Մինչ Անահիտ Ֆարմանյանին հետախուզում են, նրա պատգամավոր եղբայրն արձակուրդն է վայելում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում կատարված բացահայտումներից հետո:

Ոստիկանության լրատվական ծառայությունից երեկ հայտնեցին, որ ոստիկանությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել բարձրագույն ուսումնական հաստատության աշխատակիցների կողմից հանցակցությամբ և պաշտոնական դիրքն օգտագործելով՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափով գումար հափշտակելու վերաբերյալ: Նախապատրաստված նյութերի հիման վրա Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է տարածքային նախաքննական մարմնին՝ հետագա քննության: ԲՈՒՀ-ի նախկին պրոռեկտոր 45-ամյա Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ոստիկանության ծառայողները ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ նրան հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ:

Նշենք, որ Անահիտ Ֆարմանյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն է: Եվ մինչ ԲՈՒՀ-ում տեղի ունեցած բացահայտումների մասով պաշտոնական տեղեկության հրապարակումը, այս թեմային սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել էր պատգամավորը և գրել.

«1. Փաստաբանների կողմից հրապարակման մեջ բերված տեղեկությունները պաշտոնական ճշտման փուլում են։ Մինչև լուրի պաշտոնական խողովակներով ճշտումը, իմ կողմից որևէ արձագանք և քաղաքական գնահատական չի լինելու (ավելորդ է ասել, նաև քրոջս կողմից, ով հարուցված «գործի» հետ կապ ունի այնքանով, որքանով իմ հարազատ քույրն է)։ Էս մասին դեռ շա՜տ ենք խոսելու։

2. Ես գտնվում եմ պաշտոնական արձակուրդում։ Եթե մինչ արձակուրդիս ավարտը՝ օգոստոսի 13-ը, ինձ ևս մեղադրանք չառաջադրվի և ԱԺ-ն շրջանցելով չկալանավորվեմ (օրինակ, 1926 թ. ընդունված ՍՍՀՄ Քրեական օրենսգրքի 58.1 հոդվածով՝ հակահեղափոխական գործունեություն ծավալելու համար), ապա կհանդիպենք մամուլի ասուլիսում։

Հ. Գ. Ողջամտությունը, տղամարդկությունն ու հայրենասիրությունը ավելի շուտ կարող են մտազուգորդվել այս կրկեսի նախաձեռնողների ու կատարողների ազգանունների, անկախ իրենց քաղաքական ու այլ երանգներից, քան՝ հանցագործություն եզրույթը Ֆարմանյան ազգանվան հետ»։

Եվ ահա նրա այս գրառումից հետո չարաշահումների մասին պաշտոնական տեղեկություններ հրապարակեցին թե Ոստիկանությունը, թե Հատուկ քննչական ծառայությունը: Սակայն ՀՀԿ-ական պատգամավորը կրկին չի ցանկանում որևէ կերպ մեկնաբանել իր քրոջ հետ կապվող պատմությունը: Երեկ, երբ ArmLur.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ պատգամավորից, նա նշեց, թե հիմա չի մեկնաբանելու: «Չեմ մեկնաբանում»-, – նշեց պատգամավորը:




Լրահոս