Հայաստանում գյուղմթերքի շուկայում որոշ ապրանքատեսակներ այս շրջանում թանկ են վաճառվում: Պատճառը ջերմաստիճանի կտրուկ բարձրացումն է, ինչի հետեւանքով թանկացել է ե՛ւ ձմերուկը, ե՛ւ լոլիկը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պահանջարկը բավարարելու նպատակով վերջին օրերին ՀՀ-ն սկսել է ձմերուկ ներկրել Ռուսաստանի Դաշնությունից:
Նկատենք, որ այս սեզոնին ձմերուկի մեկ կիլոգրամը Հայաստանի մանրածախ շուկաներում վաճառվում է 210-220 դրամով: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն տատանվում էր 80-100 դրամի սահմաններում: Բացի այս, թանկացել է նաեւ դեղձը, որի մեկ կիլոգրամը 450-500 դրամ է, նեկտարինի մեկ կգ-ն արժե 600-700 դրամ, իսկ ահա թուզի մեկ կգ` 1800-2000 դրամ: Բացի մրգից այս շրջանում սովորականից բարձր գնով վաճառվում է նաեւ լոլիկը, որի գինը 300 դրամը գերազանցում է: Այն դեպքում, երբ նախորդ տարվա այս ամիսներին 80-120 դրամով է վաճառվել:
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի խոսքերով` կոնկրետ ձմերուկի եւ լոլիկի գների բարձրացումը պայմանավորված է Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետ: Փոխնախարարը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փոխանցեց, որ վարունգի դեպքում պատկերը հակառակն է. գինը ցածր է, եւ այն շարունակաբար կսկսի նվազել:
«Իրականում կա լոլիկի եւ ձմերուկի գների բարձրացում, հատկապես ձմերուկի: Վերջին 5-10 տարիների ընթացքում մենք չէինք ունեցել նման իրավիճակ, երբ ձմերուկի մեկ կիլոգրամի գինը ավելի քան 180-200 դրամ լինի: Սովորաբար այս ժամանակահատվածում ձմերուկի գինը 80-100 դրամի միջակայքում էր տատանվում: Բայց հիմա բավականին բարձր է ձմերուկի գինը: Նաեւ այս շրջանում թանկ է վաճառվում լոլիկը, եւ այս իրողությունը ոչ ոք չի կարող հերքել: Դա պայմանավորված է հունիսի վերջերից հուլիս ամսվա ընթացքում ստվերում գրանցված բարձր ջերմաստիճանով, իսկ արեւի տակ, բնականաբար, շատ ու շատ ավելի բարձր ջերմաստիճանային ռեժիմ գրանցվեց»,- նկատեց Գառնիկ Պետրոսյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը փոխնախարարից հետաքրքրվեց` ինչն է պատճառը, որ անցած տարվա շոգերին նման երեւույթներ տեղի չունեցան: Հարցին ի պատասխան` Պետրոսյանը բացատրեց. «Այս առիթով մենք վերլուծություններ ենք կատարել եւ պարզել, որ ջերմաստիճանի բարձրացումը կտրուկ տեղի ունեցավ, ինչի ընթացքում բույսը չհասցրեց ադապտացվել: Իսկ երբ ջերմաստիճանի կտրուկ բարձրացում է տեղի ունենում, այդ պայմաններում արդեն լուրջ սթրեսի են ենթարկվում: Եւ, բնականաբար, սա պետք է իր արդյունքը ունենար ձմերուկի եւ լոլիկի ցանքատարածությունների վրա: Բոստանային մշակաբույսերը շատ զգայուն են ջերմաստիճանների նկատմամբ»: Մասնագետի խոսքերով` ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետեւանքով ձմերուկի եւ լոլիկի ցանքատարածքները բավականին տուժել են, ինչն էլ իր բացասական ազդեցությունը արդեն թողել է այս երկու մշակաբույսերի բերքատվության վրա: «Հիմա տեղական արտադրության ձմերուկով ներքին սպառման պահանջը չի բավարարվում, այս պատճառով հանրապետություն ձմերուկ է ներկվում»,- տեղեկացրեց փոխնախարարը: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ վերջին օրերին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ձմերուկ է ներկրվում: Սրա հետեւանքով առաջիկայում մանրածախ շուկայում ձմերուկի գինը փոքր-ինչ կնվազի:
Բացի ձմերուկի եւ լոլիկի գների բարձրացումից, «Ժողովուրդ» օրաթերթը փոխնախարարին փոխանցեց նաեւ խաղողի այգիներում առկա հիվանդությունների մասին գյուղացիների մտահոգությունները: Խոսքը միլդյուն եւ օիդիում հիվանդությունների մասին է:
Բանն այն է, որ բոլոր այն այգիներում, որտեղ ժամանակին կատարել են հիվանդությունների եւ վնասատուների դեմ պայքարի միջոցառումները, նման խնդիր չկա: Իսկ այն խաղողագործները, որոնք ժամանակին չեն կատարել բուժման աշխատանքերը, այս տարի խաղող չեն կարող հավաքել: Ըստ փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի` այդ գյուղացիները մեծ թիվ չեն կազմում:
«Դա առանձին տեղերում օջախային բնույթ է կրում, նույն համայնքի երկու-երեք այգեգործի մոտ կարող է նման խնդիր լինել: Դա մասսայական բնույթ չի կրում, եթե ժամանակին է կազմակերպվել պայքարի միջոցները: Այստեղ ամենակարեւորը կանխարգելիչ միջոցառումներ պետք է իրականացվեն, ոչ թե սպասեն` հիվանդությունները զարգանան այգում, հետո պայքարեն: Իսկ շատերը խնայողություն են անում, լրացուցիչ ծախսեր չեն կատարում կամ ուշացնում են եւ ժամկետում չեն կատարում այդ բուժումները, դրա համար խնդիրներ են առաջանում»,- հայտարարեց գյուղփոխնախարարը:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս տարվա հունիս ամսվա ընթացքում միլդյուն հիվանդության զարգացումներ նկատվել են Արմավիրի տարածաշրջանում, հետո դա դադարել է եւ սկսվել օիդիում հիվանդության զարգացման վտանգավոր ժամանակահատվածը: Պատճառն այն է եղել, որ գյուղացիները բուժումները ուշացրել են: Ջերմաստիճանի բարձրացումը կապ չունի այս ամենի հետ, պետք է պարտադիր կատարեն բուժումները: Այս ամենի արդյունքում տասնյակից ավել գյուղացիներ այս տարի չեն կարող խաղող հավաքել, որովհետեւ չունեն: Բայց չնայած սրան` փոխնախարարը վստահեցրեց, որ այս տարի խաղողի բավականին լավ բերք է սպասվում:
Նկատենք, որ այս օրերին երեւանյան սուպերմարկետներում եւ գյուղմթերքի առեւտրի կետերում խաղողի մեկ կիլոգրամը վաճառվում է 800-1200 դրամով: Սակայն, ըստ փոխնախարարի, բնական է, երբ այս շրջանում խաղողը թանկ գնով է վաճառվում: «Դեռ շատ վաղ է խոսել խաղողի գնի մասին: Հիմա ներքին շուկայում գերվաղահաս սորտերն են վաճառվում, ուղղակի դրանք վաղ են գունավորում ձեռք բերել եւ նոր են շուկա դուրս եկել»,- փոխանցեց մեր զրուցակիցը, ապա վստահեցրեց, որ ներքին շուկայում խաղողի դեֆիցիտ եւս չի սպասվի:
Սյունէ Համբարձումյան