Չնայած Երեւանի ավագանու ընտրությունների օրը դեռեւս պաշտոնապես նշանակված չէ, սակայն թե՛ քաղաքական ուժերը, թե՛ պատկան մարմինները սկսել են նախապատրաստական ակտիվ աշխատանքները: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արդեն հստակ հրահանգ է եղել, որ պետք է ավագանու ընտրություններն անցնեն մաքուր, առանց կաշառքի կամ թաղային հեղինակությունների մասնակցության:
Օրինակ` ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն արդեն իսկ խորհրդակցություն է անցկացրել եւ համապատասխան հանձնարարականներ տվել Երեւան քաղաքի վարչության եւ ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմին: Ոստիկանության պետը շեշտեց, որ ընտրացուցակներում չպետք է լինեն մահացած մարդկանց անուններ, ինչպես եւ այլ անճշտություններ` ավելացնելով, որ առաջիկա ընտրություններն օրինականության տեսանկյունից պետք է աննախադեպ մակարդակ ունենան: «Թաղային հեղինակությունները ոչ մի կերպ չպետք է ազդեն ընտրությունների արդյունքների վրա: Եվ այս առումով ոստիկանները պետք է գործեն վստահ ու համարձակ»,- շեշտեց ոստիկանության պետը:
Բացի բուն ընտրություններին վերաբերող հանձնարարականների իրականացումից, հայտնի է, որ այժմ ուսումնասիրություններ են ընթանում` քաղաքացիների հաշվառման հետ կապված: Մասնավորապես, այս ընթացքում պարզվել է, որ որոշ քաղաքացիներ, փոխելով բնակության վայրի հասցեն, չեն ներկայանում նոր բնակության վայրում հաշվառվելու համար։ Արդյունքում, մնում են հաշվառման մեջ նախկին բնակության հասցեում, ինչը անհրաժեշտություն է առաջացնում, որ ոստիկանության ծառայողներն այցելեն բնակարաններ եւ նման դեպքեր արձանագրելու դեպքում հորդորեն սեփականատիրոջը դիմել անձնագրային ծառայություն նախկին բնակչին հաշվառումից հանելու համար։
Ինչեւէ, մինչ ոստիկանությունը սկսել է համապատասխան աշխատանքները, դեռեւս որոշված չէ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը: Եվ այժմ դեռեւս երկու ժամկետ է նշվում` սեպտեմբերի 16 եւ սեպտեմբերի 23: Իսկ մինչ օրվա հստակեցումը անհրաժեշտ է, որ Երեւանի ավագանու լիազորությունները կրճատվեն, եւ դրան համապատասխան նշանակվեն արտահերթ ընտրությունները:
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում ամրագրված է, թե ինչպես պետք է այդ ամենը տեղի ունենա: Մասնավորապես, օրենքի 17-րդ հոդվածում ասվում է, որ Կառավարությունը կարող է կրճատել ավագանու լիազորությունների ժամկետը, եթե քաղաքապետ չի ընտրվում: Սա արդեն տեղի է ունեցել, եւ դրան հաջորդում է այն դրույթը, որ ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ:
Ըստ այդմ` ավագանու լիազորությունները կրճատելու պարտականությունը վերապահված է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը:
Նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ այժմ իրենք սպասում են Ոստիկանության եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ֆինանսական ծախսերին վերաբերող տվյալների ներկայացմանը, որից հետո էլ նախագիծը կներկայացվի նախարարական կոմիտե եւ կընդգրկվի կառավարության օգոստոսի 16-ի նիստում: Այսինքն` օրենքի համաձայն` այդ օրը կկրճատվեն ավագանու լիազորությունները, եւ միաժամանակ կհայտարարվի արտահերթ ընտրությունների օրը:
Իսկ օրենքի հոդված 17-ը սահմանում է նաեւ ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետները: Մասնավորապես, ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում: Սակայն նկատենք, որ ընտրությունները պետք է անցնեն կիրակի օրը, եւ կրկին բոլոր հաշվարկները կանգնում են սեպտեմբերի 16-ի եւ 23-ի վրա: Սակայն նոր իշխանությունների հեռահար ցանկությունները հաշվի առնելով` ավելի հավանական ժամկետ շարունակում է մնալ սեպտեմբերի 26-ը: Բանն այն է, որ սեպտեմբերի 29-ին եւ 30-ին նշվելու է Երեւանի հիմնադրման 2800-ամյակը, իսկ նոր իշխանությունները ցանկանում են, որ այդ օրը քաղաքապետ ունենանք: Սակայն օրենքում նշվում է, որ արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը: Այսինքն` ընտրությունից միայն տասը օր անց ավագանին իր կազմից կընտրի քաղաքապետ: Դա էլ նշանակում է, որ եթե ավագանու արտահերթ ընտրություններն անցկացվեն սեպտեմբերի 16-ին, ապա արդեն սեպտեմբերի 26-ին ավագանին իր կազմից կընտրի քաղաքապետ, եւ արդեն Երեւանի տոնին մայրաքաղաքը կունենա իր ղեկավարը:
Ընտրական օրենսգրքում սահմանված են թեկնածուների գրանցման եւ քարոզարշավի ժամկետները: Մասնավորապես, արտահերթ ընտրությունների դեպքում թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25, եւ ոչ ուշ, քան 21 օր առաջ` մինչեւ ժամը 18.00-ն: Իսկ թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 21, եւ ոչ ուշ, քան 19 օր առաջ` մինչեւ ժամը 18.00-ն: Իսկ մեկ այլ դրույթով էլ սահմանվում է, որ նախընտրական քարոզչությունը մեկնարկում է թեկնածուների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը եւ ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ:
Նաիրա Հովհաննիսյան