«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը նամակ է ստացել ՀՀ Արարատի մարզի Վեդիի Գագիկ Մարգարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի մի քանի ուսուցիչներից: Նրանց դժգոհությունն ու բողոքը կապված է դպրոցի տնօրեն Ալվարդ Պապոյանի գործելաոճի հետ: Նշենք, որ Պապոյանը արդեն տասը տարի է, ինչ այս դպրոցի տնօրենն է:
Նամակում նշված է, որ դպրոցի ՀՀԿ-ական տնօրեն Ալվարդ Պապոյանը, տարիներ շարունակ օգտագործելով պաշտոնական դիրքը, իր կամքն է թելադրում դպրոցի աշխատակիցներին: Ի դեպ, տնօրենի գործելաոճի հետ կապված նրանք բազմաթիվ անգամ դիմել են Արարատի մարզպետարան, կրթության եւ գիտության նախարարություն, սակայն անարձագանք: Նամակում նշված է, որ դպրոցի հաստիքացուցակում ընդգրկված են ե՛ւ տնօրենի, ե՛ւ հաշվապահի հարազատները, որոնք իբր որեւէ կապ չունեն դպրոցի հետ:
«Տնօրենը եռահարկ դպրոցի բոլոր դասասենյակները, միջանցքները, դահլիճը եւ այլ սենյակներ կահավորել է սեփական արտադրամասում արտադրված շերտավարագույրներով` ստիպելով ծնողներին վճարել դասասենյակների վարագույրների համար: Մեկ պատուհանի շերտավարագույրի արժեքը կազմել է 25 հազար դրամ, իսկ տեղադրելու համար հավաքվել է եւս 5000 դրամ: Դպրոցում առաջինից չորրորդ դասարանների եւ ներառական կրթության երեխաների սննդի բոլոր գնումները կատարվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի խախտումներով: Տնօրենը դպրոցական բոլոր փաստաթղթերը (խմբակի, դասղեկի, մասնախմբերի մատյաններ) վաճառում է համապատասխան ուսուցիչներին 1000-2000 դրամով: Նա տարիներ շարունակ դասղեկներին վճարել է 6000 դրամ (9600 դրամի համար նախատեսված դրույքաչափի դեպքում): Նա պարտադրում է բոլորին սոցփաթեթների պայմանագրերը կնքել իր մատնանշած գործակալության հետ: Ավելին` անվճար սնունդ ստացող մոտ 350 աշակերտներից ոչ մեկի բացակայությունը դասամատյաններում չի նշանակվում: Իսկ այն ուսուցիչները, ովքեր բացակա աշակերտներին նշում են դասմատյանում, խիստ հանդիմանության են արժանանում»,- նշված է մի քանի ուսուցիչների կողմից «Ժողովուրդ» օրաթերթին ուղարկված նամակում:
Բացի այս, նամակից տեղեկանում ենք, որ դպրոցի տնօրեն Ալվարդ Պապոյանը հինգ ուսուցիչների անցած տարվա սեպտեմբերի 1-ին պայմանագրերը լուծարելու փոխարեն լուծարել է երկու ամիս շուտ` հունիս 30-ին ին` զրկելով վերջիններիս օգոստոսի 22-31 աշխատանքային օրերի աշխատավարձից: «Մեկ դրույքով աշխատող ֆիզիկայի լաբորատորիայի աշխատողին պահել է, փոխարենը լուծարել է 0,5 դրույքով աշխատող քիմիայի եւ կենսաբանության լաբորատորիաների աշխատողներին: Նա այդ փաստը ԿԳՆ տեսչական մարմնի մոտ արդարացրել է` ասելով, թե փողը խնայել է ջերմոցային տնտեսության համար: Մինչդեռ ջերմոցը հիմնադրվել է ՄԱԿ-ի գրասենյակի կողմից: Դպրոցի ողջ տարածքում, միջանցքներում, ուսուցչանոցում տեղադրել է տեսախցիկներ, իսկ ուսուցչանոցում` նաեւ գաղտնալսող սարք, որոնք ձեռք է բերել ամուսնուն` Արայիկ Օհանյանին պատկանող ընկերությունից: Տիկին տնօրինուհին արհմիության գումարով պարգեւատրել է ինքն իրեն եւ իր հավատարիմ մարդկանց: Իսկ ահա հունիսի 6-ին ԿԳՆ-ի տեսչական մարմնի աշխատակիցներ Լաուրա Սամվելյանը եւ Աիդա Բարսեղյանը ստացած դիմում-բողոքի հետքերով դպրոց էին եկել. մի քանի ուսուցիչներ նրանց տեղեկացրել են, որ իրենցից պահանջել են գումար խմբակների, դասղեկական, մեթոդմիավորման մատյանների համար, դասղեկներից Ա 4 ֆորմատի բարձր որակի թուղթ: Սակայն նախարարության աշխատակիցները անարձագանք հեռացել են, իսկ դպրոցի մանկավարժական եւ ծնողական կոլեկտիվները հույսով սպասում են անպատիժ կերպով գործունեություն իրականացնող տնօրենի պատժին»,- նամակում նշել են դպրոցի մի քանի ուսուցիչներ:
Ստացած նամակի հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ դպրոցի տնօրեն Ալվարդ Պապոյանի հետ: Նա, լսելով նամակի բովանդակությունը, հայտարարեց` նշելով հետեւյալը. «Դրանք բոլորը զրպարտանքներ են բառիս բուն իմաստով: Ովքեր ձեզ դիմել են, թող իրենք իրենց անունները տան: Այդ բողոքների մասով դիմել են նաեւ կրթության գիտության նախարարին, վարչապետին, բայց կրթական տեսչական մարմնից եկել են, ստուգումներ արել, եւ այդ բոլորը հերքվել է: Վերջնական արդյունքը` եկել են այն եզրահանգման, որ ես օրենքի ոչ մի տառ չեմ խախտել: Ինձանից երբեք դժգոհություններ չեն եղել: Ավելին` իմ պաշտոնավարման տասը տարիներին դպրոցը ծաղկել է ու շարունակում է ծաղկել: Ես այդ դպրոցում պատահական մարդ չեմ, աշխատել եմ նախ որպես պիոներ-ջոկատավար, ուսուցիչ, կազմակերպիչ, որից հետո ուսմասվար, ապա տնօրեն: Բացի այս, այդ դպրոցում ես տասը տարի սովորել եմ»:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը տնօրենից հետաքրքրվեց` դպրոցի հաստիքացուցակում ընդգրկված քանի բարեկամ ունի: Պարզվեց` նրանք երեքն են. «Ես բարեկամներ ունեմ դպրոցում, ինչու չունեմ. իմ եղբոր կինը դեռեւս 1996 թվականից է աշխատում որպես դռնապահ, իսկ ես 2008 թվականին եմ նշանակվել տնօրենի պաշտոնում: Իմ հարսը` որդուս կինը, դասվար է, դասվարի մրցույթ է հայտարարվել, եւ հարեւան դպրոցից է տեղափոխվել մեր դպրոց, որդիս էլ կես դրույքաչափով աշխատում է որպես օպերատոր, տեխնիկ օպերատոր է, ծրագրավորող»: Իսկ ահա «Ժողովուրդ» օրաթերթին նամակով դիմած ուսուցիչները նշել են, որ տնօրենի որդին թեեւ կես դրույքաչափով օպերատոր է, գրեթե չի ներկայանում աշխատանքի, փոխարենը ոսկու շուկայում ոսկի է վաճառում: Զրույցի ավարտին տնօրենը ափսոսանքով նկատեց, որ իր անձի վերաբերյալ կեղծ հայտարարություններ են անում. «Ես հասնելու եմ արդյունքի, ով զրպարտանք գրեց, նա պետք է պատասխան տա: Համեցեք դպրոց եւ ձեր աչքով կտեսնեք»: Բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում հնարավոր է տնօրենը իր պաշտոնին հրաժեշտ տա:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
1.3 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից տեղեկացնում են` 2016-2017թթ. ընթացքում ավտոմեքենաների` ՃԵԿ խախտումների սուբյեկտ հանդիսացող մի շարք սեփականատերեր, այդ թվում` տաքսի ծառայություն մատուցող ընկերություններ խուսափելու համար վճարել են վարչական տուգանքները, ապացույցներ են ներկայացրել խախտումները գույք կամ եկամուտներ չունեցող ֆիզիկական անձանց կողմից կատարելու վերաբերյալ: Արդյունքում ՃՈ աշխատակիցները թվով 97429 վարչական իրավախախտման համար նշանակված 764.853.550 ՀՀ դրամ ընդհանուր գումարով տուգանքներն արձանագրել են գույք կամ եկամուտներ չունեցող թվով 478 ֆիզիկական անձի անվամբ:
Նկատի ունենալով, որ այդ գործողություններում առերեւույթ առկա են հանցագործությունների հատկանիշներ` հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: Արդեն մի քանի ամիս շարունակվող ուսումնասիրությունների արդյունքում, ներառյալ վերոնշյալը, ՀՀ գլխավոր դատախազությունում ՃԵԿ կանոնների խախտման համար վարչական տուգանքների վճարման ապահովումն անհնարին դարձնելու հանցավոր մեխանիզմների կիրառման փաստերով հարուցվել է թվով 7 քրեական գործ: Դրանցով պետությանը պատճառված վնասի չափն արդեն իսկ կազմել է շուրջ 1.380.000.000 դրամ:
ԱՌԱՆՑ ԼԻԱԶՈՐԱԳՐԻ
Վրաստանում ՀՀ դեսպանության փոխանցմամբ` Վրաստանի իշխանությունները զբոսաշրջային այս ժամանակահատվածում ընդառաջել են հայ վարորդներին եւ լիազորագիր չեն պահանջի: «Կապված զբոսաշրջային ժամանակահատվածի հետ` վրացական իշխանությունները որոշում են կայացրել ընդառաջել եւ մինչեւ վերոնշյալ ժամանակահատվածի ավարտը սահմանին լիազորագիր չպահանջել այն վարորդներից, որոնք սահմանը հատում են իրենց վրա չգրանցված ավտոմեքենայով»:
Հիշեցնենք` Վրաստանում ՀՀ դեսպանությունը օրերս հայտարարություն էր տարածել, որ այն վարորդները, ովքեր Վրաստանի սահմանը հատում են իրենց վրա չգրանցված տրանսպորտային միջոցով, պետք է լիազորագիր ներկայացնեն: Ավելի ուշ Վրաստանում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Վրաստանում գործող օրենքը, ըստ որի` այլ անձի մեքենայով սահմանը հատել փորձող վարորդը պետք է լիազորագիր ներկայացնի:
ԵՂԱՆԱԿՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ
Հանրապետության տարածքում հուլիսի 19-20-ը հյուսիսային շրջաններում, 21-23-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Քամին` հարավ-արեւմտյան` 3-8 մ/վ, առանձին շրջաններում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երեւանում հուլիսի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ի կեսօրից հետո սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: