«Ժողովուրդ» օրաթերթի բլից հարցերին պատասխանել է Երեւանի Ս. Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնի դերասան, ռեժիսոր Գագիկ Մադոյանը, ով հայտնի է նաեւ մի շարք հեռուստասերիալներից եւ ֆիլմերից: Նա անդրադարձել է իր սիրելի ժապավենին, կին-տղամարդ հարաբերություններին, պատասխանել է, թե կնոջ հետ ծանոթանալիս ինչն է առաջնային իր աչքը ծակում, պատմել է, թե ինչպիսին է սիրո հարցում: Դերասանը նաեւ նշել է, թե մինչեւ հիմա ինչի համար ինքն իրեն չի ներում եւ թե ինչպես է վերաբերվում անտարբեր մարդկանց:
-Գագիկ, Ձեր անունը դրել են ինչ-որ մեկի պատվի՞ն:
-Ո՛չ, ուղղակի ծնողներիս որոշումն է եղել անվանակոչել ինձ այդպես:
-Ձեր կյանքի ներկայիս կարգախոսը:
-«Պայքարել եւ աշխատելով առաջ շարժվել»:
-Մարդ, որին առանձնակի ակնածանքով եք վերաբերվում:
-Սոս Սարգսյանը:
-Երեք բան, որ փողով չեք գնի:
-Գիտելիք, իսկական սեր եւ ընկերություն:
-Երբ հանդիպում եք անտարբեր մարդկանց…
-Նրանք ինձ չեն հետաքրքրում, ուստի սովորական եմ վերաբերվում:
-Շարունակեք միտքը. «Նա, ով իսկապես քոնն է…»
-Միշտ կլինի քո կողքին:
-Մինչեւ հիմա ինքներդ Ձեզ չեք ներում, որ…
-Այդպիսի պատճառ չկա, չնայած իմ ներելն այնքան էլ կարեւոր չէ, որքան Աստծունը: Բնականաբար, ունեմ մեղքեր:
-Ձեզ սովորաբար դավաճանում են նրանք, ովքեր...
-Ես առիթ չեմ տալիս, որ ինձ դավաճանեն, ոչ էլ ես եմ դավաճանում. դա համարում եմ ամենածանր մեղքը:
-Ըստ Ձեզ` Ձեր դեմքին առանձնահատուկ գրավչություն է հաղորդում…
-Իմ ժպիտը:
-Շարունակեք միտքը. «Եթե ուզում եք, որ Ձեզ գժի նման սիրեն…»:
-Դուք էլ պետք է նույն կերպ սիրեք:
-Եթե ունենայիք բացառիկ շանս, ո՞րը կընտրեիք` կախարդական փայտի՞կ, թե՞ անտեսանելի լինելու հնարավորություն:
-Կցանկանայի լինել անտեսանելի, չերեւալ շատ տեղերում, հանգիստ ապրել, հետաքրքրության համար հայտնվել ինչ-ինչ տեղերում:
-Ձեզ ոչինչ չի կարող ետ պահել Ձեր նպատակից, բացի..
-Մահից: Իհարկե համաձայն չեմ, որ նպատակը արդարացնում է միջոցները, ազնիվ նպատակի մասին է խոսքս:
-Ձեր սիրելի ֆիլմը: Ժապավեն, որ ամենաշատն է տպավորել:
-Ռուբեն Մամուլյանի «Դոկտոր Ջեքիլը եւ միստեր Հայդը» (1932). դա հոլիվուդյան պատմության մեջ էպոխային ֆիլմ է, շատ լավ, հանճարեղ գործ է:
-Երբ մեկն ազդում է Ձեր նյարդերի վրա…
-Ժպտում եմ: Իմաստ չունի ինչ-որ բան փորձել փոխել կամ ապացուցել: Պետք է հանգիստ տանել ամեն ինչ:
-Դուք մարդկանցից մեկ բան եք ուզում..
-Որ իրար լսեն ու հասկանան: Ուզում եմ` մարդկանց մոտ հումորի զգացումը չկորչի: Աշխարհի բոլոր պատերազմները, տեռորիստական գործողություններն ու ողջ թշնամանքը հումորի բացակայության պատճառով են լինում:
-Սիրո հարցում Դուք միշտ եղել եք…
-Նվիրված, ռոմանտիկ եւ համառ, բայց որոշ դեպքերում եղել եմ զիջող` հասկանալով, որ անիմաստ է անլուծելի բաների դեմ պայքարել:
-Երբ հանդիպում եք կնոջ, առաջինը Ձեր աչքը ծակում է…
-Բնականաբար, արտաքինը: Ինձ համար գեղեցկությունը ճշմարտության պես բան է: Հետո արդեն ուշադրություն եմ դարձնում նրա ինտելեկտին: Պաշտում եմ խելացի կանանց: Նրանք կարող են արտաքնապես գեղեցիկ չլինել, բայց գիտելիքն ու ինտելեկտը նրանց գրավիչ դարձնի:
-Շարունակեք միտքը. «Եթե մարդուն դադարում ես կարոտել, ուրեմն…»
-Նա քեզ համար սովորական երեւույթ է:
-Երգ, որն, ըստ Ձեզ, անմահ է:
-Ես կառանձնացնեի ոչ թե մի երգ, այլ ամբողջ օպերային արվեստը, որը բեմական արվեստի գլուխգործոցն է:
-Մարդն ապրում է, քանի դեռ…
-Զգում է:
Աննա Բաբաջանյան