Քաղաքապետն ու ավագանու անդամները` պայքարի մեջ. ինչ է կատարվում Արտաշատում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է` Արտաշատի քաղաքապետարանի աշխատանքը պարալիզացված է: Արտաշատ համայնքի ավագանու 13 անդամներից 9-ը չեն մասնակցում ավագանու նիստերին եւ բոյկոտում են: Նրանք պահանջում են ՀՀԿ-ական քաղաքապետ Կարեն Բենիամինյանի հրաժարականը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արտաշատի ավագանու նիստերն ավելի քան երկու ամիս է` չեն կայանում: Արտաշատի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից պարզ է դառնում, որ այս տարեսկզբից գումարվել է ընդամենը երեք նիստ, որից երկուսը` արտահերթ: Ավագանու անդամ Հերիքնազ Նազարյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ մայիսի 21-ին հրավիրված է եղել ավագանու նիստ, սակայն անդամներից 9-ը բոյկոտել են չմասնակցելով: Ավագանու անդամները միաբերան հայտարարում են` «Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը չի աշխատում»:

«Մենք հիմնավորում ենք մեր բոյկոտը: Նախ գտնում ենք, որ ինքը քաղաքապետ չի ընտրվել լեգիտիմ պայմաններում, միակն է եղել, ոչ թե նրա համար, որ այլ թեկնածու չի եղել, այլ մյուսներին արգելել են առաջադրել իրենց թեկնածությունները: Ես 25 տարի ընտրական գործընթացների մեջ եմ եղել, բայց քաղաքապետի վերջին ընտրություններին աննախադեպ ցածր մասնակցություն է եղել, ընդամենը 22 տոկոս: Այսպիսի մասնակցություն չի եղել երբեւէ, Արտաշատը ակտիվ համայնք է: Վերահսկողություն չկար, դեռ հայտնի էլ չէ, թե այդ 22 տոկոսի քանիսն է իրական եղել»,- նկատեց ավագանու անդամ Հ. Նազարյանը:
Նա մեզ հետ զրույցում բողոքեց նաեւ լճից տարածվող անտանելի հոտից: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին դիմել են նաեւ Արտաշատի բնակիչները: Նրանց խոսքերով` մաքրման աշխատանքների ուշացման պատճառը ավագանու բոյկոտվող նիստներն են: Իսկ քաղաքապետը առանց ավագանու անդամների չի կարող որոշում ընդունել:

«Մենք չենք տեսնում նրա կատարած աշխատանքը, Արտաշատում ոչինչ չենք տեսնում փոխված: Արտաշատը աղբի մեջ կորած է, քաղաքի լճի մոտ 5 րոպե կանգնել չի լինում: Բայց նման խնդիր երբեւէ չի եղել: Արտաշատում ամառներ եղել են, լիճը դրանք տեսել է, մաքրվել է, բայց այդպես աղտոտված չի մնացել, ինչպես այս օրերին»,- լրացրեց ավագանու անդամը:
Ավագանու մեկ այլ անդամի` Գաբրիել Պողոսյանի պատմելով` ինքը մյուս անդամների հետ միասին մի քանի օր առաջ շրջայց է կատարել քաղաքի մանկապարտեզներով եւ արձանագրել բազմաթիվ թերություններ, աշխատանքի բացթողում: «Մի բնագավառ չկա, որտեղ ինքը առաջընթաց գրանցած լինի: Ինքը վատ մարդ չէ, վատ ընկեր չէ, անձնական որեւէ խնդիր չունենք իր հետ: Ինքը որպես մարդ-ընկեր տեսակ շատ լավն է, բայց չի կարողանում աշխատել: Ինքը մշտապես խոստանում է, որ կաշխատի, բայց երբ հարցեր, խնդիրներ եմ դնում իր առջեւ, բայց հաջորդ օրը չի կարողանում անել, որովհետեւ ինքը չի որոշումներ կայացնում»,- «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց Հերիքնազ Նազարյանը:

Նշենք, որ ներկայիս քաղաքապետը Արարատի մարզում Հանրապետական կուսակցության մարզային կառույցի երիտասարդական թեւի առաջնորդն է: Արտաշատի բնակիչների շրջանում տեսակետ է շրջանառվում, որ Կարեն Բենիամինյանը այս պաշտոնին նշանակվել է Արայիկ եւ Արամայիս Գրիգորյան եղբայրների անմիջական օգնությամբ. «Ցանկացած արտաշատցու կանգնեցնեք, հարցնեք, կպատասխանեն, թե ով է քաղաքապետի որոշումները իրականում ընդունում»,- ասում են բնակիչները: Արտաշատի ավագանու անդամ Գոռ Նազարյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ քաղաքապետին եւ նիստերը բոյկոտելու հարցով հանդիպել են Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ, սակայն մարզպետը որեւէ բան չի խոստացել, քանի որ չի կարող միջամտել այս հարցին: Ավագանու նիստերը բոյկոտող անդամները քաղաքապետի նախընտրած թեկնածու չունեն: Բայց չնայած այս ամենին` Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը չի պատրաստվում հրաժարական տալ. «Ո՛չ, հրաժարական չեմ տալու, ես ընտրված եմ ժողովրդի կողմից, իմ ժողովրդի կողքին եմ, ծառայելու եմ ժողովրդին»:
Իսկ անդամների` ավագանու նիստերը բոյկոտելու հետ կապված հայտարարեց, որ քաղաքապետարանը շարունակում է իր ամենօրյա աշխատանքը: «Շատ հստակ մենք մեր քայլերն ենք անում, մենք մեր աշխատանքին ենք: Ավագանու նիստի ժամանակը կգա, նորից հերթական նիստ կհրավիրենք, այդ ժամանակ կերեւա: Քաղաքը աղբի մեջ կորած չէ, ամենօրյա աշխատանքներ ենք անում: Ըստ օրենքի կետի` կշարժվենք առաջ, ժամանակը կգա, կհայտարարենք»,- հայտարարեց քաղաքապետը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս