Տեղի ունեցածն իշխանության կողմից արված ճարահատյալ և կոպիտ մի փորձ էր. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես գիտեք, այսօր ժամը 12:00, «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնում պետք է կայանար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, որին հրավիրված էին հայաստանյան բոլոր ԶԼՄ-ները: Ակնկալվում էր, որ ասուլիսի ընթացքում պետք է արվեին կարևոր քաղաքական հայտարարություններ և տրվեին բազում հարցերի պատասխաններ: Սակայն մի խումբ մարդիկ, ովքեր հանրությանը քաջածանոթ են որպես մերձիշխանական ակտիվիստներ և Նիկոլ Փաշինյանի մտերիմներ և զինակիցներ, խանգարեցին դրա անցկացմանը և տեսախցիկների առաջ էժանագին բեմականացում խաղարկեցին` ներկայանալով որպես «զայրացած ժողովուրդ»:

Սոցիալական ցանցերում ու մամուլում արդեն հայտնվել են հիմնական «դերասանների» անունները, և նրանց ով լինելը տեղի ունեցածի պատվիրատուի մասով որևէ կասկած չի թողնում:

Այսօրվա` լավ ծրագրավորված և կազմակերպված միջադեպը կարելի էր գնահատել որպես մանր խուլիգանություն և մեծ ուշադրություն չդարձնել դրան: Պարզ է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այսպես թե այնպես, նոր ասուլիսի կամ հարցազրույցի միջոցով կհրապարակի իր տեսակետները քաղաքական ամենաարդի հարցերի վերաբերյալ:

Սակայն, հարկ ենք համարում շեշտել, որ տեղի ունեցածն, ըստ էության, իշխանության կողմից արված ճարահատյալ և կոպիտ մի փորձ էր` խոչընդոտելու քաղաքական ընդդիմախոսներին ազատ արտահայտվելու և հանրության հետ լրատվամիջոցների օգնությամբ շփվելու հնարավորությունը:

Սա ոչ այլ ինչ է, քան այլախոհության բիրտ ճնշում կամ` ինչպես վերջերս ասել էր հայտնի քաղաքական գործիչներից մեկը` մտքի տեռոր:

Այսօրվա միջադեպը, կարծես, եկավ հաստատելու քաղաքական դաշտում և հանրության շրջանում օրըստօրե ուժգնացող այն մտավախությունները, որ նոր իշխանությունները չեն հանդուրժում այլախոհությունը և ունակ են քաղաքական հետապնդումներ իրականացնել ընդդիմախոսների նկատմամբ:

Հատկապես նրանց, ում քաղաքական կշիռն ու հեռանկարներն իրենց համար լուրջ անհանգստությունների առիթ են հանդիսանում:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ




Լրահոս