«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրիում երեկ լուրեր էին շրաջանառվում այն մասին, որ ձերբակալվել է ՇՊՀ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը: Տեղական լրատվամիջոցները եւս հաղորդել են այդ մասին: Իսկ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է տեղեկությունը. «Քրեական գործի մասով որեւէ տեղեկություն չեմ կարող հայտնել»,- ասել է դատախազը:
Պարզաբանում է տվել նաեւ Անահիտ Ֆարմանյանի իրավաբան Հովհաննես Խուդոյանը, վերջինս փոխանցել է, որ Անահիտ Ֆարմանյանը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Այն հարցին, թե կա՞ արդյոք ձերբակալման կամ կալանավորման որոշում, իրավաբանը պատասխանել է, որ դեռեւս նման տեղեկության չի տիրապետում, համապատասխան ծանուցում եւս չի եղել: «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցի հարցին ի պատասխան` պատգամավոր Սամվել Ֆարմանյանը եւս հերքել է քրոջ ձերբակալման մասին լուրը. «ո՛չ, ո՛չ, նման բան չկա»,- ասաց նա:
Գյումրիում նման լուրերի հիմք հանդիսացել է ՇՊՀ-ում արձանագրված չարաշահումների հերթական դեպքի հայտնաբերումից հետո հարուցված քրեական գործը»:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում