Գողթ-Գեղարդ ճանապարհահատվածում դեռևս կա փլուզման վտանգ. աշխատանքները շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան-Գառնի-Գեղարդ հանրապետական նշանակության ճանապարհի Գողթ-Գեղարդ հատվածում շարունակվում են օգոստոսի 4-ին տեղի ունեցած փլուզման հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Ճանապարհահատվածը սպասարկող «Կոտայքի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների ջանքերի շնորհիվ՝ փլուզումից մի քանի ժամ անց արդեն ճանապարհը միակողմանի երթևեկելի էր։ Սակայն կար կրկնակի փլուզման վտանգ, ինչը կանխելու նպատակով մինչ օրս աշխատանքներ են տարվում։

Արհեստական քարաթափման նպատակով իրականացվել են պայթեցման աշխատանքներ, ինչի արդյունքում քարաթափվել է ժայռի միջին հատվածը։

Ճանապարհահատվածն ամբողջությամբ անվտանգ դարձնելու համար անհրաժեշտություն կա մաքրելու նաև ժայռի գագաթային մասում գտնվող ժայռաբեկորը, որի երկու կողմից մեծ ճաքեր են առաջացել և ամեն պահի մեծ է փլուզման վտանգը։

Այս պահին երեք տարբեր մասնագիտական խմբեր տեղում ուսումնասիրություններ են իրականացնում՝ խնդրին առավել արդյունավետ և անվտանգ լուծում տալու նպատակով։

Ժայռի դժվարամատչելի այդ հատվածի պայթեցումն իրականացնելու համար հարկավոր են հատուկ աշխատանքներ՝ անհրաժեշտ տեխնիկան ժայռաբեկորին մոտեցնելու, ապա՝ այն պայթեցման նախապատրաստելու համար։

Մասնագետների գնահատմամբ՝ աշխատանքներն ամբողջությամբ ավարտելու, ճանապարհն անվտանգ երթևեկելի դարձնելու համար ևս մի քանի օր կպահանջվի։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն




Լրահոս