Գյումրու փողոցները` քանդված վիճակում. Սամվել Բալասանյանի խոստումները հօդս ցնդեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սամվել Բալասանյանի խոստումները` Գյումրին շինհրապարակի վերածելու մասին, կարծես հօդս ցնդեցին: Մի շարք փողոցներում շինարարությունը մեկնարկեց, բայց տեղաշարժ չկա: Բնակիչները բողոքում են: Առավել բորբոքված են ծայրամասային թաղամասերի բնակիչները, քանի որ այդ փողոցները ծրագրերում ընդհանրապես ընդգրկված չեն: Մոռացված Բուլվարային թաղմասի բնակիչներն այլեւս սպասել չեն ուզում, պատրաստակամ են բողոքի ձայնը տեղ հացնել ցույցերի միջոցով:

Ծայրամասային թաղամասերում ճանապարհները շատ վաղուցվանից չեն նորոգվել, մասնակի փոսալցումներ բնակիչներն են անում. «Ընտրությունից ընտրություն են գալիս: «Բագավաճը» խոստումը տալիս գնում է, «Հանրապետականն» է գալիս, ու մինչ հաջորդ ընտրություն պաշտոնյաների դեմքերը այլեւս չենք տեսնում»,- ասում էր «Անի» թաղամասի բնակիչներից մեկը, մյուսն էլ ավելացնում է. «Շատ ենք ուզում Սամվել Բալասանյանը մի օր իր մեքենայով գա ու տեսնի` այստեղ ինչ վիճակ է, մեզ շատ հետաքրքիր է` մեր քաղաքապետը տեղյա՞կ է, որ Գյումրիում կա Բուլվարային թաղամաս: Ո՛չ մեռածի կատաֆալկեն կմտնի, ո՛չ հարսնիքի լիմուզինը, ու սա քաղաք է կոչվում»:

Նույն իրավիճակն է ծայրամասային մյուս թաղամասերում: Երկրոդական փողոցները գնալով անանցանելի են դառնում: Էլ չենք ասում այն մասին, որ ուշ ժամերին լուսավորության խնդիր կա:
Բարվոք չէ նաեւ Գյումրիի կենտրոնական փողոցների վիճակը: Շինարարությունը մեկնարկել է, բայց առաջ չի գնում: Այս տարի Գյումրիում ճանապարհաշինությունը իրականացվում է 4 ուղղությամբ՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ, Համաշխարհային բանկ, ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամ, Գյումրի համայնքի միջոցներ:
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի 23,8 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային-վարկային ծրագրով նորոգվում է Կոմիտաս փողոցը: Այդ ծրագրով կառուցվելու են Վ. Սարգսյան, Գերցեն, Նժդեհ, Կոմիտաս, Սայաթ-Նովա փողոցները, Անի թաղամասը Մուշ թաղամասին կապող փողոցը, Ջիվանու փողոցը` Շիրազի փողոցից մինչեւ Ռուսթավելի փողոց, Ղորղանյան փողոցը` Շիրազի փողոցից մինչեւ Ռուսթավելի փողոց, Վարպետաց փողոցը` Շիրազից Ռուսաթավելի փողոց, Աբովյան փողոցը` Շիրազից Ռուսթավելի, Տիգրան Մեծ պողոտան, Երեւանյան խճուղին, Շ. Ազնավուրի, Նժդեհի, Հայուհու հրապարակները:
Համայնքի բյուջեով վերականգնվող փողոցներն են Հակոբյան փողոցը` Ռուսթավելի փողոցից Շիրազի փողոց, Ղուկասյան փողոցը`

Ռուսաթավելի փողոցից Գորկու փողոց, Մադոյան փողոցը` էլցանցից Գորկու փողոց, Գործարանային նրբանցքը, Նեկրասով փողոցը, Մուշ թաղամասի հրապարակը, Սեւյանի առաջին նրբանցքը:
Համաշխարհային բանկի միջոցներով վերանորոգվելու են Շիրազի փողոցը, ընդհանուր նախնական ծախսը 344,6 մլն դրամ է` ներառյալ ԱԱՀ-ը. այս գումարը ներառում է շինարարական աշխատանքները, լուսավորությունը, ճանապարհային նշանները, նաեւ այլ ծախսեր` տեխնիկական հսկողությունը, հեղինակային հսկողությունը, նախագծանախահաշվային աշխատանքները, փորձաքննությունը, շինարարական թույլտվությունը: Նորոգվելու էր նաեւ Ղորղանյան, Ջիվանու, Վարպետաց, Գայի փողոցը, Աբովյան փողոցը, Վարդանանց հրապարակը, Ջիվանու հրապարակը:

Այս ամենն իրականացվում է Կումայրի պատմական կենտրոնի վերականգնման ծրագրի շրջանակում, նույն այս ծրագրի արդյունքում նոր շունչ ստացավ Ռուսթավելի փողոցը:

Աշխատանքների ընթացքից բնակիչները դժգոհում են: Գումարները գալիս են, բայց թե ուր են գնում, հայտնի չէ: Վերջին օրերեին ահազանգ եղավ, որ Գյումրու Հակոբ Հակոբյան փողոցի նորոգման աշխատանքներն օգտագործված շինանյութով են իրականացվում: Գյումրու համայնքապետարանից «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պարզաբանեցին, որ նշված փողոցը նորոգվում է համայնքային բյուջեի միջոցների հաշվին, մայթերի նորոգում նախատեսված չէ. գումար չկա, ուստի այլ փողոցներից հանված եւ օգտագործման համար պիտանի բազալտից եզրաքարերով են փորձում խնդիրը լուծել: Համայնքի բյուջեից շուրջ 170 միլիոն դրամի հիմնանորոգում է արվում Գյումրիում, ընթացիկ նորոգումները 120-125 միլիոն դրամ կկազմեն:

Թե ինչու են աշխատանքները դանդաղում, պատասխանատուները չեն պարզաբանում: Ֆինանսական հաշվետվություն ստանալ էլ դեռեւս չի հաջողվում: Գյումրիում Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ մեկնարկած փողոցների շինարարական աշխատանքներում արդեն խնդիրներ են ի հայտ եկել: Կոմունիկացիաներն անցկացվել են այն նախագծի շեղմամբ: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը խորհրդակցություն էր հրավիրել հասկանալու, թե ինչպես են լուծելու ծագած խնդիրները: Բալասանյանն ինքն էլ հանդիպումներից մեկի ժամանակ հայատարարեց, որ թերություններ կան:
Խնդիրներ կան նաեւ այլ ենթակառույցների հետ: Լույս, ջուր, գազ, կապ աշխատանքներն ի սկզբանե ծրագրված էր այնպես իրականանցել, որ հետագայում քանդելու խնդիրներ չառաջանային: Սակայն հիմա էլ պարզ է՝ թերություններն անխուսափելի են:

Գյումրիի պատմական միջուկի փողոցների շինարարությունը նախատեսվում էր ավարտել մինչեւ այս տարվա դեկտեմբերի 7-ը. նման խոստում հնչել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ժամանակ, քանի որ նա Ռուսթավելի փողոցում հյուրանոցառեստորանային համալիր էր ձեռք բերել: Սակայն մինչ հիմա շինարարները սպասում են կոմունիկացիոն աշխատանքների ավարտին:

Շուշանիկ Օհանյան
Գյումրի




Լրահոս