Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին:
Վարչապետը կարևորել է ԱՄԷ-ի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը: «Ուրախ ենք, որ Ձեր երկրի գործարար շրջանակներից հետաքրքրություն է ցուցաբերվում հայաստանյան շուկայի նկատմամբ: Մեր երկրում ստեղծվում են բիզնես իրականացնելու բարենպաստ պայմաններ, կոռուպցիոն բնույթի բոլոր խոչընդոտները վերացված են և ուրախ կլինենք ակտիվացնել երկկողմ տնտեսական կապերը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Դեսպան Կասիմին վարչապետ Փաշինյանին է փոխանցել ԱՄԷ նախագահի և վարչապետի շնորհավորանքներն ու ջերմ ողջյունները և ընդգծել, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնմամբ: Դեսպանը նշել է, որ երկու երկրների միջև վերջին շրջանում մի քանի անգամ աճել են առևտրաշրջանառության ծավալները, ուղիղ ավիաչվերթների, ինչպես նաև զբոսաշրջային փոխայցելությունների թիվը և նկատել, որ ինչպես ԱՄԷ գործարար հատվածի, այնպես էլ քաղաքացիների շրջանում Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը գնալով մեծանում է:
Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ առկա է երկկողմ կապերի ընդլայնման մեծ ներուժ: Այն իրացնելու առումով կողմերը կարևորել են միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի առաջիկա նիստը տեղի է ունենալու աշնանը՝ Երևանում: Նիկոլ Փաշինյանը և դեսպան Կասիմին քննարկել են նիստի շրջանակում բիզնես ֆորումի անցկացմանը, ինչպես նաև գյուղատնտեսության, էներգետիկայի, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: