Շիրակի պետական համալսարանում հայտնաբերված չարաշահումների հետքերով. ինչ է սպասվում նախկին պրոռեկտորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում երեկ լուրեր էին շրաջանառվում այն մասին, որ ձերբակալվել է ՇՊՀ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը: Տեղական լրատվամիջոցները եւս հաղորդել են այդ մասին: Իսկ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է տեղեկությունը. «Քրեական գործի մասով որեւէ տեղեկություն չեմ կարող հայտնել»,- ասել է դատախազը:

Պարզաբանում է տվել նաեւ Անահիտ Ֆարմանյանի իրավաբան Հովհաննես Խուդոյանը, վերջինս փոխանցել է, որ Անահիտ Ֆարմանյանը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Այն հարցին, թե կա՞ արդյոք ձերբակալման կամ կալանավորման որոշում, իրավաբանը պատասխանել է, որ դեռեւս նման տեղեկության չի տիրապետում, համապաստախան ծանուցում եւս չի եղել: «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցի հարցին ի պատասխան` պատգամավոր Սամվել Ֆարմանյանը եւս հերքել է քրոջ ձերբակալման մասին լուրը. «ո՛չ, ո՛չ, նման բան չկա»,- ասաց նա:

Գյումրիում նման լուրերի հիմք հանդիսացել է ՇՊՀ-ում արձանագրված չարաշահումների հերթական դեպքի հայտնաբերումից հետո հարուցված քրեական գործը: Շոշափվում էր նաեւ նախկին պրոռեկտոր Ֆարմանյանի անունը: ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանի տեղեկացմամբ` Ոստիկանության Մուշի բաժնի աշխատակիցը բաժնի պետին զեկուցագիր է գրել այն մասին, որ օպերատիվ տեղեկություններ են ձեռք բերվել ՇՊՀ-ում կատարվող մի շարք չարաշահումների վերաբերյալ: Նշվածի կապակցությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180 հոդվածով նախապատրաստվել են նյութեր: Դրանց նախապատրաստման ընթացքում կոնկրետ փաստեր են ձեռք բերվել այն մասին, որ ինստիտուտի 2010-2012թթ. ուսումնական տարիներին, որպես ուսումնական վարձավճարներ, կանխիկ հավաքագրվել է ընդհանուր 1 մլրդ 185.4 մլն ՀՀ դրամ գումար, որից 722.2 մլն դրամ գումարը մուտքագրվել է դրամարկղ, իսկ մնացած 463.2 մլն դրամը մուտքագրվելու վերաբերյալ փաստեր ձեռք չեն բերվել: Տարբերությունը կազմել է շուրջ 460 մլն դրամ: Ձեռք բերված տեղեկատվությունը ստուգելու եւ նշված գումարի ծախսման վայրը պարզելու նպատակով հարուցվել է քրեական գործ:

Բացի այդ, նյութերով պարզվել է, որ կոնկրետ 4 տարի՝ 2012-16 թվականներին, ուսանողներից, ովքեր գտնվել են ավարտական կուրսում, դիպլոմների կազմեր, միջուկներ տպելու համար յուրաքանչյուրից հավաքել են 5000-5500 դրամ՝ ընդհանուր մոտ 20 մլն դրամ: Այնինչ, նշված գումարը արդեն իսկ դուրս է գրված եղել բուհ-ի բյուջեից:

ՇՄ դատախազի ցուցումով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նշված տվյալները վերաբերում են մինչեւ 2016թ.: Այդ տարիներին ՇՊՀ ռեկտորը եղել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը:

Շուշանիկ Օհանյան

Գյումրի




Լրահոս