի արտահերթ ընտրությանը, թե ոչ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ