Մանե Թանդիլյանը Վարդենիսում ժամանակավոր պաշտոնակատարին փոխարինում է ժամանակավոր պաշտոնակատարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի արդեն նախկին տնօրեն Արտակ Հարությունյանի պաշտոնեական լիազորությունները դադարեցնելուց հետո օպերատիվ կերպով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց փոխտնօրեն Արմեն Ավագյանը: Վերջինս, ի դեպ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի եղբայրն է:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր 6-րդ վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցներն այս պահին ստուգումներ են իրականացնում Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում եւ աղմկահարույց բացահայտումներ են արել: Իսկ մինչ այդ՝ տեւական ժամանակ է խոսվում է, թե ով է զբաղեցնելու տնօրենի պաշտոնը, որովհետեւ այն համարվում է յուղոտ պաշտոն: Բայց միաժամանակ վտանգավոր է, քանի որ ով նշանակվում է այս կառույցի տնօրեն, պարտադիր ազատազրկվում է:

Թերեւս Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրեններից միակ բացառությունը նախկին տնօրեն Արթուր Պետրոսյանն է, այս պաշտոնին մնաց մի քանի ամիս եւ ինքնակամ ազատվեց աշխատանքից: Բայց ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, հավանաբար այսօր տնօրենի հերթական ժամանակավոր պաշտոնակատարին կնշանակի:

ArmLur.am-ի տեղեկություններով, նախարարը տուն-ինտերնատի տնօրենի պաշտոնին նշանակելու է կառույցի հետ կապ չունեցող Սմբաթ Սիմոնյանին (Մելիքյան), ով նախկինում հայտնի է եղել իր ԲՀԿ-ական կապերով. գուցե ոչ պաշտոնապես է անդամակցել, բայց մշտապես ընտրություններին աշխատել է ԲՀԿ-ի օգտին, ձայներ է հավաքել ԲՀԿ-ի համար: Սակայն հիմա Սիմոնյանը ինչ-ինչ հանգամանքներով դարձել է «Լուսավոր Հայաստան»-ի համակիրը: Ըստ որոշ տեղեկությունների՝ հենց այդ հիմնավորմամբ է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ նախարար Մանե Թանդիլյանը նշանակելու է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

Ի դեպ, առաջիկայում հայտարարվելու է նաեւ մրցույթ, որի արդյունքում հաղթողը տնօրեն կնշանակվի: Բայց ինչպես փորձն է ցույց տվել՝ ով նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, նա էլ հաղթել է տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը:




Լրահոս