Իջևանում անասնաբույժի հաստիք կավելացվի. որոշում ավագանու նիստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւան համայնքի ավագանին 2018թ. օգոստոսի 7-ի նիստում որոշում է ընդունել «Իջեւանի քաղաքային կոմունալ ծառայություն» հիմնարկում ավելացնել անասնաբույժի հաստիք: Համայնքապետարանին առաջարկվել էր հաստատել ծառայությունների գնացուցակ վճարովի անասնաբուժական ծառայություններ մատուցելու համար: Սակայն համայնքի ավագանին նպատակահարմար է գտել, որ անասնաբույժը ծառայությունները մատուցի անվճար հիմունքներով, որպես հաստիքային աշխատող:

Իջեւանի քաղաքային կոմունալ ծառայության հիմնարկում անասնաբույժի հաստիքի ավելացումը իջեւանցիների տարակուսանքն է առաջացրել: Իջեւանի քաղաքապետարանից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ հաստիքը ստեղծվել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի 2018թ. ապրիլի 12-ի հանձնարարականի հիման վրա, որ համայնքը պարտավոր է ապահովել անասնաբուժական գործունեության կազմակերպում համայնքը սպասարկող, հաստիքով աշխատող անասնաբույժի միջոցով: Իջեւան քաղաքային համայնքում առկա է 1221 խոշոր եղջերավոր անասուն, 778 խոզ, 160 ոչխար, այլ գյուղատնտեսական կենդանիներ ու թռչուններ:

«Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով համայնքը սպասարկող անասնաբույժն իր կողմից սպասարկվող համայնքի տարածքում պարտավոր է կատարել անասնահակահամաճարակային տարեկան միջոցառումների պետական ծրագրում ընդգրկված կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ պատվաստումներ, ախտորոշման նպատակով արյունառում, այլ անասնաբուժական միջոցառումներ: Ավագանու որոշմամբ` Իջեւան համայնքի անասնաբույժ Խաժակ Բաղդասարյանի աշխատավարձը սահմանվել է կես դրույք, նրա աշխատավարձի չափը սահմանվել է 36 հազար 371 դրամ: Նման ցածր աշխատավարձով անասնաբույժը բարեխիղճ կկատարի՞ իր պարտականությունները: Մեր հարցին ի պատասխան` Իջեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Բորիս Թանանյանը պատասխանեց, որ Խաժակ Բաղդասարյանը ներկայումս էլ անասնաբուժական ծառայությունում է աշխատում, դրա համար պետության կողմից վարձատրվում է:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս