Վերաքննիչ դատարանում շարունակվում է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանների վերաքննիչ բողոքների քննությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու վերաքննիչ բողոքի քննությունը սկսվել է օգոստոսի 9-ին: Շուրջ 8 ժամ տևած նիստից հետո դատավորի որոշմամբ նիստը հետաձգվել էր և կայացվել էր այն օգոստոսի 10-ին, ժամը 14:00-ին շարունակելու որոշում:
Նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ կարճ զրույց ունեցավ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Նա նշեց, որ նիստի ընթացքում ելույթ է ունենալու մեղադրական կողմը: Ալումյանը կարծիք հայտնեց, որ դատարանն օգոստոսի 10-ին կավարտի բողոքների քննությունը, սակայն հավելեց, որ որոշումը կարող է այսօր չհրապարակվել: