Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանը որոշում է կայացրել բավարարել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի պաշտպան Տիգրան Եգորյանի միջնորդությունը` իր պաշտպանյալի խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխելու վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պաշտպանը ներկայացրել էր նաև Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի, Շաքե Իսայանի և Հակոբ Նազարյանի անձնական երաշխավորությունները: Նրանցից յուրաքանչյուրը 500 հազար դրամ է մուծել դատարան և անձամբ ներկայացել դատական նիստին:
Մեղադրողը կողմը միջնորդությանը չառարկեց:
Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո որոշում կայացրեց բավարարել միջնորդությունը: Գագիկ Եղիազարյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից: