Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չի մանրամասնում՝ նախկին պաշտոնյաներից ովքեր են վերադարձրել իրենց դիվանագիտական անձնագրերը: «ժողովուրդ» օրաթերթը օգոստոսի 1-ին գրավոր հարցում էր ուղարկել ԱԳՆ լրատվական ծառայություն` խնդրելով տրամադրել այն պաշտոնյաների ցանկը, ովքեր ԱԳՆ-ի կոչից հետո վերադարձրել են իրենց անձնագրերը: Սակայն ԱԳՆ-ի պաշտոնական պատասխանում հղում էր արվում «Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենք»-ին` նշելով, թե չեն կարող այդպիսի տեղեկություն տրամադրել:
«Ժողովուրդ» օրաթերթը եւս մեկ հարցում ուղարկեց նախարարություն` այս անգամ խնդրելով ներկայացնել, թե քանիսն են վերադարձրել իրենց դիվանագիտական անձնագրերը:
Երեկ ստացել ենք պատասխանը. «Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ ս.թ. օգոստոսի 8-ի դրությամբ ԱԳՆ է հանձնվել 59 դիվանագիտական անձնագրեր, եւ այդ թիվն այս պահի դրությամբ շարունակում է աճել։ Հավելենք, որ վերադարձման ենթակա դիվանագիտական անձնագրերի վերաբերյալ ԱԳՆ-ի կողմից ուղարկվել են համապատասխան ծանուցումներ։ Դիվանագիտական ծառայության մասին ՀՀ օրենքի համապատասխան դրույթների համաձայն չհանձված, ինչպես նաեւ կորած դիվանագիտական անձնագրերը ԱԳՆ հայտարարում է անվավեր»,- նշված է ԱԳՆ պատասխանի մեջ:
Դիվանագիտական անձնագրերը վերադարձնելու կոչով օրեր առաջ կայացած ճեպազրույցի ժամանակ եւս մեկ անգամ հանդես էր եկել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը եւ անուններ չհրապարակելով` նշել էր, թե իրենց կոչին արդեն կան հետեւողներ, որոնց թվում առկա են բավական բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ, պատգամավորներ, նախարարներ, նախկին նախագահի աշխատակազմի պաշտոնյաներ, որոնք արդեն վերադարձրել են իրենց անձնագրերը։
«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից եկեղեցու սպասավորներին եւս հրահանգ է եղել վերադարձնել դիանագիտական անձնագրերը: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանն էլ մեզ հետ զրույցում զարմացել էր, որ արտոնյալ են եղել եւ չեն իմացել: Արդեն ավելի ուշ տեղեկություն տարածվեց, թե դիվանագիտական անձնագիր կրելու իրավունք կունենա միայն Ամենայն հայոց կաթողիկոսը:
Նշենք, որ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 49-րդ հոդվածի համաձայն՝ դիվանագիտական անձնագիր կրելու իրավունք ունի հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, Սահմանադրական դատարանի նախագահը եւ նրանց ընտանիքների անդամները, հանրապետության պաշտոնաթող նախագահը, Ամենայն հայոց կաթողիկոսը, Սահմանադրական դատարանի դատավորները, Կառավարության անդամները, Ազգային ժողովի պատգամավորները, Անվտանգության խորհրդի անդամները, Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմիների ղեկավարները, իսկ կոլեգիալ մարմինների դեպքում՝ դրանց նախագահները, Վճռաբեկ դատարանի նախագահը, գլխավոր դատախազը, Կենտրոնական բանկի նախագահը, մարզպետները, Երեւանի քաղաքապետը, ինչպես նաեւ Արտաքին գործերի նախարարությունում եւ դրան ենթակա մարմնում պաշտոն զբաղեցնող անձինք ծառայողական գործուղումների նպատակով:
Ընդ որում` դիվանագիտական անձնագրեր տալու եւ վերցնելու կարգի համաձայն՝ պաշտոնավարման ավարտից հետո համապատասխան պաշտոնատար անձինք իրենց դիվանագիտական անձնագրերը տասնօրյա ժամկետում անձամբ կամ իրենց ներկայացուցիչների միջոցով հանձնում են հյուպատոսական վարչություն` ի պահ:
Նաիրա Հովհաննիսյան