Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին նախօրեին իր հարցազրույցում անդրադարձել է հայաստանյան իրադարձություններին: «Ես շատ ուրախ եմ Փաշինյանի համար, կարծում եմ, որ նա ամեն ինչ ճիշտ է անում: Միակ բանը, որ նա պետք է անի, փոխի համակարգը: Այսինքն` նրա հրամանները հին իրավապահները դեռ կատարելու են, բայց նրանք պատերազմ են պատրաստելու իր դեմ: Ես վստահ եմ, որ Պուտինը ցանկանում է զրկել նրան իշխանությունից… Փաշինյանը պետք է ժամանակին ցրեր խորհրդարանը: Դեռ ուշ չէ: Նա պետք է ամբողջությամբ փոխի իրավապահ համակարգը, որովհետև նրա հաջողությունը շատ կարևոր է մեր բոլորիս համար»,- ասել է Սահակաշվիլին ու հավելել, որ Փաշինյանը պետք է արագ բարեփոխումներ իրականացնի: «Նա չունի մեկ տարի, 1,5 տարի, 2 տարի: Քանի դեռ կա ժողովրդի էներգիան, այն պետք է օգտագործել: Թող սովորի մեր սխալների վրա: Թող իր սխալները չգործի, քանի որ նրա հաջողությունից կախված է մեր բոլորի հաջողությունը»,-ասել է նա: Այս թեմայի շրջանակներում «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է վրաց քաղաքագետ Գելա Վասաձեի հետ։
֊Պարո՛ն Վասաձե, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հույս է հայտնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կրկնի իր սխալները։ Ի՞նչ է սա նշանակում։
֊Գիտեք՝ բանն ինչ է` բավական տարբեր վիճակներ են այն վիճակը, որում գտնվում էր Վրաստանը, եւ որում հիմա Հայաստանն է։ Գլխավորն, ինչ ասել է Սահակաշվիլին, պետք է արագ բարեփոխումներ անել։ Շատ կարճ ժամանակ կա։ Այս ժամանակահատվածը չպետք է բաց թողնվի, չնայած ես կարծում եմ՝ արդեն բաց է թողնվել՝ ի տարբերություն Սահակաշվիլու։ Երբ հայտնի գրողին հարցրել են, թե որ ժամանակահատվածից պետք է սկսել երեխայի դաստիարակությունը, նա հարցրել է՝ երեխան երբ է ծնվել, երբ ասել են՝ 3 ամիս առաջ, նա նշել է՝ ուրեմն Դուք 3 ամսով ուշացել եք։ Արդեն հիմա ժամանակը կորսված է։ Շատ կարեւոր է կոռուպցիայի դեմ պայքարը, շատ կարեւոր է, որ այժմ Հայաստանում տնտեսական դաշտի վերաձեւավորում է տեղի ունենում, բայց դրանք պետք է ուղեկցվեն կոնկրետ բարեփոխումներով։ Դրանք ներառում են մարդկանց բանտերում նստեցնելու հարցը, տնտեսական ոլորտի փեփոխությունները։ Փաշինյանն այսօր մարդկանց նստեցնելու գործն է ստանձնել, իսկ ով է բարեփոխումներ իրականացնում։ Ուր են համակարգային կոնկրետ բարեփոխումները։
֊Կարծո՞ւմ եք՝ Փաշինյանն արդեն երեք ամսով ուշացել է՝ բարեփոխումների հարցում։
֊Ես կարծում եմ՝ Փաշինյանն ուշացել է այն պահից, երբ իրեն ընտրեցին վարչապետի պաշտոնում։
֊Իսկ այն, ինչ մինչեւ այսօր նա իրականացրել է կոռուպցիայի դեմ պայքարի եւ իրավական դաշտին ազատություն տալու հարցում, սա էլ կարեւոր գործոններից չէ՞։
֊Դա կարեւոր է, շատ կարեւոր է։ Բայց դա քիչ է։
֊Իսկ ավելին անելու պոտենցիալ Փաշինյանի մեջ Դուք տեսնո՞ւմ եք։
֊Իհարկե, տեսնում եմ։ Նա հասարակության կողմից անսահման վստահություն է վայելում։ Ես այդպիսի վառվող աչքեր եւ այդպիսի հավատ Հայաստանում չէի տեսել երբեք։ Հիմա Փաշինյանին հավատում է ամբողջ ժողովուրդը՝ լրագրողներից, գրողներից, քաղաքագետներից սկսած մինչեւ հասարակ, աշխատավոր ժողովուրդ։ Եվ այդ ռեսուրսը խիստ սահմանափակ է ժամանակի մեջ։ Փաշինյանի թիմը դա պետք է հասկանա։ Եվ ժամանակը կորցնելու դեպքում կարելի է կորցնել ամեն ինչ։ Եվ Սահակաշվիլին երբ խոսել է այս մասին, նա հենց դա նկստի ուներ։ Նա էլ շատ ժամանակ կորցրեց։ Նա էլ կարող էր շատ ավելին անել, քան արեց։ Բայց տա Աստված, որ արվի այն, ինչ ծրագրված է։
֊Այսինքն, եթե բարեփոխումներ չարվեն, ի՞նչ կլինի:
֊ Այդ դեպքում իշխանությունը կորցնելն անխուսափելի է։ Սոկրատին երբ հարցրին՝ ամուսնանալ, թե ոչ, նա ասաց` անպայման ամուսնացեք, եթե պատահի լավ կին, դու երջանիկ կլինես, եթե վատ կին, իմաստուն կդառնաս։ Այնպես որ, անպայման կկորցնի իշխանությունը։ Բայց հարցն այն է, թե ինչպես նրանք հետո կմտնեն պատմության մեջ։ Շատ կարեւոր է, որպեսզի Փաշինյանի թիմի քաղաքական ամբիցիաներն ավելի բարձր լինեն, քան նրանց ֆինանսական ամբիցիաները։
Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ