Ո՞վ է միջնադարյան կառույցի քայքայման մեղավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարմաշենի վանական համալիրում հերթական քարաթափման դեպքն է գրանցվել: Միջնադարյան կառույցը քայքայվում է: Պատճառները տարբեր կերպ են մեկնաբանվում: Հարակից կառուցված ՀԷ՞Կ-ն է, թե՞ հարեւանությամբ գտնվող այգիների ոռոգումը եկեղեցու խոնավացման պատճառը դժվար է ասել: Ուսումնասիրություններ եղել են, առաջարկվել է դրենաժային համակարգ կառուցել ջրահեռացում կազմակերպելու համար:

Ո՞ւմ է պատկանում վանական համալիրը: Մշակույթի նախարարը տեղեկացրեց` կառույցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է պատկանում, նախարարությունն այդտեղ անելիք չունի, սակայն որոշվել է խնայողություններից գումար հատկացնել կառույցը վերակագնելու համար: Իսկ ինչն է վանքի քայքայման իրական պատճառը: Շիրակի Երկրագիտական թանգարանի նախկին տնօրենը մեղքը բարդում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վրա: Հնագետի պնդմամբ` վանքը սկսեց խունանալ, երբ Վարդան Ղուկասյանը որոշեց պատուհանները փոխել առանց համապատասխան թույլտվության. «Վարդան Ղուկասյանը իր համոզումով լավ բան կատարելու համար ինքնակամ, առանց որեւէ մեկին տեղյակ պահելու Մարմաշենի վանքի գմբեթի պատուհաններին դրել է եվրապատուհաններ:

Վանքի պատերը ներքեւում չոր են: Խոնավությունը վերին հատվածում է: Հերմետիկ փակված լուսամուտները, որը իբր արվել է աղավնիների չմտնելու համար, օդափոխություն չեն ապահովում, արդյունքում ամբողջ խոնավությունը կուտակվում է ներսում»,- պնդում է Շիրակի երկրագիտական թանգարանի նախկին տնօրեն Համազասպ Խաչատրյանը:

Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը տեղեկացրեց, որ այդ մասին իրավապահները տեղյակ են, այդ մասով գործ է հարուցված, իսկ թե ինչ ընթացքի մեջ է, փոխնախարարը տեղեկացրեց. «Բացի եվրապատուհաններից նաեւ ապօրինի շինարարություն է կատարվել. բնակելի կացարան է կառուցվել: Գործով արդեն իրավապահներն են զբաղվում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց փոխնախարարը:

Գործն հարուցված է վաղուց, սակայն որեւէ տեղաշարժ դեռ չի հրապարակված: Թե ովքեր մեղքի ինչ չափաբաժին ունեն, հստակեցված չէ, իսկ արդյունքում եկեղեցին է շարունակում քայքայվել:

Շուշանիկ Օհանյան

Գյումրի




Լրահոս