Այսօր վաղ առավոտից Արտաշատում բողոքի ակցիա էր: Բողոքում էին փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները: Նրանք փակելով իրենց խանութները հավաքվել էին Պետական եկամուտների կոմիտեի` Արտաշատի մասնաճյուղի դիմաց եւ իրենց խոսքով ասած, պահանջում էին դադարեցնել հարկային տեռորը:
Ընդ որում, գնալով բողոքող առևտրականների թիվն ավելանում է: Քիչ առաջ բողոքող ձեռնարկատերերին մոտեցավ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա վստահեցրեց, թե հնարավորության սահմաններում կմեղմացնեն վարչարարությունը:
«Ծառայողական քննություն անցկացնելու հիմքեր եմ ես տեսնում: Արխային գնացեք, խանութները բացեք, աշխատեք: Ցանկացած ահազանգի դեպքում զանգահարեք ինձ կամ պարոն Մաշադյանին»,- ասաց Դավիթ Անանյանը:
ՊԵԿ նախագահն առեւտրականներին հայտնեց, որ սեպտեմբերին Հարկային օրենսգրքում փոփոխություններ կարվեն, որից հետո շատ խնդիրներ արագ լուծում կստանան: