Ինչպե՞ս է մոդել Լիլիթ Մարտիրոսյանը պատահաբար հայտնաբերել վոկալային տվյալներ և որոշել մուտք գործել երգարվեստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկը, գեղեցկության միջազգային մրցույթներում Հայաստանը պատվով ներկայացրած Լիլիթ Մարտիրոսյանը մտադիր է մուտք գործել երգարվեստ: Նա պատրաստվում է հանդիսատեսի դատին հանձնել իր առաջին երգը: Լիլիթը վոկալային իր տվյալները բավական ուշ է բացահայտել եւ պատահաբար: Ինչպե՞ս ստացվեց, որ գեղեցկուհին որոշեց նաեւ երգել, արդյոք դա որեւէ կերպ կխոչընդոտի՞ նրա մոդելային կարիերային, նրան կտեսնե՞նք արդյոք շոուբիզնեսում. «Ժողովուրդ» օրաթերթի այս եւ այլ հարցերին պատասխանել է ինքը` Լիլիթը:

-Լիլիթ, որքանով տեղյակ եմ, պատրաստվում եք մուտք գործել երգարվեստ, ինչպե՞ս կայացրիք այդ որոշումը: Հետաքրքիր է` շոու-բիզնեսում Ձեր տեղն ամրապնդելու ծրագրեր ունե՞ք:

-Երբ մասնակցում էի «Միսս երկրագունդ» մրցույթին, որտեղ պետք է նաեւ երգ ներկայացնեի, Կոմիտասի երգերն էի սովորում, եւ իմ վոկալի ուսուցիչը` Երազիկ Հարությունյանը, ասաց, որ օպերային երգչուհու տվյալներ ունեմ: Հետաքրքիր է, որ երբեք այդ մասին տեղյակ չեմ եղել: Այդպիսով, սկսեցի զբաղվել վոկալով, արդեն մոտ մեկ տարի է: Օրնիբուն պարապում եմ եւ պատրաստվում եմ հանդիսատեսի դատին հանձնել մի երգ փոփ ժանրում: Թեեւ այս պահին դասական ժանրում եմ պարապում, որպեսզի տվյալներս զարգացնեմ, սակայն նախընտրում եմ ներկայանալ փոփում: Անկեղծ ասած` չեմ պատրաստվում շոու-բիզնես մտնել, երգի մեջ արվեստն է ինձ հետաքրքրում: Փակագծերը դեռ չեմ բացի, պարզապես կասեմ, որ կունենամ նաեւ տեսահոլովակ: Ես, իսկապես, չգիտեմ` ինչ ընթացք կստանա իմ գործունեությունը, իմ երգերն ինչպես կընդունվեն, ինչ պահանջարկ կունենան: Չեմ կարող կանխատեսել, տեսնենք:

-Դուք երաժշտական կրթություն ունե՞ք:

-Փոքր տարիքում զբաղվել եմ երաժշտությամբ, բայց կիսատ եմ թողել: Ես ապրում էի Գյումրիում, մութ ու ցուրտ տարիներն էին, անգամ առողջական խնդիրներ էին առաջ գալիս, չշարունակեցի զբաղվել…

-Լիլիթ, չե՞ք կարծում, որ մենք շատ երգիչ-երգչուհիներ ունենք, դաշտը նեղ է, կատարողները` շատ, ի՞նչ իմաստ ունի դառնալ նրանցից մեկը…

-Եթե այդպես մտածենք, Իտալիայում այլեւս ոչ ոք պիցցա չպետք է արտադրի. չէ՞ որ Իտալիայում այդպիսիք շատ են: Յուրաքանչյուրս մեր ասելիքն ունենք, մեր ձեւով ենք դա ասում: Կյանքը շատ կարճ է, ու ամեն մեկս պետք է զբաղվենք մեզ հոգեհարազատ գործով` անկախ այն բանից, թե ինչ կասեն մարդիկ:

-Իսկ հնարավո՞ր է, որ արդյունքում մոդելային գործը տուժի:

-Չեմ կարծում. հակառակը, երգը կարող է նույնիսկ օգնել դրան:

-Մոդելային ասպարեզում Ձեզնից նորություններ սպասե՞նք: Գեղեցկության մրցույթների առաջիկայում կմասնակցե՞ք:

-Եթե մասնակցեմ, Դուք անպայման կիմանաք: Ասեմ, որ շարունակում եմ համագործակցել «Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի» նախագահ Աշոտ Խաչատրյանի հետ: Մոդելային բնագավառում եւս կլինեն նորություններ, օրինակ` նոր ֆոտոշարքեր, ցուցադրությունների մասով ակտիվություն կլինի արդեն սեպտեմբերին:

-Լիլիթ, մոդելային գործունեության մեջ ունե՞ք որոշակի սահմանափակումներ, չգրված օրենքներ:

-Այո՛, միանշանակ: Այն նախագծերը, որոնք պրոպագանդում են ծխախոտ եւ ալկոհոլ, ինձ համար չեն, հրաժարվում եմ դրանց մասնակցել: Սկզբունքորեն հրաժարվում եմ նաեւ սերիալներում նկարահանվել, թեեւ առաջարկվում են մինչեւ անգամ գլխավոր դերեր: Բայց եթե լինի հետաքրքիր գեղարվեստական ֆիլմ, սիրով կընդունեմ նկարահանվելու հրավերը: Ամեն դեպքում, ինքս իմ հանդեպ շատ խիստ եմ եւ ինքնակատարելագործվելու առիթները բաց չեմ թողնում: Վերջերս հաճախել եմ նաեւ կանանց ձեռներեցությանը, մարքեթինգին վերաբերող դասընթացների, մի խոսքով, հանգիստ չեմ մնում (ծիծաղում է):

-Ամեն դեպքում, կմեկնե՞ք հանգստի:

-Ես ծովափնյա հանգստի սիրահար եմ, ծովի խելագար: Հատկապես Կարմիր ծովն եմ շատ սիրում:Այս տարի դեռ չգիտեմ` ուր կմեկնենք ընտանիքով, բայց անպայման կհանգստանանք:

Աննա Բաբաջանյան




Լրահոս