Շուտով Հայաստանում զենք կրելու իրավունք կվերապահվի նաեւ դատավորներին: ՀՀ արդարադատության նախարարությունը պատրաստվում է կառավարությանը ներկայացնել «Դատավորներին հաշվեցուցակային զենք եւ պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծը: Ըստ այդմ` նախագծի ընդունման դեպքում կկարգավորվեն դատավորներին հաշվեցուցակային զենք եւ պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
Բանն այն է, որ «ՀՀ դատական օրենսգրքի» սահմանադրական օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորն ունի հաշվեցուցակային զենք եւ պաշտպանության հատուկ միջոցներ պահելու եւ կրելու իրավունք: Դատավորներին հաշվեցուցակային զենք եւ պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը սահմանելու է կառավարությունը: Հիմա դատավորին պահելու եւ կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք եւ պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրվելու են ՀՀ ոստիկանության կողմից:
Անգամ զենքի տեսակները, ձեւը, մոդելը, փամփուշտների քանակը եւս սահմանելու է ոստիկանությունը: «Ժողովուրդ» օրաթերթը կառավարության որոշման նախագծից տեղեկացավ, որ ոստիկանությունը դատավորներին սովորեցնելու է զենքի հետ անվտանգ վարվելու կանոնները, ինչպես նաեւ զենքի եւ պաշտպանության հատուկ միջոցների գործադրումը: Որոշման նախագծով նաեւ սահմանված է, որ դատավորներին զենք եւ պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրվելու է Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումի հիման վրա: Ընդ որում` բացի դիմումից, դատավորը պետք է ներկայացնի նաեւ զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների, ինչպես նաեւ զենքի եւ պաշտպանության հատուկ միջոցների գործադրման ուսուցում ստացած լինելու վերաբերյալ տեղեկանք կամ դատավորի զինվորական գրքույկի պատճենը:
Իսկ ահա դատավորի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու կամ նրա լիազորությունները մահվան, նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու հիմքով դադարած լինելու դեպքերում տրամադրված զենքը եւ պաշտպանության հատուկ միջոցները դատավորի ընտանիքի անդամը մեկշաբաթյա ժամկետում պետք է հանձնի ոստիկանություն:
Նկատենք, որ այս ընթացքում ՀՀ-ում դատավորների, եւ ընդհանրապես իրավապահ համակարգի ներկայացուցիչների նկատմամբ իրենց մասնագիտական պարտականությունների հետ կապված հաշվեհարդարի փորձեր չեն եղել: Եւ հիմա կառավարության այս նախագիծը տարբեր ենթադրությունների տեղիք է տալիս: Համենայն դեպս, կառավարության որոշման նախագծի հիմնավորումների մեջ որեւէ լուրջ փաստարկ նշված չէ՝ ինչու հիմա են որոշել նման կանոնակարգումներ իրականանցել, ինչ նպատակ են հետապնդում դրանով: Միայն նշված է, թե նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է կարգավորել դատավորներին հաշվեցուցակային զենք եւ պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
Իսկ մինչ այդ, հիշեցնենք, «Զենքի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածն էլ սահմանում է զենք ձեռք բերելու իրավունք ունեցող սուբյեկտների ցանկը:
Ըստ այդմ` «Հայաստանի Հանրապետության տարածքում զենք ձեռք բերելու իրավունք ունեն՝ պետական ռազմականացված կազմակերպությունները, հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք, զենքի արտադրությամբ կամ առեւտրով զբաղվող իրավաբանական անձինք (այսուհետ՝ մատակարար իրավաբանական անձինք), զենքի հավաքածուներ կազմելով կամ դրանք ցուցադրելով զբաղվող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք, մարզական եւ որսորդական տնտեսություն վարող կազմակերպությունները, ուսումնական հիմնարկները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները»։
Պարզապես, այս ցանկում ընդգրկված սուբյեկտների մի մասը կարող է ձեռք բերել միայն քաղաքացիական զենք՝ որսորդական, գազային զենքեր, եւ միայն հատուկ դեպքերում կարող են ծառայողական կամ մարտակնա զենքի թույլտվություն ունենալ:
Արման Գալոյան