«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատարան է դիմել Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը: Իսկ հայցը Սարկիսովը ներկայացրել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դեմ: ՀՀ հյուպատոսը պահանջում է, որ դատարանը ստիպի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին վերացնել 2018 թվականի հունիսի 18-ի որոշումը:
Իսկ ի՞նչ որոշում է կայացրել էթիկայի հանձնաժողովը Լիոնում ՀՀ հյուպատոսի դեմ, որի հետ նա համաձայն չի եղել եւ որոշել է դատարան դիմել: Այս հարցի պատասխանը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել հյուպատոս Սարկիսովի պաշտպան Արտավազդ Կիվիրյանից, սակայն վերջինիս ասաց, որ այդ մասով ոչինչ չի մեկնաբանում:
«Ժողովուրդ» օրաթերթը խնդրի հետ կապված դիմեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան: Բայց մեզ հաջողվեց պարզել, որ սույն թվականի ապրիլի 12-ին Հանձնաժողովի կայքէջում հրապարակվել են նախնական տվյալներ պաշտոնատար անձանց 2017 թվականի (տարեկան) հայտարարագրի ներկայացման վիճակի վերաբերյալ:
Հայտարարագրերի հրապարակայնացումից հետո տվյալների ամփոփման արդյունքներով դուրս են բերվել Հանձնաժողով չներկայացված 2017 թվականի (տարեկան) հայտարարագրերը: Այդ առնչությամբ Հանձնաժողովի կողմից հարուցվել են վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի վարույթներ` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնատար անձի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելը նախատեսված առերեւույթ իրավախախտման հատկանիշներով:
Միաժամանակ, սույն թվականի մայիսի 24-ի դրությամբ 2017 թվականի (տարեկան) հայտարարագիրը չեն ներկայացրել 51 պաշտոնատար անձինք, որոնց ցանկի մեջ է նաեւ հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը: Ու հիմա այս վարչական իրավախախտման որոշման համար էլ հյուպատոսը դիմել է դատարան:
Ի դեպ, տեղեկացնենք, որ Նիկոլայ Սարկիսովը 1996-2010թթ. զբաղեցրել է «Reso-Garantia» ընկերության փոխտնօրենի պաշտոնը, իսկ ահա նրան եղբայրը` Սերգեյ Սարգիսովը, ՌԵՍՕ ապոհովագրական ընկերության խորհրդի նախագահն է:
Քնար Մանուկյան