Երեկ հայտնի դարձավ, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չի ընդունել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի՝ մանդատից հրաժարվելու դիմումը եւ պատռել է այն։Այս մասին Գ. Ծառուկյանն անձամբ ասել է խմբակցության պատգամավորների հետ հանդիպմանը՝ նշելով, որ խոսել է Գեւորգ Պետրոսյանի հետ եւ ասել, որ ներանձնային հարցերը չպետք է հանրայնացնել։
«ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Գեւորգ Պետրոսյանի հետ:
-Գագիկ Ծառուկյանը չի ընդունել մանդատից հրաժարվելու Ձեր դիմումը: Որո՞նք են լինելու Ձեր քայլերը:
-Իմ հետագա քայլն այն է, որ ես շարունակելու եմ իմ հետագա գործունեությունը եւ՛ որպես կուսակցական, եւ՛ որպես պատգամավոր: Որեւէ շեղում դրանից չի լինելու:
-Այսինքն, Ձեզ համար որոշիչ եղավ Ծառուկյանի՞ խոսքը:
-Ինձ համար միշտ կարեւոր է եղել իմ քաղաքական ղեկավարի գնահատականը:
-Իսկ այս ընթացքում զրուցե՞լ եք Նաիրա Զոհրաբյանի հետ:
-Եթե չեմ սխալվում, Նաիրա Զոհրաբյանը Հայաստանում չէ: Բայց կապ չունի: Կուսակցություն է, ընտանիք է, կարող է ինչ-որ տարաձայնություններ լինեն, բայց կարեւորը իմ քաղաքական թիմի ղեկավարի խոսքն էր եւ իր ցանկացած որոշում ինձ համար ընդունելի կլիներ, ընդունելի է նաեւ այս որոշումը:
-Դուք նշել էիք` եթե Ն. Զոհրաբյանը լինի քաղաքապետի թեկնածուն, Դուք քարոզարշավին չեք մասնակցի եւ չեք օժանդակի: Հիմա էլ է այդպե՞ս:
-Ուրեմն, նաեւ պարոն Ծառուկյանի համաձայնությամբ Արարատ Զուրաբյանն էլ է ներկայացրել թեկնածություն: Ես կարող եմ արդեն ընտրություն կատարել, թե կոնկրետ ում թեկնածությունն եմ պաշտպանելու: Բայց կոնկրետ ես չեմ շեղվելու իմ քաղաքական գծից, այն գծից, որը պաշտպանում է ԲՀԿ-ն` ի դեմս պարոն Ծառուկյանի: Կարեւորն այն է, որ հանրությունը համոզվի` իրոք ԲՀԿ-ում իշխում է կուսակցության դեմոկրատիայի մթնոլորտ, եւ կարծում եմ, որ հանրությունը դրանում համոզվեց: Ես անձամբ չեմ էլ մասնակցել այդ նիստին, ինքս եմ խնդրել պարոն Ծառուկյանին, որ նիստը լինի առանց իմ մասնակցության:
-Այսինքն, կարո՞ղ է դեմ գնաք Ձեր համոզմունքներին եւ սատարե՞ք Նաիրա Զոհրաբյանին:
-Ես երբեք իմ համոզմունքներին դեմ չեմ գնացել, եւ չեմ գնալու նաեւ այս պարագայում: Բայց այստեղ անձնական համոզմունքը չի կարող գերակայել, որովհետեւ դու քաղաքական թիմի անդամ ես: Նաեւ մեր քաղաքական թիմը հավանություն է տվել Արարատ Զուրաբյանին, եւ ես իմ համոզմունքը կարտահայտեմ արդեն այդ ուղղությամբ:
Նաիրա Հովհաննիսյան