Վերաքննիչ դատարանը քիչ առաջ բավարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը` նրան ազատ արձակելով դատարանի դահլիճից։ Նրա փաստաբաններից Ռուբեն Սահակյանն այսպես էր մեկնաբանել նրա ազատ արձակումը:
«Դատարանը հրապարակեց որոշման եզրափակիչ մասը և հայտարարեց, որ բավարարում է պաշտպանների բողոքը, վերացնում է առաջին ատյանի դատարանի որոշումը, հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է՝ օգտվում է անձեռնմխելիության իրավունքից», – դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը:
Նրա խոսքով, չի կարող անձը ենթարկվել քրեական պատասխանատվության` իր պաշտոնավարման ժամանակ և պաշտոնավարումից հետո, եթե իր գործողությունները բխել են իր կարգավիճակից:
«Եթե անձեռնմխելիության հարցն այդպես լուծվեց, ապա մյուս հարցերին չպետք է անդրադառնա: Քոչարյանն արդեն դուրս է եկել դատարանից և մեկնել»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը: Երկրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում, դրանք որակելով քաղաքական հետապնդում և վենդետա։