ՖՈՏՈ. ՀՀԿ-ից ով և ինչու չի միացել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ խմբակցությունը երեկ ի վերջո հրապարակեց այն 41 պատգամավորների ցանկը, ովքեր միացել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությանը: Հատկանշական է, որ ստորագրահավաքին չեն միացել ոչ միայն խմբակցությունը կամ կուսակցությունը լքած 8 պատգամավորները՝ Սամվել Ալեքսանյանը, Աշոտ Արսենյանը, Արթուր Գեւորգյանը, Նահապետ Գեւորգյանը, Շիրակ Թորոսյանը, Արման Սահակյանը, Արտակ Սարգսյանն ու Ֆելիքս Ցոլակյանը, այլ նաեւ խմբակցության անդամ հանդիսացող եւս 8 պատգամավոր: ՀՀԿ խմբակցությունում ընդգրկված պատգամավորների թիվը 50 է: Եվ հետաքրքիր է, որ այդ 8 հոգու մեջ կան նաեւ հին հանրապետականներ:

Այսպիսով, ՀՀԿ խմբակցության անդամ հանդիսացող եւ ստորագրահավաքին չմիացած պատգամավորներն են`

Հակոբ Բեգլարյան, նա այս գումարման խորհրդարանում նորեկ է: Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրն է:

Ռաֆիկ Գրիգորյան, Գեղարքունիքի նախկին մարզպետ

Գևորգ Կոստանյան, նա խորհրդարանում ևս նորեկ է, ՀՀ նախկին գլխավոր դատախազ

Մուրադ Մուրադյան, պատգամավոր է դարձել Արարատի մարզից

Արման Սաղաթելյան, նա ևս այս խորհրդարանում նորեկ է

Ալիկ Սարգսյան, ՀՀ նախկին ոստիկանապետ, Արարատի նախկին մարզպետ

Գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյան

Հակոբ Հակոբյան` Կիլիկիայի Հակոբ, գործարար, պատգամավոր է դարձել Տավուշի մարզն ընդգրկող ընտրատարածքից:

Հետաքրքիր է, որ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Կնյազ Հասանովը նախօրեին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, թե Դիլիջանում է, չի միացել ստորագրահավաքին եւ խնդրեց իրեն չանհանգստացնել, քանի որ հանգստանում է: Սակայն երեկ հրապարակված ցանկում կար նաեւ նրա անունը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հենց պատգամավորից պարզել` ինչ է իրականում եղել: Այս անգամ Հասանովն ասաց, որ միացել է ստորագրահավաքին` պատճառաբանելով. «Խմբակցությունն ա, որ ասումա` ո՞նց չմիանանք»:

Իսկ այժմ փորձենք հասկանալ, թե ինչու այդ 8 հոգին չեն միացել ստորագրահավաքին: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանն այս օրերին բուժման նպատակով գտնվում է արտերկրում և դա է նաև ստորագրահավաքին չմիանալու պատճառը: ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանն էլ նշեց, թե առհասարակ տեղյակ չի եղել ստորագրահավաքի մասին, իրեն ոչինչ չեն ասել, ինքն էլ չի միացել: Ամեն դեպքում նա խուսափեց նշել` իմանալու պարագայում կմիանար, թե ոչ:  Հակոբ Հակոբյանը ևս Հայաստանում չի եղել այդ օրերին և նրա չմիանալու պատճառն էլ դա է: Ալիկ Սարգսյանը ևս Հայաստանում չէ:

Ինչպես տեսնում եք` պատգամավորների` ստորագրահավաքին չմիանալու պատճառը հիմնականում Հայաստանում չլինելն է: Ի դեպ, հիշեցնենք, որ Հայաստանում գտնվող ՀՀԿ խմբակցության պատգամավորներին հրահանգված է եղել գալ, ստորագրել, այնուհետեւ միայն երկրից դուրս գալ` նման  հնարավոր խնդիրներից խուսափելու համար:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս